Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեն կազմակերպություննե­րի ղեկավարներին կոչ է անում իրենց բոլոր հրապարակային գրվածքները համապատասխանեցնել լեզվական օրենսդրության պահանջներին

Փետրվար 27,2019 17:55

Ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքները՝ ցուցանակներն ու գովազդային վահանակները, հասարակության մեջ արդարացի դժգոհություն են առաջացնում։ Դրանց լեզվական ձևավորումն անհանգստացնում է ՀՀ քաղաքացիներին։

Շատ տնտեսավարողների մտածողության մեջ արմատներ ձգած օտարամոլությունը նրանց դրդում է ամեն կերպ խուսափելու ցուցանակները և գովազդային վահանակները հայերեն ձևավորելուց: Նրանք նախապատվությունը տալիս են օտար լեզուներին։ Հատկապես մայրաքաղաք Երևանը հեղեղված է օտարալեզու հրապարակային գրվածքներով։ Վիճակն անհանդուրժելի է:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթը (4-րդ հոդված, «գ» կետ), որը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություննե­րից պահանջում է «ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն»։

Օրենքը թույլատրում է նաև օտար լեզուների գործածությունը՝ սահմանելով, որ հայերեն գրություններն անհրաժեշտության դեպքում կարող են զուգակցվել այլ լեզուներով։

Շատերն ունեն այն թյուր կարծիքը, թե այս ոլորտում հարցեր լուծելու իրավասությունն ու պարտականությունը վերապահված է բացառապես Լեզվի կոմիտեին, այնինչ ըստ նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական լեզվաքաղաքականություն իրականացնում են նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։

Նկատի ունենալով այս ամենը և հանրապետությունում մեծաքանակ օտարատառ և օտարալեզու հրապարակային գրվածքների առկայությունը՝ դիմում ենք.

ա. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հիշեցնելով պետական լեզվաքաղաքա­կանություն իրականացնելու իրենց պարտականության ու անմիջական գործառույթի մասին: Հորդորում ենք անհրաժեշտության դեպքում համագործակցել Լեզվի կոմիտեի հետ, ձեռնարկել միջոցներ՝ ոչ հայերեն հրապարակային գրվածքները հայերենացնելու համար.

բ. ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպություննե­րի ղեկավարներին՝ կոչ անելով իրենց բոլոր հրապարակային գրվածքները համապատասխանեցնել լեզվական օրենսդրության պահանջներին։

Հիշեցնում ենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի՝ ցուցանակը և գովազդը ոչ հայերեն ձևավորելը առաջացնում է տուգանքի նշանակում (քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով):

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728