Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենում կալանավորը հացադուլի մեջ է

Փետրվար 28,2019 14:30

«ՊԱՆՏԵՌԱ ՍԻՔՅՈՒՐԻԹԻ» աշխատակից Կարեն Հովհաննիսյանն արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել՝ պահանջելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Կարենի հետ որեւէ բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կկրի գլխավոր դատախազը: Նա սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի»,-ասում է Կարեն Հովհաննիսյանի կինը՝ Արեւիկ Շախբարյանը:

Մեկ ամիս առաջ գլխավոր դատախազության շենքի դիմաց Կարեն Հովհաննիսյանի կինը, մայրը, մանկահասակ չորս երեխաները, հարազատները վաղ առավոտից մինչ օրվա ավարտը բողոքի ցույց արեցին: Նրանք պահանջում էին, որ իրենց գրավոր հարցերին գրավոր պատասխանի Շենգավիթ համայնքի դատախազը: Մինչդեռ համայնքային դատախազությունից պատասխանել էին, թե նրանց հարցերին պատասխանել են բանավոր: Արեւիկ Շախբարյանը երեկ «Առավոտին» ասաց, որ ամուսնու հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն Կարեն Հովհաննիսյանը հացադուլը չի դադարեցրել: Նա դիմել է ՀՀ վարչապետին, գլխավոր դատախազության դիմաց ցույցից հետո նրանց մոտեցել էր դատախազությունից Բաղդասարյան ազգանունով մեկը, եւ ասել, թե երկու ժամվա ընթացքում կընդունեն, բայց հետո ուղարկել էին Շենգավիթ համայնքի դատախազություն:

«Մեր ընտանիքը կործանում են: Մեկ ուղարկում են գլխավոր դատախազություն, մեկ համայնքի, դիմում ես վարչապետին, պատասխանում են՝ գործ չունեն»,-ասում է տիկին Արեւիկը:

Կարեն Հովհաննիսյանը կալանավորվել է Մարիամ Դանիելյանին առանձին դաժանությամբ սպանելու կասկածանքով: Մարտի 2-ին կլրանա վեց ամիսը, ինչ նա անազատության մեջ է:

Նախաքննության փուլում պաշտպանական կողմը հասավ նրան, որ թույլատրել են կնոջն անցյալ ամսվանից տեսակցել ամուսնուն երկու անգամ:

Կալանավորելուց հետո տիկին Արեւիկը պատմել էր մեր լրատվամիջոցին. «Ամուսինս մեղադրվում է Մարիամ Դանիելյանին սպանելու մեջ, որի հետ որեւէ առնչություն չունի: Դեպքի օրն առավոտյան ամուսինս Մ. Դանիելյանի խնդրանքով գնացել է նրանց տուն, որպեսզի օգնի Մարիամին իրերը տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան, քանի որ ամուսնուս մեկ օր առաջ նա հայտնել էր, որ պետք է մեկնի Ռուսաստան, խնդրել էր, որպեսզի ամուսինս ճանապարհի իրեն: Ամուսինս էլ համաձայնել էր, քանի որ այնպես էր ստացվել, որ Մ. Դանիելյանը ամուսնուցս երեխա էր ունեցել եւ ամուսինս նրան օգնում էր որպես իր երեխայի մոր: Մինչ դեպքը ամուսինս ինձ հետ կիսվելով պատմում էր, որ երբ երեխայի հետ կապված հանդիպում են, Մարիամն իրեն տարօրինակ է պահում այս վերջերս, կարծես վախեցած լիներ ինչ-որ բանից կամ մարդկանցից, քանի որ խառնվածքով այնպիսին է եղել, որ ոչ կանոնավոր անձնական ու գործնական հարաբերություններ է ունեցել ում հետ ասես եւ ով ասես, բացի ամուսնուցս, կարող էր նրան վնասելու պատճառ ունենալ»: Ի դեպ, այդ երեխան, որի մասին պատմում է զրուցակիցս, մինչ օրս գտնվում է տիկին Արեւիկի խնամքի տակ, իսկ դատախազության դիմաց բողոքի օրն էլ չէր բաժանվել իր խնամքը ստանձնած մայրիկից:

Տիկին Արեւիկն ասում է, որ մինչ օրս սպանության գործիքը չի հայտնաբերվել: Ըստ զրուցակցիս՝ նախաքննություն իրականացնող մարմինը՝ հանձին քննիչ Ռաֆայելյանի, միայն մի վարկած է առաջ քաշել՝ ամուսնու կողմից սպանությունն իրականացնելու, այլ վարկած չեն փորձում ուսումնասիրել, քննիչը եւ դատախազը, չգիտես ինչու, կենտրոնացել են միայն այդ վարկածի վրա, մինչդեռ, նա այդ պատմության մեջ տուժող է:

Ի դեպ, դեպքի օրը, երբ Կարենը գնացել է Մարիամին ճանապարհելու, տուն է վերադարձել ձեռքի ափը կտրված: Նա կնոջն ասել էր, որ Մարիամենց տանը իր վրա հարձակվել եւ ծեծի են ենթարկել չորս տղամարդ, որից մեկը նաեւ ուզեցել է դանակով իրեն հարվածել, սակայն, քանի որ ամուսինը երկար տարիներ զբաղվել է անձանց եւ կազմակերպությունների անվտանգությունը ապահովելով, կարողացել է կանխել այդ հարվածը՝ ձեռքի ափով բռնելով դանակը: Նրան հաջողվել է դուրս գալ Մարիամենց տնից, իսկ նրա դուրս գալուց Մարիամը ողջ է եղել:

«Ամուսինս դուրս գալով՝ այդ դուռը բանալիով չի ծածկել, չէր էլ կարող ծածկել, քանի որ բանալի չուներ: Մինչդեռ, զանգվածային լրատվամիջոցներից տեղեկացանք, որ Մարիամի դիակը հայտնաբերել են միայն այն ժամանակ, երբ դուռը բանալիով բացել են: Այսինքն, Մարիամին, եթե իրոք սպանել են, դա կատարել են այն անձինք, ովքեր հետո դուռը բանալիով փակել են: Չնայած այդ ամենին՝ ամուսնուս մինչ օրս քննիչը տուժող չի ճանաչել»,- ասում է տիկին Արեւիկը:

Հիշեցնեմ, որ դեպքի օրը Կարենն ինքն է զանգահարել ոստիկանություն, պատմել իրեն ծեծի ենթարկելու եւ դանակահարելու փորձի մասին, խնդրել է հայտնաբերել մեղավորներին, պարզել իր հետ կատարվածի պատճառներն ու անձանց եւ պատասխանատվության ենթարկել նրանց, հայտնել է իր գտնվելու վայրի մասին: Զանգից հետո էին եկել ոստիկանության աշխատողները, Կարենին հրավիրել են ոստիկանություն, որպեսզի գրի այդ ամենի մասին: Սակայն ոստիկանությունում նրանից վերցրել են իր իրերը, թույլ չեն տվել զանգել, ասել են, որ Մարիամը մահացած է եւ պնդել են, որ Կ. Հովհաննիսյանը ընդունի, որ ինքն է կատարել սպանությունը:

Իսկ ոստիկանությունը հայտնել էր, թե Կարենը բերման է ենթարկվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել