Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոլանդացիները Հայաստանում Կոմիտաս կհնչեցնեն

Փետրվար 28,2019 14:00

Ռուզաննա Հակոբյանը քանոնահարուհի է, շուրջ երկու տասնամյակ է՝ ապրում է Հոլանդիայում, համագործակցում է տեղի երգչախմբերի ու նվագախմբերի հետ: «Առավոտի» հետ զրույցում նա հայտնեց, որ պատրաստվում է հոլանդացի երաժիշտների հետ հայաստանյան համերգների՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Ծրագրում հայկական երաժշտություն է, Խաչատուր Ավետիսյան, Կոմիտաս:

Բարեգործական համերգները կկայանան ապրիլի 28-ին՝ Կամերային երաժշտության տանը, ապրիլի 30-ին՝ Քարահունջի մշակույթի տանը, իսկ մարտի 3-ին Մաչանենց տանը: Համերգների կայացմանն աջակցել են Սփյուռքի եւ մշակույթի նախարարությունները, դահլիճներն անվճար են տրամադրվել:

Տիկին Հակոբյանը կարծում է, որ հետաքրքիր ծրագիր են պատրաստել ու հույս ունի, որ հոլանդացիների մեկնաբանմամբ հայկական երգ-երաժշտությունը ջերմ ընդունելություն կունենա հայաստանցիների շրջանում: «Սկզբում շատ դժվար էր, որովհետեւ հոլանդացիները հայերեն չգիտեին, շատ ենք պարապել, Հոլանդիայում նույնպես համերգներ ենք ունեցել: Աստիճանաբար մեր տարիների աշխատանքը արդյունք տվեց, ու ամեն ինչ ստացվեց»,-ասում է մեր զրուցակիցը:

Հավելում է, որ շատ է ցանկացել, որպեսզի հոլանդացիներն էլ ընկալեն մեր մշակույթը, սիրեն մեր սարերը, ամեն ինչը տեղում տեսնեն:

«Հոլանդացիներից կազմված երգչախումբը կոչվում է «Սլավույ»: Հիմնականում սլավոնական երկրների երաժշտություն են ներկայացնում, հանդես գալիս տարբեր ծրագրերով: Ունենք նաեւ քառյակ, որտեղ ինքս որպես քանոնահար եմ հանդես գալիս: Քառյակում ունենք շվի, կլառնետ, դհոլ»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Ռուզաննա Հակոբյանը պատմեց, թե ինչպես է հաստատվել Հոլանդիայում: Ասում է՝ քանոնը չճանաչված գործիք էր այդ երկրում, ու հոլանդացիներին միշտ զարմացնում էր, թե ինչպես էր ինքը նվագում 75 լարերի վրա: «Մեր հայկական ելեւէջներն ու թեմաներն իրենց շատ են հետաքրքրում, հոլանդացիները շատ զգայուն են»,- հավելում է մեր զրուցակիցը:

Քանոնահարուհին նաեւ որոշել է եռօրյա էքսկուրսիոն ծրագրի ընթացքում հոլանդացիներին ծանոթացնել Հայաստանի տեսարժան վայրերի հետ, կայցելեն Խոր Վիրապ, Տաթեւ, Շաքիի ջրվեժ, ցանկություն ունի նաեւ լավաշ թխելու արարողությանը ներկայացնել օտարերկրացի հյուրերին:

Մեր զրուցակցին խնդրեցինք մի փոքր իր մասին պատմել: Պարզեցինք, որ ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան (Ալվարդ Միրզոյանի դասարան), հետո մեկնել է համերգների՝ Հոլանդիա եւ «Նյու» անսամբլի հետ հանդես եկել որպես մենակատար: Ասում է, որ Մանսուրյանի ստեղծագործություններն է կատարել քանոնով: Մի քանի համերգներից ու ամուսնությունից հետո տեղափոխվել է Հոլանդիա մշտական բնակության:

«Քանոնով նվագախմբերի հետ որպես մենակատար եմ հանդես գալիս, հիմնադրել եմ նաեւ իմ դաշնամուրի դպրոցը: Աշակերտուհիների հետ համերգներով ենք հանդես գալիս տարբեր վայրերում»,- հավելեց Ռուզաննա Հակոբյանը:

Նա նաեւ նշեց, որ կարողացել է հոլանդացիների հետ աշխատանքի շնորհիվ նրանց սովորեցնել արտաբերել հայերեն «ր»-ն, որը նրանք «ռ» էին հնչեցնում: «Նախկինում «բառեւ» էին ասում, հիմա՝ «բարեւ»,-ժպտում է մեր զրուցակիցը: Պատմում է, որ մարտ-ապրիլ ամիսներին Հոլանդիայի տարբեր քաղաքներում մի քանի համերգ ունեն: Ապրիլի 24-ի առիթով էլ Ցեղասպանության զոհերի հիշատակին համերգ կունենան, չի բացառում, որ առաջիկայում որպես մենակատար հանդես գա Հայաստանում, Բելգիայում եւ Ֆրանսիայում, նաեւ իրենց երգչախմբին հայկական տարազով պարող հոլանդուհիներ կմիանան:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728