Ավետիս Ավետիսյան
Ժողովրդավարության XVII դպրոցի շրջանավարտ
Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական Համալսարանի (ՏԱՏՀ)
Երևանի Կրթագիտական Ինստիտուտի շրջանավարտ
Ի՞ՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՓՈՐՁԸ
Հայաստանը, երկար դարեր չունենալով անկախ պետականություն, ըստ այդմ չի ունեցել նաև պաշտոնական միջպետական հարաբերություններ այլ երկրների հետ: Մինչև 20-րդ դարը մեր վերջին պետական միավորման` Կիլիկիայի վարած արտաքին քաղաքականությունը սկզբնական շրջանում հիացմունքի էր արժանի: Լավ և ամուր հարաբերություններ ստեղծվեցին եվրոպական երկրների հետ, որի արդյունքում 1198-1219թթ. Լևոն Բ արքան ճանաչվեց որպես ինքնիշխան և անկախ Կիլիկիայի արքա: Դրանից հետո Կիլիկիո թագավորությունը շահավետ պայմաններով ռազմավարական դաշնակից դարձավ աշխարհակալ մոնղոլ-թաթարական հզոր կայսրության հետ: Սակայն հանգամանքների բերումով աշխարհըմբռնման ուղղությամբ հետընթաց տեղի ունեցավ Կիլիկիայի իշխող վերնախավում, որի արդյունքում միայնակ մնաց սպառնացող մարտահրավերների դեմ հանդիման, ապա կործանվեց վերջին հայկական թագավորությունը:
Ավելի քան 500 տարի չունենալով պետական միավոր՝ հայերս հետընթաց ապրեցինք ճկուն արտաքին հարաբերություններ ստեղծելու արվեստում: Այդ դարերի ընթացքում ազգությամբ հայեր շատ են եղել շահերի, սուլթանների, ցարերի և եվրոպական երկրների արքունիքներում, ովքեր օգնել կամ հենց կառավարել են այդ երկրների արտաքին հարաբերություններն այլ երկրների հետ:
1918թ. հայ ժողովուրդը դժվարին և արյունոտ պայքարներից հետո վերանվաճեց իր ազատությունն ու անկախությունը: Այդ օրերի պետական այրերը սկսեցին զրոյից կառուցել Հայաստանի արտաքին հարաբերությունների ինստիտուտը: Անելիքները շատ էին, սակայն միջոցներն ու ժամանակը՝ բավական սուղ, և այդ ամենը տեղի էր ունենում լրջագույն մարտահրավերների ու աշխարհաքաղաքական դժվարին պայմաններում:
Նորաստեղծ հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը վստահվեց Ալեքսանդր Խատիսյանին: Հանրապետության առաջին միջպետական կապերը հաստատվեցին Քառյակ միության և իր անմիջական հարևան պետությունների հետ:
Հայաստանի նորանկախ Հանրապետությունը հունիսի 4-ին Բաթումում առաջին պայմանագիրը ստորագրեց Օսմանյան Թուրքիայի հետ, որը, շատերի կարծիքով, ստորացուցիչ էր հայկական կողմի համար: Բարեբախտաբար, շուտով Թուրքիան տանուլ տվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և այս պայմանագիրը չեղարկվեց:
Այդ ընթացքում ՀՀ-ը դիվանագիտական ներկայացուցչություններ բացեց ավելի քան 40 երկրներում, նրանցից առավել հատկանշական են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան, Իրանը: Արտաքին գործերի նախարարությունը փորձում էր ինտենսիվ աշխատանքներ տանել Անտանտի անդամ երկրների հետ, ինչպես նաև իր ներկայացուցիչների միջոցով մասնակցություն էր ունենում հաղթող կողմի և Քառյակ միության միջև պայմանների հստակեցման գործընթացում:
Այդ ժամանակահատվածում արտաքին հարաբերությունների ոլորտում նորանկախ Հայաստանն առաջին լուրջ ճեղքն ունեցավ Վրաստանի հետ տարածքային խնդիրներով պայմանավորված: Բանակցությունները Լոռու տարածքի հետ կապված ոչ մի արդյունք չտվեցին, ինչից հետո պատերազմ բռնկվեց երկու երկրների միջև: Սակայն ռազմի դաշտում հայկական ուժերը հաջողություն գրանցեցին և հակադարձեցին վրացական ագրեսիային՝ ազատագրելով Լոռին:
1919թ. հունվարին Փարիզում գումարվեց Խաղաղության խորհրդաժողով, որը կոչված էր հաշտության պայմանագրեր նախապատրաստել և ստորագրել Առաջին աշխարհամարտում պարտված երկրների հետ։ Ի թիվս 27 երկրների՝ խորհրդաժողովին մասնակցելու հրավեր ստացավ նաև Հայաստանը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր Ավետիս Ահարոնյանը։ Պետք է նշել, որ այդ խորհրդաժողովին մասնակցել է նաև ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ, ով ներկայացնում էր արևմտահայության շահերը։ Սա, կարծում եմ, ինչպես ազգային, այնպես էլ պետական թերացման և անկազմակերպ լինելու արդյունք էր, որն էապես խանգարել է մեր պետական շահը Փարիզում հավուր պատշաճի ներկայացնելուն:
Օսմանյան կայսրության հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը մշակելու նպատակով 1920թ. ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում գումարվեց խորհրդաժողով, որտեղ հատուկ ուշադրություն հատկացվեց Հայկական հարցին՝ նշելով, որ դրա լուծումը նշանակում է Հայաստանի 2 մասերի միավորում, իսկ ապրիլի 23-ին ԱՄՆ-ը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Սան Ռեմոյի խորհրդաժողովին հետևեց 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրների ու Թուրքիայի միջև կնքված հաշտության պայմանագիրը, որը ստորագրեց նաև ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը։ Պայմանագրի 88-93 հոդվածներն ամբողջովին վերաբերում են Հայաստանին։ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարությանը հանձնվեց ՀՀ և Թուրքիայի միջև սահմանների որոշումը։ Նոյեմբերի 22-ին նա հրապարակեց իրավարարի վճիռը, որով Հայաստանը ստանում էր 90 հազար կմ/ք տարածք, իսկ ՀՀ-ը տիրապետության տակ գտնվող տարածքների հետ միասին կունենար 161.330 կմ/ք տարածք և ելք դեպի Սև ծով՝ Տրապիզոն նավահանգստով։
Այս ամենը, իսկապես, լուրջ ձեռքբերում է եղել նորաստեղծ հանրապետության և առավել ևս՝ նրա Արտաքին գործերի նախարարության համար: Սակայն Հայաստանը, չունենալով անհրաժեշտ փորձ ու գիտելիք արտաքին հարաբերություններ կառուցելու ոլորտում, անուշադրության էր մատնել մի այնպիսի կարևոր երկրի հետ մեր հարաբերությունների ստեղծումն ու բարելավումը, ինչպիսին էր բոլշևիկյան Ռուսաստանը, որն իր հարևանների հետ Կովկասում և Անդրկովկասում վարում էր շատ ագրեսիվ քաղաքականություն: Այս բացթողնման համար հայ ժողովուրդը շատ թանկ վճարեց:
Բոլշևիկները և քեմալականները սերտ համագործակցություն էին սկսել, պայմանավորվածություններ ձեռք բերել, որի արդյունքում Ռուսաստանի կողմից զինված Թուրքիան 1920թ. սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա, իսկ դրանից մի քանի ամիս առաջ բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակը հարձակվել էր Սյունիքի կողմից: Ռուս-թուրքական ագրեսիայի արդյունքում դեկտեմբերի 2-ին ՀՀ խորհրդայնացվեց՝ կորցնելով իր ինքնիշխանությունը: Քեմալականների կազմակերպած ջարդերի հետևանքով Հայաստանն ահռելի կորուստներ ունեցով` 198 հազար զոհ, 37 հազար կմ/ք տարածքի կորուստ միայն Արևելյան Հայաստանից, արհեստականորեն ստեղծվեց Արցախի և Նախիջևանի խնդիրն Ադրբեջանի հետ՝ ի դեմս Մոսկվայի և Կարսի պայմանագրերի: Այսքանով վերջ դրվեց մեր նորանկախ պետության գոյությանը, և հայ ազգը թևակոխեց իր 70-ամյա կարմիր դարաշրջանը:
Ի՞ՆՉ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԻՑ
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիները քվեարկեցին անկախության օգտին և դուրս եկան Սովետական Միության կազմից (ի դեպ, Հայաստանը բոլոր Հանրապետություններից միակն է, որը ԽՍՀՄ-ից դուրս եկավ հենց միութենական հանրաքվեի մասին համապատասխան օրենքի բոլոր պահանջներին համապատասխան):
Աշխարհի և առհասարակ մարդկության հետ նոր արտաքին հարաբերություններ ստեղծելու կրկնակի անհրաժեշտություն առաջացավ: Հայաստանը դեռևս խորհրդային տիրապետության ժամանակաշրջանում քիչ թե շատ փորձառություն էր ձեռք բերել, որը և փորձ կատարվեց կիրառել հօգուտ նորանկախ երկրի:
Դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին մի շարք երկրների հետ. Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ, անդամակցեց մի շարք միջազգային կազմակերպությունների, թեպետ այս ամենն ուղեկցվում էր Արցախյան ազատամարտով, երկկողմանի շրջափակումով, էներգետիկ ճգնաժամով: Սակայն Հայաստանն ու Արցախը պատվով դուրս եկան այս մի գոյամարտից ևս: Ռազմի դաշտում ունեցած հաղթանակից հետո սկսվեց մի նոր փուլ, այն է՝ ձեռքբերված հաղթանակը պահպանել և ամրագրել նաև միջազգային կառույցներում:
Սակայն այստեղ սպասվում էին հիասթափություններ և անգամ՝ հետնահանջներ: Առաջին մեծ սխալը, ըստ իս, որը ՀՀ-ը և հայկական լոբբիստական կառույցները կատարեցին, դա այն էր, որ արտաքին քաղաքականություն կառուցելիս, երբեմն, չափազանց գերկենտրոնացան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Ըստ իս, դա մի գործընթաց է, որը ոչ մի տեղ չի տանում, բացի փակուղին: Սփյուռքի և պետության ահռելի գումարներն ուղղակի շարունակում են փոշիանալ երկրի սխալ մարտավարության արդյունքում և ոչ մի արդյունք՝ չհաշված մի քանի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը և դրա հերքումը քրեորեն պատժող օրինագծերի ընդունումը: Այս մարտավարությունը բացի բարոյական հաղթանակից ուրիշ ոչ մի շոշափելի հաղթանակ դեռ չի բերել աշխարհասփյուռ հայությանը և ՀՀ քաղաքացիներին:
Ցավոք, այս 28 տարիների ընթացքում ունեցել ենք հետընթաց նաև Արցախի խաղաղ կարգավորման գործընթացում, որի հետևանքներից է, օրինակ, բանակցություններից Արցախի՝ որպես բանակցող կողմի դուրս մնալը կամ լուծումների փնտրտուքում հարցի պատմաիրավական համատեքստը շրջանցելը, որի մասին վերը նշվեց, երբ քեմալաբոլշևիկյան տանդեմը ստեղծեց Արցախի և Նախիջևանի արհեստական խնդիրը: Կարծում եմ՝ բացթողումներից մեկը ՀՀ կողմից 1921թ. Կարսի ամոթալի պայմանագրի չչեղարկումն էր, որը ՀՀ-ի համար առնվազն կփոխեր Արցախի խնդիրը միջազգայնորեն հետամտելու հարթությունը: Մինչդեռ այս անցած ժամանակահատվածում հայկական սփյուռքի բավականին մեծ ներուժը և պետական գումարները պետք է օգտագործվեին Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացի համար, որն առավել արդյունավետ և շոշափելի արդյունք կտար:
Հաջորդ խնդիրը կապված է ՀՀ արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձի հետ: 2009-2010թթ. ՀՀ-ը և ԵՄ-ը պաշտոնապես հայտարարեցին նախ Ասոցացման, ապա Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի (հետագայում՝ ԽՀԱԱՀ) շուրջ բանակցությունների մասին: Շուրջ երեքուկես տարի կողմերը քայլ առ քայլ մոտենում էին դրան, որի շնորհիվ էլ գործնականում դրական տեղաշարժեր արձանագրվեցին նաև Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության, հիմնարար իրավունքների հետ կապված մի շարք ոլորտներում, ինչն ուրախացնող և ոգևորող էր:
Սակայն այստեղ էլ “բախտներս չբերեց”: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում անսպասելիորեն հայտարարեց, որ ՀՀ-ը մտադիր է միանալ ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի ստեղծած Մաքսային, ապաև՝ ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միություններին, ինչը գործնականում անհնար դարձրեց քիչ անց Եվրամիության հետ բանակցված Ասոցացման և ԽՀԱԱՀ ստորագումը: Ըստ որում, Հայաստանը պետք է մաս կազմեր մի տնտեսական միության` ԵԱՏՄ-ի, որը դեռևս չէր էլ ստեղծվել:
ՀՀ արտաքին քաղաքականության մեջ այս շրջադարձն էականորեն վնասեց երկրի միջազգային հեղինակությունը, դրանից զատ՝ տնտեսական, քաղաքական և այլ առումներով երկարաժամկետ ու լայն հեռանկարը ստորադասեց կարճաժամկետ ու նվազ օգուտներին: Երկիրը հետընթաց ապրեց նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: ԵԱՏՄ-ին անդամակցելու հիմնավորում բերվեցին «անվտանգության շահերը», սակայն 2016թ. Ապրիլյան պատերազմը հօդս ցնդեցրեց նաև այդ միֆը, երբ միաժամանակ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ հանդիսացող պետությունների կողմից զինված Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ, ինչի արդյունքում հայկական կողմը 100-ից ավելի զոհ տվեց:
Փաստորեն, իշխող կուսակցության այն հիմնավորումը, որով Հայաստանը նման կտրուկ փոփոխություն կատարեց իր արտաքին քաղաքականության մեջ, չարդարացրեց իրեն, ինչի մասին բազմիցս այդ ժամանակվա իշխանություններին զգուշացնում էին տարբեր կուսակցական և հասարակական գործիչներ: Ոչ միայն երկրում առկա կոռուպցիան և անարդարությունը, այլ նաև արտաքին քաղաքական այդ շրջադարձն ու դրա քաղաքական-սոցիալական հետևանքները խթանեցին 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը: Սակայն հեղափոխությունից հետո էլ իշխանության եկած քաղաքական թիմն արտաքին քաղաքականության ոլորտում ոչ մի փոփոխություն չկատարեց՝ հայտարարելով, որ երկիրը չի վերանայելու արտաքին քաղաքական կուրսը:
Երկրներն ու նրանց հասարակությունները որևէ միության անդամակցելիս որպես աքսիոմատիկ ճշմարտություն պարտադիր հաշվի են առնում այն հիմնական առանձնահատկությունները, որոնք առկա են թե՛ տվյալ միությանն անդամակցել պատրաստվող երկրի ներսում, թե՛ տվյալ միության անդամ երկրներում: Հայաստանն իր մշակույթով և կրոնով, լեզվաընտանիքի պատկանելությամբ, պատմությամբ և էությամբ առավել մեծ ընդհանրություններ ունի եվրոպական ընտանիքի, քան սլավոնա-թաթարական և ասիական ընտանիքների հետ: Մենք առավել արագ կինտեգրվենք Եվրամիությանը և կընդունենք նրա դավանած արժեքները, քան մեզ հետ ոչ մի ընդհանրություն չունեցող ԵԱՏՄ-ի հետ: Առհասարակ, ՀՀ տեղը քաղաքակիրթ ու ազատ ազգերի աշխարհն է, ՀՀ քաղաքացիներն առաջադեմ մարդկության շարքերում պետք է կանգնած լինեն. դա է պահանջում օրվա հրամայականը և իհարկե մեր անցած բազմադարյա ուղին:
Եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են ապրել արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով, ունենալ ինքնիշխան և անկախ երկիր, կառուցել իրենց հոգուն և բարոյականությանն իրապես հարիր արժեհամակարգ, պետք է լրջորեն վերանայեն երկրի արտաքին և ներքին քաղաքականություններն արժեհամակարգային ու շահային առումներով, որոնց մասին չեն ո՛չ ԵԱՏՄ-ը, ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ ԱՊՀ-ը: Հայաստանի տեղն առաջադեմ աշխարհն է, ու նրանք դատապարտված են մեկը մյուսին ընդառաջ գնալ:
Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են փետրվարի 23-ին տեղի ունեցած ՄԱՀՀԻ IV երիտասարդական ֆորումի Բանավեճի նիստում՝ որպես ՀՀ անվտանգային քաղաքականությունների հնարավոր դիպաշարերից մեկը:
«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
Եթե հայերս ուզում ենք արժանապատիվ,ժողովրդավար երկրում ապրել,նույնիսկ ԵՄ հետ ասոցացումն էլ պարտադիր չէ՝մենք կարող ենք մեր ուրույն ուղիով առաջ շարժվել,առանց նմանակելու ուրիշներին:Կյանքը ցույց է տվել,որ մենք շատ վատ ենք նմանակում…..