Ներկայումս իրականացվող մշակութային քաղաքականությունը, ինչպես նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանի դիտարկումներում բացասական գնահատականի են արժանանում: Նշենք, որ ըստ նախագծի, մշակույթի նախարարությունը ևս միանալու է ԿԳՆ-ին:
«Նախարարության կարգավիճակը փոխելն անթույլատրելի է: Պետք է հակառակը լիներ: Պետք է ավելի մեծ լիազորություններ տայինք մշակույթի նախարարությանը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ շտկել համակարգման հետ կապված առկա բացերը: Բայց տեղի է ունենում հակառակը: Իսկ մշակույթի նկատմամբ իշխանության վերաբերմունքը երևում է նրանից, թե ինչ կարգավիճակ են տալիս այն կառույցին, որը պետք է զբաղվի մշակութային քաղաքականությամբ: Այնինչ մեր ժողովուրդն ահռելի և հարուստ մշակութային ժառանգություն ունի»,-մեզ հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ պետությունն էլ մշակույթին տեր կանգնելու պարտավորություն ունի:
«Մշակույթը բավարար չափով ուսումնասիրված չէ, մեր հարևան ժողովուրդները մեր մշակույթը մեզնից անընդհատ վերցնում են, ուզում են այն յուրացնել: Անընդհատ այդ պայքարի մեջ ենք մեր հարևանների հետ: Բայց մշակույթն այն է, ինչով մենք կարող ենք հպարտանալ, լինել բարձրակարգ պետություն, ազգ: Իսկ այն, ինչ այսօր է արվում, կարծես, նախկին բացերը շտկելու նպատակ չունի: Եղածը ոչ թե կատարելագործելու, այլ քանդելու քաղաքականությունը գոնե ինձ համար անհասկանալի է: Դա անընդունելի է: Ես ոչ միայն իմ կարծիքն եմ հայտնում, այլ նշված բնագավառի այն ներկայացուցիչների, որոնց հետ շփվում եմ ու խոսում: Բոլորը շատ վրդովված են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: