Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանն արդեն պաշտոնական մակարդակում ներկայացրեց Մոսկվայի հակահայկականությանն առնչվող մեղադրանք կամ դժգոհություն. «Ժամանակ»

Փետրվար 28,2019 10:59

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի մոսկովյան այցը, որն առաջինն էր այդ պաշտոնում աշխատանքի ընթացքում ընդհանրապես իբրև օտարերկրյա այց, նշանավորվեց Պետդումայի վերին պալատի լիագումար նիստում նրա ելույթով: Սակայն ելույթի նշանավորումը ոչ թե փաստն էր, որ Հայաստանի խորհրդարանի նախագահները մինչ այդ երբեք ելույթ չէին ունեցել ՌԴ Դաշնությունների Խորհրդի լիագումար նիստում, և թավշյա հեղափոխությունից հետո նոր խորհրդարանի նախագահի այցի օրակարգում դա, փաստորեն, առաջին անգամ էր, այլ ելույթի ընթացքում ռուսաստանցի պատգամավորների հասցեին հնչեցրած քննադատությամբ: Իհարկե, քննադատությունից բացի, ելույթը ուներ նաև կարկանդակային մեծ բաժին՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերության կարևորության մասին:

Սակայն կարկանդակներից բացի, Արարատ Միրզոյանի ելույթը աչքի ընկավ նաև մտրակով: Միրզոյանը բավականին հատու տոնով քննադատեց այն, որ ռուսաստանցի պատգամավորները, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամները, փետրվարի 26-ին Բաքվում մասնակցել են այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» ադրբեջանական քարոզչական ակցիային՝ ակնհայտ հակահայկական ակցիային: Հատկանշական է, որ այդ քննադատությունը և դժգոհությունը հայկական կողմը հնչեցրել է ոչ միայն ԱԺ նախագահի մակարդակով, այլ հենց ՌԴ Պետդումայի վերին պալատի ամբիոնն օգտագործելիս:

Միաժամանակ, իհարկե, նույն հարցի կապակցությամբ Հայաստանի վրդովմունքը երեկ արտահայտել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: Սա, իհարկե, որոշակիորեն համարձակ դրսևորում է, քանի որ նախկինում պաշտոնական Երևանը չափազանց զգուշավոր էր այդ կարգի իրողությունների հանդեպ, մինչդեռ առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի իշխանական կամ սերտ իշխանամերձ շրջանակներ հարում են Բաքվի քարոզչամեքենային: Արդյո՞ք Երևանի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է թավշյա հեղափոխությունից հետո լեգիտիմ իշխանության հանգամանքով, թե՞ այդ հարցում էական դեր խաղաց վերջին օրերին ռուսական պետական մեդիայով այդ իշխանության հասցեին, այսպես ասած, գունավոր հեղափոխականության մեղադրանքների հանգամանքը, ինչին էլ Երևանը պատասխանեց անուղղակիորեն, բայց կոշտ տոնով՝ հիշեցնելով Ռուսաստանի ադրբեջանամետ կամ հակահայ քաղաքականությունը: Փաստորեն ստացվում է, որ ռուսական պետական մեդիան Հայաստանին մեղադրում էր հակառուսական թավշյա իրողությունների համար, ինչին ի պատասխան Երևանն արդեն պաշտոնական մակարդակում ներկայացրեց Մոսկվայի հակահայկականությանն առնչվող մեղադրանք կամ դժգոհություն: Եվ սա ինքնին հատկանշական է, որ արդարանալու փոխարեն, պաշտոնական Երևանը պատասխան մեղադրանքը հնչեցրեց, ընդ որում՝ մեղադրանք, որն ի տարբերություն ռուսական պետական մեդիայի գրոհի՝ իրականում ոչ միայն շատ ավելի փաստարկված էր, այլ պարզապես փաստարկված:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728