Այսօր Civilnet-ի նկարահանած «Երեւանի՝ անհետ կորած տրամվայի գծերով» ֆիլմի ցուցադրումից հետո քաղաքացիներից մեկը հարց բարձրացրեց՝ արդյոք ֆիլմում ներկայացված կոռուպցիոն գործարքների հետքերով իրավապահ մարմինները գնացել են, թե՝ոչ: Ֆիլմը պատմում է, որ 2004 թվականին տրամվայի ռելսերը, երբ ապամոնտաժվել են, դրանք կասկածելի հանգամանքներում տրամադրվել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբորը, այս գործարքում ներգրավված է եղել նաեւ Սերժ Սարգսյանը:
«Ուշագրավ զուգադիպությամբ նույն տարիներին, երբ տրամվայի ռելսերը տրամադրվում էին պաշտպանության նախարարությանն ու օտարվում մասնավոր ընկերության, բանակի ներգրավմամբ ապամոնտաժվում է Մեղրի-Կապան 40 կմ երկաթգիծը»,-նշվում է ֆիլմում:
«Մեր իշխանությունները, փառապանծ Փաշինյանը, մեծ գործ արեց, բայց այդ մարդը ժուռնալիստ է, գրող է, դեպուտատ էր, մասնագիտական ուրիշ բաներ չունի, որը մեղք չէ: Կոնկրետ էկոնոմիկայից էն ձեւի է կաղում, ու իրա խորհրդականներն էլ»,-ասաց քննարկմանը ներկա քաղաքացին, որը ներկայացավ որպես տնտեսագետ:
Նա առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել եւ ֆիլմում բարձրացրած խնդիրների բացահայտման համար դիմել իրավապահ մարմիններին:
Քաղաքացու մտահոգությանն արձագանքեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նա ասաց, որ ֆիլմում ներկայացված՝ բանակի ներգրավմամբ ապամոնտաժված Մեղրի-Կապան 40 կմ երկաթգծի գործով քրեական գործ է հարուցված. «Եվ այդ գործի շրջանակներում հարցաքննվել են Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանն եւ էլի ուրիշ մարդիկ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ