Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրոյի գործ»-ով վճիռները առնվազն խիստ թերի են եղել և քաղաքական». Արսեն Արծրունի. «Ա1+»

Փետրվար 27,2019 21:45
Arsen Arcruni

2013-ի սկզբին ես պաշտոնապես դարձա բռնադատված, ու արդեն 6 տարի է՝ ինչ պետությունն ինձ անօրեն կերպով զրկված է պահում ազատությունից,– «Ա1+»-ի հետ  հարցազրույցում ասում է «Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին։  Նա անազատության մեջ է գտնվում 1994 թվականից:

Ինչո՞ւ եք համարում, որ մեր երկրում ընտրովի արդարադատություն է իրականացվել մինչ օրս։

Սկսած 2013 թվականից Հայաստանում ցմահ ազատազրկման են ենթարկվել միայն երկու դատապարտյալներ։ Մինչդեռ մինչև 2013 թվականը միջինը տարեկան  5 դատապարտյալ մահապատժի կամ ցմահ ազատազրկման է դատապարտված եղել։ Դա նշանակում է, որ այսօրվա չափորոշիչների համաձայն, ամեն մի տարվա 5-ից առնվազն երեքը արժանի չեն եղել այդքան ծանր պատժին։

Այս բանը հազար անգամ ասվել է ներառյալ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։ Այսինքն սա ոչ գաղտնիք է ոչ էլ զարմանալի մի երևույթ։ Պարզապես անհրաժեշտ է գործերը վերանայել միայն պատժի մասով։ Դրա համար պարոն Զեյնալյանը պետք է խնդրի գլխավոր դատախազից կամ նրա տեղակալներից մեկին միջնորդել դատարաններին այդ բանը անհապաղ կատարելու համար։ Նույն միջամտությունը կարող է սկսել Մարդու իրավունքների Պաշտպանի կամ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի շրջանակներից։ Ես պարզապես չեմ հասկանում՝ ինչ իմաստ ունեն ցմահականների հարցերով զբաղված ու այդ ուղղությամբ ջանք չխնայող պետական որոշ այրերի բոլոր հանդիպումները, հայտարարություններն ու newsmaking-ները, եթե ի վերջո նման տարրական լուծումներ գոյություն ունեն, որոնցից նրանք օգտվել չեն ցանկանում։

Ընտրովի արդարադատությունը բոլոր հետամնաց երկրների հիվանդությունն է։ Այդ հարցում մենք մենակը չենք։ Բուրկինա–Ֆասոյում էլ է իրավիճակն այդպիսին։

Երբ ուսումնասիրում ենք թե ինչպես է այլ երկրներում անցում կատարվել անարդար սոցիալական ու իրավական վիճակից դեպի համեմատաբար շատ ավելի արդարը, օրինաչափ է, որ նկատենք մեկ գլխավոր լիդեր, որն առանց երկար խոսելու, անցնում է գործի ու իր ունեցած լծակներից օգտվելով լուծում է տալիս բոլոր խնդիրներին։ Այսօր պարոն Փաշինյանն ունի 80 տոկոս հանրային աջակցություն, ինչպես նաև բազում գործիքներ ու լծակներ դատաիրավական համակարգի գործունեության տրամաբանությունը հիմնովին փոփոխելու համար։ Նա ընտրվել է հենց այդ բանը կատարելու համար։ Եթե չկատարի այդ բոլորը, դրանից կբխի ժողովրդի մոտ վարակի նման տարածվող հուսախափության ալիքը

 Ցմահ դատապարտյալներից շատերը պնդում են, որ  պատիժն անհամապատասխան է իրենց գործած հանցանքին, մանավանդ որ մի մասը ճաղերի ետեւում է  հայտնվել մեկ ցուցմունքով։  Դուք եւս համարո՞ւմ եք, որ  անարդար վճռով եք բանտում։

Նրանք,  որոնք օրին մոտից են հետևել լավ գիտեն, որ «Դրո» գործը դատաիրավական գործընթաց չէր։ Այն քաղաքական պայքար էր մի կողմից ՀՅԴ-ի ու մյուս կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրան աջակցող միջազգային ուժերի միջև։ Անշուշտ այստեղ պետք չէ շփոթենք այսօրվա դաշնակցությունը այն կազմակերպության հետ, որի հետ գործ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը 1990-ականների սկզբին։ Առանց մանրամասնելու կարող եմ նշել, որ դատաիրավական գործընթացը իրականության մեջ բանակցային գործընթաց էր։ Բոլորի համար, այդ թվում ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, արևմտյան տարբեր տերությունների, «Հյումեն ռայթ ուոչի», «Միջազգային Ներումի» ու մարդու իրավունքների այլ միջազգային կազմակերպությունների համար բացահայտ էր, որ նախաքննությունը անցկացվել էր դաժանություններով, որոնց հետևանքով մենք կորցրել էինք Արցախի ազատամարտի մեր վետերաններից մեկին՝ Արտավազդ Մանուկյանի նման հոյակապ գործչին, իսկ դատաքննությունը ընթացել էր դատարանի նկատմամբ պետական լրատվամիջոցների կողմից կազմակերպված ճնշումներով ու դատաքննական ընթացակարգերի կոպիտ խախտումներով։ Մեր փաստաբանները քրեական ու քրեադատավարական օրենքների երկու հազարից ավելի խախտում էին արձանագրել։

Կարևոր է նշել նաև այն, որ փաստաբանները չունեին բացառապես իրենց պաշտպանյալի շահերից մեկնելով ազատ արտահայտվելու իրավունք, քանի որ խնդիրը ոչ այնքան ամբաստանյալների նկատմամբ արդար լինելն էր այլ այն ժամանակ ժողովրդի ատելության առարկան համարվող Լևոն Տեր-Պետրոսյանը պարտության մատնելն ու իշխանությունից հեռացնելը։ ՀՅԴ-ի գործունեությունը տարբեր հանցագործությունների մեղադրանքով կասեցրած Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե չկարողանար ապացուցել, որ ՀՅԴ մեղավոր էր նման հանցանքների մեջ, նա պարզ է, որ ստիպված կլիներ հրաժարական տալ։

Ու այդպես էլ եղավ։ Մի քանի դատապարտյալներ իրենք իրենց վրա վերցրեցին հանցագործությունների պատասխանատվությունը և պնդեցին, որ այն կապ չի ունեցել ՀՅԴ-ի հետ, ինչից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը արդեն միայն ժամանակի հարց էր։ Սակայն, ինչպես տեսնում եք, համակարգը այդ բանը մեզ չներեց, չի կարողանում ներել, ու դա բացարձակապես կապ չունի նրա հետ, թե ինչ հանցանքներ են գործված եղել և թե ով ինչ չափի պատասխանատվություն է ունեցել։

Հետևաբար, դժվար չէ համաձայնել վերոնշյալ միջազգային կազմակերպությունների կարծիքի հետ և ընդունել, որ  «Դրոյի գործը» ու դրա ավարտին արձակված վճիռները առնվազն խիստ թերի են եղել և քաղաքական։

Մանրամասներին կարողեք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728