Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՊՀ-ում կա բարեփոխումների մեծ անհրաժեշտություն».

Փետրվար 27,2019 21:30

Հարգելի’ համալսարանականներ,

Վաղը ՝ փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային հարցը կառավարիչ-ռեկտորի լիազորությունների դադարեցումն է: Հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային ուշադրությունը` հարկ ենք համարում հանրայնացնել մեր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Շուրջ տասը ամիս է, ինչ առկա է լարվածություն մի քանի պաշտոնյաների և ԵՊՀ ղեկավարության միջև: Անձնական հակամարտությունները, ասուլիսային արդարադատությունը, ամեն գնով դիմացինին հաղթելու ցանկությունը մոռացնել է տվել համալսարանի շահն ու հեղինակությունը: Մենք խորապես մտահոգված ենք այս փակուղիով և ԵՊՀ զարգացման հեռանկարի անորոշությամբ:

Վերլուծելով նիստի հրավիրման հիմքերը, օրակարգային հարցը, ինչպես նաև վերջին շաբաթներում տեղի ունեցածի ժամանակագրությունը` մենք ունենք հետևյալ դիտարկումները.

  1. Որո՞նք են այս օրակարգային հարցով հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրելու պատճառները: Եթե հիմքը ռեկտորի անարդյունավետ կառավարումն է, ապա ինչու՞ է մեկ ամիս առաջ միաձայն հաստատվել ռեկտորի տարեկան հաշվետվությունը: Եթե հիմքը ենթադրյալ իրավախախտումներն ու չարաշահումներն են, ապա որտե՞ղ է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Ակնհայտ է, որ ՊՎԾ պաշտոնյաների կամ Ոստիկանության հայտարարությունները իրավական հիմք չեն կարող հանդիսանալ:
  2. Ի՞նչ իրավական հիմքով է ԿԳ նախարարը հորդորում ԵՊՀ ռեկտորին հրաժարական տալ: Արդյո՞ք այդ հորդորը բուհի ինքնավարության նկատմամբ ոտնձգություն չէ, և օրակարգային նման հարցի առաջադրումն էլ պայմանավորված չէ ռեկտորի կողմից նախարարի հորդորներին տեղի չտալով: Նման օրակարգային հարց քննարկելով` հոգաբարձուների խորհուրդը փաստացի դառնում է միանձնյա հարաբերությունների կարգավորման գործիք և լեգիտիմացնում ԵՊՀ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները: Այս ամենը ոչ միայն չի բխում ԵՊՀ ինքնավարության և ինստիտուցիոնալ կայունության շահերից, այլ էապես արժեզրկելու է հոգաբարձուների խորհուրդը` որպես ինստիտուտ, և նպաստելու է ԵՊՀ-ի քաղաքականացմանը:

Մենք համոզված ենք, որ ԵՊՀ-ում կա բարեփոխումների մեծ անհրաժեշտություն, և այդ բարեփոխումները վստահաբար ենթադրում են նաև անձերի փոփոխություն, սակայն ստեղծված իրավիճակը առաջ է քաշել ավելի կարևոր արժեքների պահպանության անհրաժեշտություն, որոնք են իրավականությունը, ինքնավարությունը և բարոյականությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում և կոչ ենք անում հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ցուցաբերել սկզբունքային մոտեցում` միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ անկախ զանգերից, տարատեսակ միջնորդությունների փորձերից և խորհրդի մյուս անդամների քվեարկությունից` մենք առաջնորդվելու ենք բուհական ինքնավարությունը, իրավականությունը և բարոյականությունը հարգելու սկզբունքներով:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամներ

Սոսէ Ղազարյան,

Աննա Գարեգինյան,

Բաբկեն Հովհաննիսյան,

Գևորգ Մանուկյան,

Աստղիկ Մնացականյան,

Ամալյա Սողոմոնյան,

Ռոզա Խաչատրյան,

Դավիթ Ափոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728