Լրահոս
Օրվա լրահոսը

«1999 թվականից կոռուպցիան վերացվել է ու դա սկսվել է Գյումրու քաղաքապետարանից, հիշեք դա»

Փետրվար 28,2019 15:30

Վարդան Ղուկասյանը պնդում է, թե ինքը մաքրամաքուր է աշխատել, «սոխ չի կերել, որ սիրտը մրմռա», Քոչարյանին ու Սարգսյանին էլ «հախ» չի տվել

«Ազատություն Ռոբերտ Քոչարյանի՛ն»,- Ազգային ժողովի միջանցքում «Առավոտի» հետ զրույցում խոսելով նախկին իշխանությունների «թալանի», փողերի լվացման եւ այլ հոդվածներով քրեական գործերի մասին՝ ձեռքը բռունցք արած վեր պարզելով՝ բղավեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Մենք հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ականները նոր իշխանություններին ասում են՝ եթե թալան է եղել, աչքներս մտցրեք կոնկրետ դատական վճիռներով, ոչ թե հայտարարություններով, ի վերջո, ձեր գնահատմամբ, թալան եղե՞լ է, թե՞ չի եղել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ընդհանրապես, եթե հստակ փաստեր կան, ապացույցներ կան՝ իրեղեն ապացույցներ, որ նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել, դրանց վերաբերյալ կողմնակից եմ, էդպիսի մարդ չի կարա եղնի, որ տեսնի՝ ինչ-որ մեկը գողացել է, թալանել է, էս է արել, էն է արել ու դրա նկատմամբ այլ վերաբերմունք ցուցաբերվի: Բայց եթե օդի մեջ ասում են՝ կան, կան, կան ու չկան, որքանո՞վ է ճիշտ: Այդքան բան կարող եմ ասել, ես ընդհանրապես ազատության կողմնակից մարդ եմ»:

Մեր հարցին՝ ասում եք՝ ապացույց չկա, որ թալանել են, բայց հանրային ընկալումն այն է, որ մարդը, ով պետական պաշտոն է զբաղեցրել ու աշխատավարձի հույսին է ապրում, ինքը չի կարող այդքան մեծ ունեցվածք դիզել, շքեղ առանձնատներ ու օբյեկտներ կառուցել, բա մարդկանց մոտ հարց է առաջանում՝ եթե չի թալանել, ո՞նց է այդքանը կուտակել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Այո, կողմնակից եմ: Հիմա ես էդ ծառացած հսկայական տարիների, հավանական է 50 տարիների խնդիրը չեմ կարող պատասխանել էս պահին՝ ոտքի վրա»: Բնականաբար, 50 տարվա պատասխանը Վարդան Ղուկասյանից չէինք սպասում, հիշեցրինք, որ ինքը աշխատել է ե՛ւ Քոչարյանի ժամանակ, ե՛ւ Սերժ Սարգսյանի ժամանակ, կարո՞ղ է հիմա ասել՝ նրանց օրոք համակարգային կոռուպցիա չի՞ եղել, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը: Ղուկասյանը պատասխանեց. «Ես աշխատել եմ Գյումրու քաղաքապետ եւ ոչ մեկին հախ չեմ տվել, 1999 թվականից կոռուպցիան վերացվել է ու դա սկսվել է Գյումրու քաղաքապետարանից, հիշեք դա»: Ըստ Վարդան Ղուկասյանի, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը սկսվել է այն պահից, երբ ինքը դարձել է Գյումրիի քաղաքապետ. «Ցավոք սրտի, էն ժամանակ քարկոծվում էինք ձեր չորրորդ իշխանության կողմից: Հիմա ինչ մնում է, որ ասենք՝ ընդհանրապես կոռուպցիա չի եղել նախորդ տարիներին, սուտ կլինի, ամոթ է: Բայց կարելի է հարցը այլ կերպ ձեւակերպել»:

Մեր հարցին՝ ասում եք՝ կոռուպցիա եղել է, բայց ում հարցնում ենք՝ չի խոստովանում, որ ինքն այդ կոռուպցիայի մեջ է եղել՝ Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Դուք պիտի դատաիրավական ոլորտում աշխատածներին շատ հարցնեք, հասկանալի՞ է, էնպիսի մարդու ես հարցնում, որ այդպիսի բաներից…»: Մեր դիտարկմանը՝ որ ասում են թալան է եղել, դա նաեւ ձեզ է չէ՞ ինչ-որ չափով վերաբերվում, որովհետեւ դուք եք նախկինում իշխանություն ունեցել՝ Ղուկասյանը պատասխանեց. «Ինձ չի վերաբերում, որովհետեւ եթե սոխ չես կերել՝ սիրտդ չի մրմռա: Հանգիստ եղի, մենք շատ պարզճակատ ենք, եթե սոխ կերած լինեինք, գյումրեցիք էնպիսին են, որ եթե նմանատիպ բան արած լինես՝ մեկից ճակատիդ կասեն: Տես՝ նմանատիպ անունները, որ գնում են՝ քաղաքապետեր կան, մարզպետներ կան, ինչ անուն ասես՝ կպցրել են, բայց մարդիկ էլ կան, որ հանգիստ քայլում են ու մարդկանց համբուրում են, սիրում են, հասկանալի՞ է, դուք դա պիտի զգայիք: Նստած տեղներս էսքան ձայներ ենք հավաքում, դա պատահականություն չի, աշխատանքից է»:

Վարդան Ղուկասյանին հիշեցրինք, թե իր անվան հետ կապված ինչ լուրեր էին պտտվում, այդ թվում՝ Գյումրիում, օրինակ, իր որդու՝ Սպարտակի հետ կապված, Գյումրիում ասֆալտի 440 մլն «ատկատի» հետ կապված: Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Ասֆալտի հետ կապված ասեմ՝ էնքան մաքրամաքուր ենք աշխատել, որ մի բան էլ քցել են էդ մարդկանց՝ շինարարներին քցել են, գումարներն էլ մինչեւ էսօր չեն տվել, եթե ուզում ես ճիշտն իմանալ: Իմ անունը չի կարա շրջանառվի, որովհետեւ իմ անունը էնքա՜ն մաքուր է եղել, չի կարա շրջանառվի: Գյումրու քաղաքապետարանը էնքան մաքուր է աշխատել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի կառույց էդքան մաքուր չի եղել»:

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ «Մենք էնպես ենք աշխատել, որ օրինակելի ենք եղել: Շատ շատերն ասել են՝ գնացեք Գյումրիից սովորեք եւ դրա համար էդքան հաջողություններ ենք ունեցել: Եթե նայում ենք մեր ծախսային մասը՝ շատ տարբերվում էր: Մի քիչ սիրուն չի հնչի, բայց որ տեսնեիք, կզարմանայիք, թե ինչ ձեւի ծախսային մաս ունեինք»:

Երբ ասացինք՝ պարզ է, ինքը իշխանության է եղել, պիտի այդպես էլ իրեն ներկայացնի՝ Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Մենակ ես չեմ ասում, այդպես ասում են հավանական է բոլոր գյումրեցիները, որոնք քաղաքական նկատառումներ չունեն: Բնական է, որ էդքան գործ արեցինք, աշխատեցինք, դրա արդյունքն էդ էր»:

Ղուկասյանը մի խորհուրդ տվեց իշխանություններին. «Գիտեք, այսօր ինչ էլ լինի, ինչ էլ խոսենք, ինչ էլ դնենք, ինչ էլ վերցնենք, վերջում կգանք կհանգենք բյուջեի վրա, որ բյուջեն պիտի նախ ավելանա, որ ավելանան աշխատավարձերը, նպաստները, թոշակները: Ինչի՞ պետությունը սեփականություն չունի, ինչի՞ պետությունը պիտի բոլորը վաճառի ասենք անհատներին, ինչի՞ պիտի անհատներ լինեն, որ պետությունից հարուստ լինեն: Ես դրան դեմ եմ եղել մշտական ու հիմա էլ նույնությամբ: Ինչի՞ պիտի պետությունը ոսկու հանքեր չունենա, պղինձ չունենա, մոլիբդեն, գազ չունենա, էլեկտրաէներգիա չունենա: Ինչի՞ պիտի դիվառելիքը պետությունը չներկրի, թող պետությունը ներկրի, հարստանա, մնացած հարցերն էլ կարգավորի: Մինչեւ էս սկզբունքը չկիրառենք, ոչ մի բան չենք անի: Իսկ սենց ատամ փորելով էլ փոր չի կշտանա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ինչո՞ւ ես այդպէս համեստութիւն անում: Կոռուպցիան վերացել է 1961թ.-ի յունուարի 20-ին: Օրհնեալ լինի ծնունդդ:

Պատասխանել