Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը կարծում է, որ սփյուռքի 95 տոկոսը այս կամ այն պատճառով որեւէ մասնակցություն չունի սփյուռքի ու Հայաստանի կյանքին՝ պարփակված լինելով ինքն իր մեջ։ Նա կարծում է, որ Սփյուռքի նախարարության փոխարեն ստեղծվելիք կառույցի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի այդ մարդկանց հետ համագործակցությունը:
– Պարոն Հակոբյան, երբ հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ իշխանությունները մտադիր են լուծարել սփյուռքի նախարարությունը, բողոքի ալիք բարձրացավ, չնայած նախարարության ստեղծումն էլ դժգոհությունների տեղիք էր տվել։ Ձեր դիտարկումներով, սփյուռքի հետ հարաբերություններում նախարարության առկայությունն իսկապե՞ս սկզբունքային նշանակություն ունի եւ ինչքանո՞վ է ընդունելի վարչապետի հայտարարությունը, որ վարչապետի աշխատակազմը կունենա սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան։
– Այս հարցին պատասխան տալու համար հարկավոր է նախ խոսել մտածված եւ հետո համակողմանի, որպեսզի թյուրիմացությունների առիթ չտա, եւ մարդը իմանա իսկապես ինչը ինչոց է: Մեր կարծիքով, երբ հեղափոխությունից հետո խոսվեց նոր Հայաստանի մասին, պիտի նաեւ լինի նոր սփյուռք։ Նոր Հայաստան, նոր սփյուռք։ Մենք սեպտեմբերին ունեցանք Եվրոպայի մակարդակով (գուցե եւ ամբողջ սփյուռքի մեջ) առաջին համաժողովը, որին մասնակցեցին Եվրոպայի 10-12 երկրներից ներկայացուցիչներ, խորհրդակցեցինք՝ ինչն է մեր նպատակը, ինչ կարող ենք անել այս ուղղությամբ։ Այսինքն` այդ աշխատանքը մենք սկսեցինք՝ նոր որակ տալու Հայաստան եւ Սփյուռք կապերին։ Խնդիրը այստեղ այնքան ձեւը չէր, որքան որակը։ Եվ այս առումով հսկայական փոփոխություններ պետք է լինեին նաեւ Սփյուռքում։ Եվ սփյուռք-Հայաստան այս կապերի մեջ պիտի նայել նախարարության տասը տարիների աշխատանքը, արդյունքը տեսնել եւ հասկանալ, թե ինչ կառույց պետք է ունենալ ապագայում ու ինչ բովանդակություն։ Իրականությունն այն է, որ սփյուռքի նախարարությունը չարդարացրեց սպասելիքները։ Թեպետեւ մշակութային գետնում, հայապահպանման գետնում բավականին դրական աշխատանքներ կատարեցին, բայց դա սփյուռքի նախարարության ֆունկցիա չէ: Նախարարությունը պիտի ունենա իր յուրահատուկ ֆունկցիան, բովանդակությունը եւ այլն։ Ընդհանրապես բոլոր փոփոխությունների վերաբերյալ կա երկու մոտեցում՝ մեկը պահպանողական, մեկը՝ զարգացում, փոփոխություն, ռեֆորմ կատարելու։ Եվ սա արդեն քաղաքական բնույթ ունի։ Կուսակցությունները (Դաշնակցությունն ավելի շատ, Հնչակյանը եւ Ռամկավարը՝ ոչ այդքան), եկեղեցին, այն կառույցներն են, որ ընդհանրապես փոփոխությանը դեմ են։ Արամ կաթողիկոսն անցյալ օրն էր ասում՝ ի՞նչ նոր Հայաստանի մասին է խոսքը. Հայաստանը մեկ է։ Մարդը բովանդակությունը չի նայում՝ նոր Հայաստան ասելով ինչ ենք հասկանում։ Նոր Հայաստան ասելով նկատի ունենք բովանդակությունը՝ ինչ հեռանկարներ կան տնտեսական, քաղաքական միջավայրում։ Իսկ եթե նոր Հայաստան չպիտի լինի, նոր սփյուռք էլ իմաստ չունի, սփյուռքը պիտի մնա նույն կերպով։ Այս առումով մեր մոտեցումը միշտ եղել է, որ հիմնականում կարեւորը որեւէ կառույցի գոյությունն է։ Եվ կառավարության ծրագրերի մեջ չկար սփյուռքի նկատմամբ անտեսում, այլ ընդհակառակը խորքային մոտեցում էր։ Այս առումով մեզ համար այն չէ, որ մենք զգացմունքային կերպով ասենք՝ վայ նախարարությունը վերանում է։ Ասացի, Սփյուոքի նախարարությունը նախարարության ֆունկցիա չէր պարունակում իր մեջ։ Սա է խնդիրը, չեմ ուզում ավելի խորանալ։
Նոր կառույցը պետք է լինի ավելի գործունյա։ Իհարկե, հարկավոր է նախքան այդ կառույցի ստեղծումը խորհրդակցություն լինի սփյուռքի տարբեր մարմինների հետ։ Ասվում է՝ սփյուռքի հիմնական ներկայացուցիչների հետ պետք է խոսվի։ Բայց հիմնական ներկայացուցիչ ասելով ինչ ենք հասկանում։ Չպիտի մենք անտեսենք որեւէ կառույց, որեւէ կազմակերպություն, որեւէ նույնիսկ անհատ, որ հետաքրքրված է եղել։ Հնարավոր չէ բոլորի հետ խորհրդակցություն ունենալ, բայց կարելի է հանրային դարձնել այս հարցը։ Այս փոխհարաբերությունները պիտի մեր կարծիքով ունենան համընդհանուր բնույթ, ոչ միակողմանի, ինչպես անցյալում է եղել։ Կարելի է ասել 95 տոկոս հայությունն ընդհանրապես որեւէ կազմակերպության հետ կապ չունի, այս 95 տոկոսը անտեսված ուժ է: Դրա պատճառները տարբեր են եղել։ Նոր կառույցի նպատակը պետք է լինի այդ 95 տոկոսը։ Երբ որ խոսվում է սփյուռքի պոտենցիալի մասին՝ տնտեսական, գիտական, կրթական, այս 95 տոկոսի մոտ է իրականում։ Եվ եթե իշխանությունը, կառավարությունը սփյուռքի կառույցները կարողանան այս սփյուռքի մի որոշակի զգալի մասը ներգրավել ազգային գործի մեջ, մենք ազգային առումով հաջողություն կունենանք:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»
թերթի այսօրվա համարում