«Հասարակության մեջ որոշակի խավ այլ կարծիք պետք է ունենա, նույնիսկ ամենածայրահեղ, շատ բնական է: Բոլոր երկրներում եւ բոլոր ժամանակներում այդպիսի բաներ եղել են, ամենակարեւորը՝ դա դոմինանտ չլինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով մեր այն հարցին՝ արդյոք երեկվա՝ «Հողեր չունենք տալու» կարգախոսով հավաք-երթը որոշ ուժերի կողմից ուղղորդված է եւ ում ականջներն են երեւում դրա հետեւում, եւ արդյոք ներկայիս իշխանությունների օրակարգում հող հանձնելու հարց դրված է:
Երթի մասնակիցները հայտարարում էին՝ «Մենք բանակցելու անգամ ոչինչ չունենք Ադրբեջանի հետ՝ բացառությամբ Ադրբեջանի ժողովրդի ինքնորոշման իրավունքի», «Ոչ մի իշխանություն լիազորված չի լինելու, որ այն հողերը, որ ազատագրել ենք, դեռեւս ունենք հողեր ազատագրելու, ոչ մեկն իրավունք չի ունենալու բանակցության ընթացքում հանձնելու այդ հողերը»:
«Ինչ վերաբերում է այս պահին այդ հարցադրումն անելուն՝ միգուցե դա հետաքրքիր է, որովհետեւ հիմա Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ կապված տարբեր մեկնաբանությունների, հանդիպումների արդյունքում հասարակությունում այլ տեսակետներ են ձեւավորում այդ «հող հանձնելու» եւ այլն…Եթե այս շրջանակներում ենք նայում՝ այդքանով կարող է անհանգստացնել: Իսկ թե այդ մարդիկ իրենք են կազմակերպել, թե՝ ինչ-որ քաղաքական նպատակներ են հետապնդում, ես առայժմ չեմ ուզում շատ խորանալ: Այն, ինչ տեղի ունեցավ, խոսում է այն մասին, որ այդ տեսակետը գերակշռող չէ»,-ասաց Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ մի ուրիշ վտանգ կա, որը Լեռնային Ղարաբաղի հետ է կապված. «Երբեւիցե պետք է թույլ չտար ցանկացած միջոցառում որ լինի, այդ միջոցառումն այնքանով ինքնանպատակ է լինում, որ նույնիսկ ամենալավ գաղափարը կարող է այդ միջոցառման արդյունքում վատացվի»: Խաչատրյանը նկատի ունենալով խաղաղության երկխոսության բանաձեւը, նշեց՝ նույնիսկ եթե խնդիրը որպես այդպիսին կա, փաստորեն դարձավ այնպես, իբրեւ թե հասարակությունում այն գոյություն չունի. «Իմ անհանգստությունը դրանում է: Բայց ես համոզված եմ, որ հատկապես ԼՂՀ գործընթացների խնդրի հետ կապված, իշխանությունն անելիքները լավ պատկերացնում է, շատ լավ հասկանում է դրա բարդությունը, եւ պետք է որ թույլ չտա, որպեսզի այս ամենը ինքնահոսի գնա»:
Խաչատրյանը նկատեց՝ կա մի կարեւոր հարց՝ «Միգուցե հիմա այն ժամանակաշրջանն է, որ պետք է հստակ տեսնել, թե ինչ է ուզում Ադրբեջանը»:
Ըստ Խաչատրյանի, մենք, որպես Հայաստանի հանրապետություն, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ԼՂՀ հիմնախնդիրը լուծվի հնարավորինս շուտ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ղարաբաղյան խնդրի շահարկումն ու քաղաքական նպատակներով օգտագործելը, ինչպես ասաց Խաչատրյանը, միշտ էլ եղել է.«Այն ինչ տեղի ունեցավ 1998-ին, դրա լավագույն ապացույցն էր…Ի վերջո, այն իշխանությունը, որ ապրիլն հեռացավ, բավարարված չէ նրանով, որ ինքն այդպես հեռացավ: Ինքը շատ մեծ ցանկություն ունի վերադառնալու, եւ այդ վերադառնալու ճանապարհներից մեկն էլ ղարաբաղյան հարցն օգտագործելն է, թե՝ տեսեք, գործող իշխանությունը չի տիրապետում: Այս ամենն ինձ համար անլուրջ է, որովհետեւ ավելի ճիշտ կլիներ, որ այն իշխանությունը, որը հեռացել է, իր ներսում վերլուծեր, թե ինչը պատճառ դարձավ, որ ինքը հեռացավ եւ ինչ արդյունքի հասան իրենք վերջին 10-20 տարիների ընթացքում, երբ իրենք եկել էին Ղարաբաղի հարցը լուծելու կարգախոսով, եւ այդպես էլ չլուծված մնաց: Եվ արդյոք մենք այս 20 տարիների ընթացքներում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ