Օրերս մամուլում հայտնվեց մի տեղեկանք-փաստաթուղթ, ըստ որի՝ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպություններ պետք է լուծարվեն կամ էլ վերակազմավորվեն։
Դրանցից մեկը «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-Ն է։ Որպես լուծարման հիմք՝ նշված է, որ թատրոնը գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ։ Առաջարկվում է լուծարել եւ ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական եւ փորձարարական հարթակ։
Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ասում է, որ նախարարությունից որեւէ պարզաբանում կամ ծանուցում չեն ստացել, իսկ նման առաջարկը նախեւառաջ չիմացության արդյունք է. «Նազենի Ղարիբյանն իր հարցազրույցում մի շարք որակումներ է տալիս եւ ասում, որ Համազգային թատրոնը ստեղծվել է Սոս Սարգսյանի կուրսի հենքի վրա, բայց 1991-ին Սոս Սարգսյանը տակավին դեռ կուրս չուներ, եւ Շահում Ղազարյանը, Մայիս Ղարագյոզյանը, Գալյա Նովենցը եւ էլի շատ մեծանուն դերասաններ նրա ուսանողները չէին, այսինքն՝ ի՞նչ է նշանակում կուրսի հենքի վրա է ստեղծվել։ Եթե անգամ նա շփոթում է մեր կուրսի հետ, ապա այսօրվա կազմում էլ մեծ մասը նրա ուսանողները չեն։ Այսինքն՝ թատրոնն ուսանողական հենքի վրա չի ստեղծվել եւ երբեք ուսանողական ուղղվածություն չի ունեցել։ Ուրեմն, իր մատնանշած տրամաբանությամբ, երբ Համազգայինը ժուռնալիստների տանն էր հանգրվանել, կարելի էր միացնել իրար եւ ասել՝ Համազգային թատրոնն ու լրագրողների միությունը նույն գործառույթներն են իրականացնում։ Կամ՝ ինչպես կարելի է Կոմիտասի քառյակը միացնել Կոմիտասի թանգարանին, ուրեմն նույն տրամաբանությամբ կարելի է մի օր էլ «Թումանյանի շաուրման» միացնել Թումանյանի թանգարանին»։
Նավասարդյանն ընդգծում է՝ Ղարիբյանի ամեն մի ասածի մեջ չիմացություն կա՝ ի՞նչ է նշանակում կուսակցական թատրոն է։ «Երեւի նկատի է ունեցել այն հանգամանքը, որ Սոս Սարգսյանը դաշնակցական է եղել, եւ, ուրեմն, սա կուսակցական թատրոն է, բայց արդյոք այդ կուսակցությունը միջամտել է պիեսների ընտրությանը, թատրոնի ձեւավորմանը կամ գեղագիտական հայացքներին։ Նույնիսկ մեր ներկայացումների ժամանակ դաշնակցական կերպար չի եղել բեմում»,- ասում է թատրոնի տնօրենն ու անդրադառնում նախարարի պաշտոնակատարի մեկ այլ փաստարկին, թե թատրոնը ժանրային առանձնահատկություն չունի։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում