ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիան գործակցության տասներկուամյա ժամանակահատվածում մի շարք ծրագրեր են իրականացրել: Դրանցից մեկի շնորհիվ ինը տարի շարունակ տպագրվել է ճանաչողական բնույթի գիրք՝ յուրօրինակ հանրագիտարան հանդիսանալով Հայաստանի ու արտերկրի ընթերցողների համար: Հային ու հայկականությանն առնչվող շարքի շրջանակում առ այսօր արդեն հրատարակվել է ինը հատոր: Գործընկերներն այդ գրքերի շնորհանդեսը կազմակերպել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի՝ Հայ գրատպության առաջնեկներին նվիրված սրահում: Այսուհետեւ հավաքածուն իր պատվավոր տեղը կունենա Ազգային գրադարանում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ մշակութային արժեք ներկայացնող գրքերի ստեղծման աշխատանքները 2011 թվականից իրականացրել է Համահայկական աշխարհագրական ասոցիացիան: Առաջին 4 հատորում ներկայացված են աշխարհի հայկական հուշարձաններից 800-ը: Դրանք հայերի նախաձեռնությամբ ու հայերին նվիրված՝ արտերկրում առկա բոլոր հուշարձանները չեն, սակայն մեծ մասն են:
«Նպատակը, որի շուրջ գործակցել ենք տարիներ շարունակ, ոչ թե մյուսների նկատմամբ մեր ազգի առավելությունն ընդգծելն է, այլ ինքնաճանաչողությունն ու մեր մշակույթն աշխարհին հասանելի դարձրած հայորդիների գործը գնահատելը: Պիտի արձանագրեմ, որ մեր գործունեության հաջողությունը պայմանավորված է ոչ միայն թիմային աշխատանքով ու նվիրմամբ, այլեւ այս ինը հատորում տեղ գտած անվանի հայերից յուրաքանչյուրի անցած ճանապարհով: Ուզում եմ հավատալ, որ շարքը հաճույքով կընդունվի նաեւ գրադարանի այցելուների կողմից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հինգերորդ եւ վեցերորդ հատորներում զետեղված տեղեկություններն առնչվում են աշխարհի հայ երաժիշտներին: Գործընկերների համատեղ ջանքերով հավաքագրված նյութերի շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու արտերկրի անվանի հայ երաժիշտների գործունեությանը: Մարդիկ, ովքեր իրենց նվիրման շնորհիվ ոչ միայն իրենց ստեղծագործական ուղին են հարթել, այլեւ նպաստել են մեր երկրի հեղինակության բարձրացմանը:
Հաջողված գործընկերության արդյունքում հաջորդիվ տպագրվել է աշխարհի հայ նկարիչների մասին պատմող եւս երկու հատոր: Սկզբունքը մնացել է նույնը. ներկայացնել ճակատագրի բերումով աշխարհով մեկ սփռված տաղանդավոր հայերի ավանդը մշակույթի մեջ: 8-րդ գրքի տպագրությունը համընկել է հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի հոբելյանին եւ նվիրվել նրան:
2018 թվականին գործընկերներն անդրադարձել են հայ կինոգործիչներին: Այդ թվականին տպագրված հատորը՝ իններորդը, նվիրվել է Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին: Դրանում ներկայացված է կինեմատոգրաֆի արվեստին տիրապետող՝ Հայաստանից դուրս ապրած եւ ապրող հայ կինոգործիչների գործունեությունը:
Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը խոսել է նախագծի գաղափարի, դրա կարեւորության ու անհրաժեշտության, իրականացման գործընթացի, ինչպես նաեւ երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության մասին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի գործընկերությունը շարունակվելու է նաեւ ընթացիկ տարում: