Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան, նոր օպերա»

Փետրվար 28,2019 13:00

«Կախարդական սրինգի» հնչյունները «կախարդեցին» ոչ միայն հանդիսատեսին, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաներին եւ հյուրերին

Հեղինակավոր թատրոններում, հիմնականում օպերային, ընդունված է երբեմն պրեմիերաները ներկայացնել ոչ իրենց բեմում, այլ արտասահմանում: Երեւանի օպերային թատրոնը իր պատմության ընթացքում առաջին անգամ նման կերպ վարվեց 2018թ. աշնանը Դուբայում եւ Քուվեյթում ներկայացնելով Մոցարտի «Կախարդական սրինգը», բեմադրող դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, ռեժիսոր՝ Պաոլո Միչիկե (Իտալիա): Օրերս էլ այն վայելեց մեր հանդիսատեսը:

«Կախարդական սրինգը» Երեւանում ներկայացվել է 2006թ. հատվածաբար, արգենտինացի դիրիժոր Ֆակունդո Ագուդիի ղեկավարությամբ: Նախատեսված էր նաեւ իրականացնել օպերայի բեմադրությունը: Նույնիսկ հավաստիացնում էին, որ ռեժիսորը կհրավիրվի Գերմանիայից, լուսավորության դիզայները՝ Իսրայելից, զգեստներինը՝ Շվեյցարիայից… Բայց այդպես էլ դա մնաց խոստում:

Անկասկած, մշակութային իրադարձություն է, երբ թատրոնի խաղացանկը համալրվում է մոցարտյան ստեղծագործությամբ: Ներկա գտնվելով օպերայի երեւանյան պրեմիերային, նկատեցինք, որ այն իրադարձություն էր հանդիսատեսի շրջանում նույնպես: Միայն մեկ խոսուն փաստ. հանդիսատեսը զբաղեցրել էր դահլիճի աստիճանները նույնպես: Լավատեղյակ հանդիսատեսից տեղեկացանք, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի շնորհիվ մեր թատրոնն ունի աշխարհում քիչ հանդիպող, տարածաշրջանում միակ ամենահզոր պրոյեկցիոն էկրանային համակարգը՝ համապատասխան մեծ մակերեսով ցանցավոր էկրանով, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր բեմադրական խնդիրներում օգտագործել ժամանակակից տեխնոլոգիական բարդագույն լուծումները: Այս դեպքում՝ էկրանային անիմացիայի լայն կիրառումը «Կախարդական սրինգում», ինչը ներկայացման հաջողության կարեւոր գործոններից մեկն է: Հիշյալ օպերան երբեւէ չի բեմադրվել Երեւանում, բայց մեր արտիստները հաճախ ներկայացրել են «Կախարդական սրինգի», մեր կարծիքով՝ այս օպերայի ամենահիշարժան՝ Գիշերային թագուհու արիան, որի կատարմամբ պրեմիերային հանդես եկավ շքեղ արտաքինով եւ վոկալով սոպրանո Հասմիկ Թորոսյանը: Ի դեպ, հանդիսատեսը մտաբերեց Միլոշ Ֆորմանի օսկարակիր «Ամադեուս» ֆիլմում մոցարտյան օպերաների գրավիչ խաղարկային հանգամանքը եւ զուգահեռեց Գիշերային թագուհու արիայի կատարման ժամանակ ֆիլմի ու բեմադրության նույն պատկերի օգտագործումը: Ասենք նաեւ, որ մեր թատրոնը հարազատ էր մնացել 1700-ականների վերջերին Վիեննայի Աուֆ դեր Վիդեն թատրոնի տնօրեն Էմանուել Շիկանեդերի հեղինակած գերմաներեն լիբրետոյին: Մեզ հետ զրույցում Հարություն Արզումանյանը հաստատելով ասվածը, միայն նշեց, որ գերմաներեն խոսակցական դիալոգներում կրճատումներ է արված: Տամինոյի դերերգով հանդես եկող ճանաչված տենոր Լիպարիտ Ավետիսյանին առանձնակի ներկայացնելու հարկ չկա: Ոչ միայն նրա, այլեւ մյուս կերպարները մարմնավորող Կիմ Սարգսյանի (Պապագենո), Մերի Մովսիսյանի (Պամինա), Զոհրաբ Զոհրաբյանի (Զառաստրո), Սերգեյ Սարգսյանի (Բանախոս), Ալինա Փահլեւանյանի (Պապագենա), Հովհաննես Անդրեասյանի (Մոնոստատոս), Տիկինների դերերգերով հանդես եկող Մարինա Դեինյանի, Աննա Մնացականյանի, Թամարա Դադոյանի եւ Զինվորների՝ Միքայել Գրիգորյանի ու Արմեն Գրիգորյանի պարտիաները հաճախ ընդմիջվում էին ծափահարություններով: Հատկապես պրեմիերայի օրը հաճելիորեն անճանաչելի էր երգչախումբը (խմբավար՝ Հրաչ Բորյան): Իսկ նվագախումբը՝ կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանի գլխավորությամբ, ինչպես միշտ, իր բարձունքին էր: «Կախարդական սրինգում» հեղինակը մեծ տեղ է հատկացրել իր նախընտրած գործիքին՝ ֆլեյտային, որի սոլո կատարումներով հիացրեց Գեւորգ Ավետիսյանը:

Բեմադրությանն իրենց մասնակցությունն են բերել իտալացի մասնագետները՝ նկարիչ-անիմատոր Դեվիդ Բրոկոլին եւ զգեստների դիզայներ Ալբերտո Սպիացին: «Կախարդական սրինգը» հնարավոր է դարձել իրականացնել «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի եւ «Արդշինբանկի» շնորհիվ:

Հասկանալի պատճառով հնարավոր չէ փոխանցել իրադարձության, տոնի զգացողությունը, որ տիրում էր դահլիճում:

Մեզ հետաքրքրեց նաեւ պրեմիերային ներկա որոշ բարձրաստիճան պաշտոնյաների եւ հյուրերի կարծիքը: Երբ խոսք խնդրեցինք Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտից, անակնկալի եկանք. նա հիացած էր եւ հայերեն ասաց հետեւյալը. «Նոր Հայաստան, նոր օպերա…»: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի խոսքերով՝ «Տպավորված եմ ներկայացմամբ: Մոցարտի այս օպերայի առկայությունը Երեւանի բեմում, երկրի մշակութային ամենաբարձր մակարդակի ցայտուն նշան է…»:

Աբայի անվան օպերայի եւ բալետի ղազախական թատրոնի գլխավոր տնօրեն Այա Կալիեւան նշեց, որ հատուկ է ընտրել Երեւան այցի օրերը, որպեսզի ներկա գտնվի «Կախարդական սրինգի» պրեմիերային: «Մեր թատրոնում դեռեւս բեմադրված չէ Մոցարտի այս օպերան, բայց կարծում եմ, որ առաջիկայում երեւանյան ներկայացումը կվայելեն նաեւ Ալմա Աթայում: Օպերայի նման հաջողությունը սպասելի էր, ես իմ երկրում էլ եմ շփվում ձեր հայրենակիցների հետ, օրինակ՝ Աստանայի օպերային թատրոնի դեմքերից Բարսեղ Թումանյանի, Ալմա Աթայում ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Անդրեասյանի եւ այլոց: Մաեստրո Օրբելյանի հետ օրերս կստորագրենք հուշագիր, որի արդյունքում մեր թատրոնները հանդես կգան փոխադարձ այցերով, այդ թվում՝ ներկայացումների, մեներգիչների, բալետի արտիստների, վարպետության դասերի եւ այլ ձեւաչափերով»,- հայտնեց տիկին Կալիեւան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728