Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած կարեւոր խնդիրները․ Աշոտ Թավադյան

Փետրվար 27,2019 22:30

Երեւանի պետական համալսարանում, «ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին․ առաջնահերթ խնդիրներ, մեր ազգային եւ պետական շահերն առաջ մղելու համար» դասախոսության ժամանակ, տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի ԵԱՏՄ ու հատկապես ռուսական շուկան, կառավարությունը պետք է զարգացնի այս ուղղությունը, մշակի համապատասխան ռազմավարություն, չափորոշիչներ, համաձայնեցված տնտեսական քաղաքականության մեթոդներ։

Ըստ Թավադյանի, Հայաստանը չի կարող ՀՆԱ զգալի աճ ապահովել, եթե էապես չմեծացնի պատրաստի արտադրանքի արտահանումը։ Իսկ առանց ԵԱՏՄ շուկայի այդ խնդիրը լուծելը գործնականում անհնար է։ Միաժամանակ պետք է զարգացնել հարաբերությունները նաեւ այլ ուղղություններով, այդ թվում՝ Եվրամիության հետ, կարծում է տնտեսագետը։

Նրա կարծիքով, եթե Հայաստանը չդառնար ԵԱՏՄ անդամ, կբարձրանային էներգակիրների գները, ինչը բացասաբար կանդրադառնար տնտեսական աճի վրա, կաճեին ռազմավարական ապրանքների գները (նման ապրանք ԵՄ-ից չի ներկրվում), կնվազեին ԵԱՏՄ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների դրամական փոխանցումները։

Սա, սակայն, չի նշանակում, թե այսօր խնդիրներ չկան։ Աշոտ Թավադյանի խոսքով, Հայաստանի տնտեսության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը առեւտրային հաշվեկշռի եւ տնտեսության կառուցվածքի լրջագույն խախտումն է։ Ի հավելումն՝ գործազրկություն եւ դրանով պայմանավորված՝ արտագաղթ։ ԵԱՏՄ-ն տալիս է այս խնդիրները լուծելու հնարավորություն, ասաց Աշոտ Թավադյանը։

«ԵԱՏՄ հետ ինտեգրացիան Հայաստանի տնտեսության զարգացման ամենանախընտրելի սցենարն է։ ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ազատ տեղաշարժի մասին համաձայնությունը երաշխավորում են երկրի տնտեսության կայուն զարգացումը»,- հայտարարեց տնտեսագետը։

Նա առաջարկում է օգտագործել ԵԱՏՄ պայմանագրով սահմանված համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունը։ Հեռանկարային են պաշտպանական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, դեղերի արտադրությունը, զբոսաշրջությունը եւ այլ ոլորտներ։

Եթե ռուսական էներգառեսուրսների գնման ժամանակ գործարքները ռուսական ռուբլով չարվեն ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերը չեն ունենա հստակ խթան կատարելու ԵԱՏՄ պայմանագրի պահանջները, չի լուծվի ԵԱՏՄ-ում էներգառեսուրսների գների ազատականացման եւ համակարգման կարեւոր խնդիրը, վստահ է Աշոտ Թավադյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728