«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի վերջին աղմկահարույց իմ հայտարարությունից հետո, ինչպես գիտեք, հոգաբարձուների խորհուրդը որոշում էր ընդունել սահմանափակել թեմայի շուրջ հրապարակային հայտարարությունները՝ մինչև արտաքին աուդիտի եզրակացությունը: Ես, հավատարիմ մնալով հիմնադրամի կանոնադրությանը, միառժամանակ հետաձգեցի փաստերի հրապարակումը, ինչն անգամ ավելորդ խոսակցությունների տեղիք տվեց ու որոշակիորեն վտանգեց իմ հեղինակությունն ու բարի համբավը: Սակայն հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի ժամանակ կայացվեց տրամաբանորեն հակառակ որոշում և խորհուրդը հայտարարություն տարածեց այն մասին, իբր ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենը չարաշահումներ թույլ չի տվել:
Հաշվի առնելով այլևս, որ այսքանից հետո իմ լռությունը կարող էր իմ խոսքերի և հեղինակության հանդեպ կասկածի տեղիք տալ, ստիպված եմ հրապարակել ձեռքիս տակ ունեցած չարաշահումների փաստերից մեկը: Այս փաստաթղթերով ապացուցվում է, որ 2017 թվականի օգոստոս ամսին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը, չունենալով օգնական, ֆինանսական հաշվետվության մեջ ծախս է ներկայացրել որպես օգնականի աշխատավարձ 100000 դրամի չափով:
Գիտակցում եմ նաև, որ այսքանից հետո, ըստ կանոնադրության, հնարավոր է քննարկվի հիմնադրամի տնօրենի պաշտոնից իմ հեռացման հարցը: Սակայն ի սկզբանե իմ գործունեությունն ուղղված է եղել արդարության կայացմանն ու անօրինականությունների բացահայտմանը ու եթե դրա արժեքը իմ պաշտոնանկությունն է, ես այն կընդունեմ առանց երկմտանքի՝ միաժամանակ արդեն հրապարակելով իմ ձեռքի տակ ունեցած չարաշահումների ողջ փաթեթը՝ չսպասելով արտաքին աուդիտի եզրակացությանը:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն
Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆ