ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, այսօր առավոտյան Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչներից մեկը՝ Հ․Մ-ն՝ դանակը ձեռքին, դիմակավորված, ավազակային հարձակում է գործել Արթիկի Աբովյան փողոցում տեղակայված ոսկերչական խանութի վրա, հասցրել է անգամ վնասել խանութատիրոջ ձեռքը։ Նրան անմիջապես նկատել են ոստիկանության պարեկապահակետային ծառայողները, որոնք ձեռնամարտի հնարանքների կիրառմամբ վնասազերծել են ու ահազանգել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից օգնության է եկել օպերատիվ խումբը։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հ․Մ-ն ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նա, ըստ դատախազի, նախկինում դատապարտված չի եղել, իրավապահների ուշադրությանը չի արժանացել։
Սարատակի գյուղապետ Միշա Ղրզոյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հ․Մ-ն տառապում է ծանր հիվանդությամբ՝ տուբերկուլյոզով, օր օրի նիհարում է․ 80-90 կիլոգրամից քաշից դարձել է 30-35 կիլոգրամ։
Ըստ գյուղապետի, նա երկու անչափահաս երեխաներ ունի, որոնց մեծացնում է եղբայրների օգնությամբ։ Գյուղապետը նաև նշեց, որ նա միշտ աչքի է ընկել նորմալ վարքագծով։ Վերջինս ցավ ապրեց կատարվածի համար ու չհավատալով, որ Հ․Մ-ն կարող էր ավազակային հարձակում կատարել, երկմտեց՝ միգուցե դեղերի ազդեցության տա՞կ է նման քայլի գնացել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com