Լրահոս
Օրվա լրահոսը

Առակ՝ ամենալավ ամուսնու մասին

Փետրվար 28,2019 12:55
hac

Մի կին գնում է քահանայի մոտ ու ասում. երկու տարի առաջ դու ինձ ու ամուսնուս պսակեցիր: Իսկ հիմա բաժանիր մեզ: Ես այլեւս չեմ ուզում նրա հետ ապրել:

«Իսկ ի՞նչն է պատճառը, որ դու ուզում ես բաժանվել»,- հարցրեց քահանան: Կինը բացատրեց. «Բոլոր կանանց ամուսինները ժամանակին տուն են գալիս, իսկ իմ ամուսինը միշտ ուշանում է: Աշխատանքից ուշ ժամերի է գալիս: Դրա պատճառով մեր տանը միշտ կռիվներ ու սկանդալներ են»:

Քահանան զարմացավ ու հարցրեց. «Պատճառը միայն դա՞ է»: «Այո՛,- պատասխանեց կինը,- ես չեմ ուզում ապրել մի մարդու հետ, ով այդպիսի թերություն ունի»:

«Լավ,- պատասխանեց քահանան,-ես ձեզ կբաժանեմ, միայն մեկ պայմանով: Գնա տուն, մի հատ բաղարջ հաց թխի ու բեր ինձ: Բայց, երբ հացը թխես, տնից ոչ մի բան չօգտագործես: Աղը, ջուրը, ձուն ու ալյուրը խնդրիր հարեւաններիցդ: Ու նրանց անպայման բացատրի քո խնդրանքի պատճառը»:

«Լավ»,- պատասխանեց կինը: Նա զարմացավ քահանայի տարօրինակ խնդրանքի վրա ու վերադարձավ տուն հաց թխելու:

Նա գնաց հարեւանի տուն ու հարեւանի կնոջից մի բաժակ ջուր խնդրեց հաց թխելու համար: Հարեւանի կինը զարմացավ, թե՝ «ի՞նչ է, ձեր ջուրը վերջացե՞լ է: Բակում ջրհոր կա»: «Չէ, չի վերջացել», -պատասխանեց կինը ու բացատրեց, որ գնացել էր քահանայի մոտ մարդուց բաժանվելու համար, քահանան էլ իրեն ասել էր, թե հաց թխի եւ ջուրն ու ալյուրը հարեւաններից ուզի:

Հենց նա խոսքը վերջացրեց, հարեւանուհին խորը հոգոց հանեց ու ասաց. «Էհհհհ, երանի թե դու իմանայիր, թե ինչպիսին է իմ ամուսինը», ու սկսեց երկար բողոքել իր ամուսնուց:

Դրանից հետո կինը գնաց մյուս հարեւանուհու մոտ ալյուր խնդրելու: «Ձեր տանն ինչ է, ալյո՞ւրն է վերջացել»,- հարցրեց 2-րդ հարեւանուհին: «Չէէէ», -պատասխանեց կինն ու սկսեց պատմել, որ գնացել էր քահանայի մոտ ու խնդրել բաժանել իր ամուսնուց: Խոսքը դեռ չէր ավարտել, երբ 2-րդ հարեւանուհին ասաց. «Այ կնիկ, բա որ դու իմ տեղը լինեիր ո՞նց պիտի դիմանայիր», ու սկսեց երկար բողոքել իր ամուսնու թերություններից:
Ու այսպես, այս կինը, որ հարեւանուհու մոտ որ մտավ հաց թխելու պարագաների համար, բոլորն էլ հերթով երկար-բարակ բողոքեցին իրենց ամուսիններից:

Վերջապես նա հասավ տուն, մի լավ հաց թխեց, բերեց քահանային ու տվեց նրան հետեւալ խոսքերով. «Շնորհակալություն, տեր հայր, անուշ արեք իմ թխաց հացը ձեր ընտանիքով: Միայն խնդրում եմ, պետք չէ ինձ բաժանել իմ ամուսնուց»:

«Իսկ ինչո՞ւ, ինչ պատահեց, աղջիկս»,- հարցրեց քահանան:

«Բանն այն է, որ իմ ամուսինը, պարզվում է, բոլորից լավն է»,-պատասխանեց կինը:

Սիրելի բարեկամներ: Երբեմն մենք շատ սուբյեկտիվ ենք նայում մեր կյանքի իրավիճակներին, սխալ գործում ու քանդում այն լավը, որ մենք ունենք: Բայց եթե օբյեկտիվ նայենք, լայն նայենք մեր իրավիճակներին, ապա կտեսնենք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Պարզապես աշխատել է պետք իրավիճակների վրա ու դրանք շտկել: Մի կենտրոնացեք ձեր պակասությունների վրա: Այլ հաշվեք ձեր օրհնություններն ու Աստծուն փառք տվեք դրանց համար:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

27.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728