Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկ լինելը մեղք չէ

Փետրվար 28,2019 13:30

Երբ ընտանիքում երեխա է ծնվում, ասում են՝ «Սեռը կապ չունի, կարեւորը՝ փոքրիկը առողջ լինի»։ Իսկ քանի դեռ երեխան չի ծնվել, նրա լույս աշխարհ գալը որոշ դեպքերում հենց սեռն է որոշում. «Առաջինն աղջի՞կ, կրկին աղջի՞կ»: Հետո էլ գրեթե միշտ լսվող վերջաբան. «Ոչ մի դեպքում։ Կա՛մ տղա, կա՛մ ոչինչ»։

Երբեմն կնոջ ամուսինը, սկեսուրը կամ այլ հարազատներ ստիպում են հեռացնել աղջիկ երեխային. չէ՞ որ ընտանիքին հոր ազգանունը կրող եւ շարունակող է պետք։ Երբեմն էլ սոցիալական վիճակը թույլ չի տալիս շարժվել սրտի ցանկությամբ եւ կինն ինքն է որոշում՝ ինչպես վարվի դեռ նոր ձեւավորվող պտղի հետ։

Նրանցից մեկն էլ Կարինեն է (անունը փոխված է)։ Վերջերս է ընդհատել հղիությունը՝ իմանալով, որ աղջիկ է. տղա էին ցանկանում։ Կարինեի առաջնեկը աղջիկ է։ Նրա ծնվելուց սեռի մասին անգամ չեն էլ մտածել, բայց երկրորդն անշուշտ տղա պետք է լիներ, 3-րդ կամ ավելի երեխա ունենալ եւ պահել սոցիալապես անկարող են։

«Եթե ես այնքան ապահովված լինեի, որ հստակ իմանայի՝ երեխաներիս կարող եմ հասցնել իրենց նպատակներին, ապա 2 տղա եւ 2 աղջիկ կունենայի։ Բայց այսօր ես գիտակցում եմ, որ մերօրյա իրականության մեջ երեխա պահելը բավականին բարդ է: Եթե պատասխանատվություն ես վերցնում երեխա ունենալ, պետք է պատրաստ լինես նրանց հասցնել իրենց նպատակներին։ Ես 2 երեխայի եմ կարող լիարժեք կյանքով ապահովել, դրա համար էլ որոշել եմ յուրաքանչյուր սեռից մեկը ունենալ։ Աղջիկ ունեմ։ 2-րդը տղա եմ ցանկանում»,-ասում է մեր զրուցակիցը։

Հայաստանում բժշկությունը թույլ է տալիս երեխայի սեռը որոշել 12 եւ ավելի շաբաթականում, մինչդեռ որոշ այլ երկրներում դա կատարվում է ավելի վաղ, ինչը զգալի հեշտացնում է երեխայից «ազատվելու» գործընթացը։ Երբ մայրն արդեն զգում է ձեւավորված պտուղը կամ տեսնում է նրան ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, մայր-երեխա կապն ավելի է ամրապնդվում, ինչը կրկնակի ծանր եւ ցավոտ է լինում մայրիկի համար՝ ավելի մեծացնելով մեղքի զգացումը։ Կարինեի կարծիքով՝ յուրաքանչյուր կին նման քայլի դիմելուց հետո իր ողջ կյանքում զղջում է իր արարքի համար, հատկապես, եթե դա առաջին անգամն է։

«Եթե ինչ-որ մեկի մոտ հղիության ընդհատումը բազմիցս կատարված լինի, կարող է այդ զգացումը սառչի, բայց երբ առաջին անգամ ես դա անում, չեմ կարծում, որ ամբողջ կյանքում դա մոռանալ կլինի»,-հավելում է նա:

Կան կանայք, որոնք առհասարակ չեն համաձայնում սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներ անել. դրանք, սովորաբար, այն կանայք են, որոնք ունեն բարձր ինքնագնահատական եւ ընտանիքում որոշիչ դեր։ Հիմնականում տղամարդու ցանկությամբ է պայմանավորված տղա երեխա ունենալու որոշումը, իսկ եթե կա ուժեղ եւ կայացած կնոջ կերպար, ապա նա որոշում է, որ կունենա 3-րդը կամ 4-րդը, բայց երբեք հղիությունը չի ընդհատի։ Ըստ հոգեբան Ասյա Անտոնյանի՝ սա մշակութային կարծրատիպ է, որը անշուշտ վնաս է հասցնում թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ հոգեբանական տեսանկյունից. «Մենք դարերի ընթացքում միշտ պատերազմական երկիր ենք եղել եւ զինվորի պահանջը նպաստել է տղամարդու դերի բարձրացման եւ առավել արժեւորման։ Դա ոչ միայն Հայաստանին, այլեւ արեւելյան երկրների կենցաղին բնորոշ խնդիր է, որտեղ կարելի է ներառել նաեւ մեր հարեւան երկրները»։

Նախկինում մարդիկ չեն պատկերացրել արհեստական ընդհատման վնասները, նման տեղեկատվությունն անհասանելի է եղել։ Նրանք չեն գիտակցել, որ նույնիսկ առաջին անգամը կարող է հետագայում սպառնալ այլեւս չմայրանալու վտանգով։ Բայց այսօր մարդիկ ունեն հնարավորություն տեղեկացված լինելու, հավասարակշիռ ու գիտակից քայլեր անելու։ Խնդիր է առաջանում նաեւ կնոջ հոգեբանության մեջ՝ խիստ մեղքի զգացում ունենալով։ Կինն անգամ կարող է չգիտակցել դա, բայց հետագայում թերապիաները բացահայտում են կնոջ վարքում փոփոխություններ առաջ բերած պատճառը։

«Կանայք արձանագրում են, որ ընդհատումից հետո որոշակի թեթեւություն են զգում, բայց հետո ժամանակի ընթացքում կինը մեղքի զգացում է կրում իր մեջ։ Սթրեսակայուն կանայք հաղթահարում են դա, իսկ նրանք, ովքեր ավելի ինտրովերտ են, հակված են դեպրեսիայի, չհաղթահարելով այս սթրեսը (արհեստական ընդհատումը ֆիզիոլոգիական եւ հոգեբանական խիստ ծանր սթրես է), ընդհուպ կարող են մինչեւ ինքնասպանության հասնել. դա կախված է անձնային հատկանիշներից։ Հղիության ընթացքում երեխաները զգում եւ վերապրում են կնոջ էմոցիաները, իսկ չսպասված լինելը հետագայում երեխայի վարքում որոշակի առանձնահատկություններ է առաջ բերում։ Եթե կինը սեր չի տածում իր երեխայի հանդեպ եւ չի սպասում նրա ծննդին, դա ավելի ցավագին է լինում փոքրիկի հոգեբանության մեջ, քան հոր կողմից չսպասված լինելը»,-նշում է հոգեբանը։

Ոմանք կարծում են, որ այս կարծրատիպը երբեք էլ չի վերանա հայի կենցաղից, ոմանք էլ գտնում են, որ սա ժամանակի խնդիր է. տարիներ անց այլեւս չի լինի տղա-աղջիկ տարանջատումն ու դեռ չծնված աղջիկների սպանությունը։

Այսօր կան հազարավոր մարդիկ, որոնք տարիներ շարունակ տառապում են, ուղիներ են փնտրում որեւէ կերպ ծնող դառնալու, իսկ նրանց երազանքը իրենց սրտի տակ կրող կանայք, չգիտակցելով մեղքի ծանրությունը, «սպանում» են այն անմեղ, դեռեւս կիսաձեւավորված փոքրիկներին։

ՍՅՈՒԶԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ says:

    Ամենախիստ միջոցներով պետք է վերջ դնել բարբարոսական այս սովորույթին: Որտեղից սա հայտնվեց, նախկինում նման բան չկար: Սա ոճրագործություն է, այդ հետամնաց մարդիկ ապագա մայրեր են սպանում: Դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի այս ջարդի դեմ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728