«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովին ստեղծվել է 2 աշխատանքային հանձնախումբ, որոնցից մեկը կանոնադրական փոփոխություններ պետք է մշակի, որ առաջիկա համագումարին կուսակցության կանոնակարգը փոխվի։ Հանձնաժողովի համակարգող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կարծիքով, այդ փոփոխությունների հիմնական նպատակը լինելու է ռիսկերից ապահովագրումը, որ կուսակցությունը, մյուս իշխող ուժերի պես, չդառնա պաշտոն ակնկալողների հանգրվան։ Ներկայումս ՔՊ անդամների թիվը կազմում է մոտ 3 հազար, սակայն հեղափոխությունից հետո ավելի քան 15 հազար դիմում է եղել կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ, որոնց ընթացք չի տրվել հենց վերը նշված հիմնավորմամբ։ Թե ինչ չափորոշիչներ են սահմանվելու, զրուցեցինք Վահագն Հովակիմյանի հետ։
– Ինչո՞ւ եք մտածում, որ պետք է փոխել կուսակցության կանոնադրությունը, եւ ի՞նչ կարգի փոփոխություններ են սպասվում, հայտնի է, որ չեք ուզում կուսակցության կազմն արհեստականորեն ուռճացնել։
– Կուսակցության ներկայիս գործող կանոնադրությունը կազմվել է 2015 թվականի իրողությունների հիման վրա, հիմա պետք է արտացոլի ներկայիս իրողությունը, վտանգները, ռիսկերը կանխի։ Մեզ մոտ շատ է կարեւորվում ներքին ժողովրդավարությունը, որը պայմանավորված է նաեւ մեր կանոնադրությամբ։ Ցանկացած կանոնադրություն կուսակցության
Սահմանադրությունն է, հետեւաբար, պետք է քննարկել։ Հիմա ձեռնպահ կմնամ մանրամասներ հայտնել, որովհետեւ դեռեւս առաջարկների փուլն է։
– Ի՞նչ ռիսկերի ու վտանգներ կանխելու մասին եք ասում։
– Ունենք 10 հազարից ավելի դիմումներ, շատերը եկել են պաշտոն ստանալու ակնկալիքներով։ Բազմաթիվ այդպիսի մարդիկ դիմումները հետ են վերցրել, օրինակ՝ մարդը եկել էր այն ակնկալիքով, որ դառնար պատգամավոր, բայց տեսավ, որ այլ չափանիշներ են գործում թեկնածուների, եւ ինքը չի համապատասխանում, հետ է վերցրել ու գնացել է, էլ չասեմ, թե քաղաքական որ ուժերից մեկի ցուցակում է հայտնվել։ Անուններ չասեմ։ Բայց հին իներցիան գործեց, ու մեր դեպքում էլ հսկա հոսք եկավ, իսկ երբ ակնհայտ դարձավ, որ որեւէ ձեւով դա աշխատանքի տեղավորվելու ճանապարհ չի լինելու, ահագին մարդիկ հետ վերցրեցին դիմումները։ Մենք տեսել ենք նախորդների փորձը՝ հազարներով դիմումներն ընդունելու, հետո դրանց ձեռը կրակն ընկնելու։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում