«Ամբողջ աշխարհում այդպիսի երկիր չկա, որ գյուղնախարարություն չունենա: Ամենակարեւորը ՀՆԱ-ի 25 տոկոսն այսօր գյուղատնտեսությունն է ապահովում: Ուրեմն այդ ձրիակերների 12 նախարարությունը սպասում են գյուղացու քրտինքի՞ն»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը՝ նշելով, որ գյուղատնտեսության նախարարությունն օպտիմալացնելը ամենասխալ քայլն էր: Հրաչ Բերբերյանի խոսքով, այսօր գյուղացու կողքին կանգնելու փոխարեն կառավարությունը վարկերի տակ է գցում:
Այս պահի դրությամբ, ըստ Բերբերյանի, ցնցումներ չկան գյուղացու համար, եթե եղանակային պայմանները անակնկալներ չմատուցեն: Միակ խնդիրը, որ բոլոր տարիներին էլ առկա է, ջրամբարներն են, որոնք կիսադատարկ են: Գյուղոլորտի մասնագետը գտնում է, որ ՀԷԿ-երին մատակարարվող ջրերի հարցը պետք է կարգավորվի՝ հակառակ դեպքում ստիպված կլինեն Սեւանից ջուր վերցնել:
Ինչ վերաբերում է Հայաստանի 5 մարզերում պիլոտային ծրագրով ներդրվող գյուղապահովագրությանը, ապա, Հրաչ Բերբերյանն այս հարցում թերահավատ է. համոզված է, որ ծրագիրը չի աշխատելու, քանի դեռ ոլորտում ռիսկայնությունը շատ բարձր է:
Ըստ Բերբերյանի, այդ գումարներ էլ «քամուն են տալու գնա»:
Հրաչ Բերբերյանը վրդովված է նաեւ, որ մեր երկիրը կարտոֆիլ արտահանող երկրից դարձել է կարտոֆիլ ներկրող: Ըստ նրա, այսօր շուկայում հայտնվել է բելառուսական կարտոֆիլ, որը էժան է տեղականից եւ գյուղացիների համար ապրանքը սպառելու առումով լուրջ խնդիրներ է առաջացնելու:
Ըստ մասնագետի, նույնը վերաբերում է Բելառուսից ներկրվող խոզի եւ տավարի մսին, որը փաստաթղթերով նորմալ է, սակայն համային ու այլ հատկանիշներով՝ կասկածելի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ