ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:50-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Կիևյան փողոցում կայանված «Ինֆինիտի FX35» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ կողային ապակին կոտրելով, հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, 2 բանկային քարտ: Նույն օրը՝ ժամը 22:50-ից մինչև դեկտեմբերի 17-ի 03:10-ն ընկած ժամանակահատվածում, գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման գործարք:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին