Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության և ԿԳՆ մոտեցումը դպրոցական սննդի ծրագրին միանշանակ դրական է, և այն պետք է լինի շարունակական

Փետրվար 27,2019 23:59

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Այն վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը` նախարարը նշել է, որ կառավարության և նախարարության մոտեցումը դպրոցական սննդի ծրագրին միանշանակ դրական է, և այն պետք է լինի շարունակական: Նա կարևորել է ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների սովորողների սննդի կազմակերպումը, հատկապես տաք սննդի տեսքով: Նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի անդամներին ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ կառավարությունում քննարկվում է հիմնադրամների գործունեության արդյունավետության բարձրացման հարցը: Այս համատեքստում դիտարկվում է նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը:

Հոգաբարձուների խորհրդի անդամները, համաձայն ընթացակարգի, ԿԳ նախարարին ընտրել են «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այնուհետև հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը ներկայացրել է նախորդ տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը: Տնօրենի տեղեկացմամբ` ստեղծվել է դպրոցական սննդի հանրապետական վերապատրաստումների կենտրոն` Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջում, կատարվել է 1011 տնօրենների և խոհարարների վերապատրաստում: Հրատարակվել է դպրոցական սննդի բաղադրատոմսերի գիրք, դպրոցական սննդի ազգային ծրագրում ընդգրկված 175 դպրոցներում կատարվել է մոնիթորինգ: Ծրագրի բոլոր գնումները կատարվել են «Պարենի համաշխարհային ծրագրի» չափանիշներին համապատասխան: Կայուն դպրոցական սննդի հետագա շարունակության և ազգային ծրագրի ընդլայնման համար կարևորվում է ենթակառուցվածքների ստեղծումը: Այն ենթադրում է դպրոցներում ժամանակակից խոհանոցների հիմնադրում, որը տաք սննդի ապահովման հիմնական նախապայմանն է: Հաշվի առնելով, որ մի շարք դպրոցներում խոհանոցներ չկան կամ ապահովված չեն պատշաճ պայմաններ` Պարենի համաշխարհային ծրագրի պահանջով խոհանոցների ստեղծումը ներառվել է որպես կարևոր բաղադրիչ: Այժմ աշխատանքներ են տարվում ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներում խոհանոցների ստեղծման և կահավորման ուղղությամբ:

Տեղեկացնենք, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԱԿի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության կողմից` ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ՝ սկսած 2010թից: ՊՀԾն ակտիվորեն աշխատում է իր կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության «Կայուն դպրոցական սնունդ» պետական ծրագրին փոխանցելու ուղղությամբ:

ՊՀԾն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների 60000 դպրոցականների: Մյուս հինգ մարզերում` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում և Արարատում, ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով տարրական դասարանների 40000 աշակերտների սնունդ: 2019 թվականին նախատեսվում է Արագածոտնի մարզի դպրոցների փոխանցումը ՀՀ կառավարության հանձնառությանը: Նշենք, ծրագիրն իրականացվում է մարզերի դպրոցներում, արդյունավետության հիմնական չափանիշներից մեկն էլ համարվում է ծնողական համայնքի մասնակցությունը դպրոցական սննդի կազմակերպմանը:

ԿԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728