Պետական վերահսկողական ծառայության հայտարարության և ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի կապակցությամբ, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, հայտնում ենք, որ խոսքը վերաբերում է Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման, գծանշումների իրականացման և լուսազդանշանների պահպանման ծառայությունների մատուցման նպատակով ՀՀ ոստիկանության և «Ուկրինվեստ» ՍՊԸ-ի միջև 31.05.2018 թ․ և 13.06.2018 թ․կնքված պայմանագրերին:
«Ուկրինվեստ»-ը հաղթող է ճանաչվել վերը հիշատակված ծառայությունների և աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթներում: Պայմանագրերի շրջանակում ըստ Ճանապարհային ոստիկանության կողմից տրված հանձարարականների իրականացվում են պայմանագրերով նախատեսված աշխատանքներ:
ՊՎԾ-ն «Ուկրինվեստ»-ում կատարել է ստուգումներ, որոնց շրջանակում ծագած՝ գնումների մրցույթներին և կնքված պայմանագրերի արդյունավետությանը և օրինականությանը վերաբերող հարցերին ոստիկանության կողմից տրվել են պարզաբանումներ:
Նշենք, որ համանման պարզաբանումներ տրվել են նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից արված հարցադրումներին:
Քանի որ հարուցված է քրեական գործ, քննության ընթացքում կպարզվեն բոլոր հանգամանքները:
ՀՀ ոստիկանություն