«Այնքան ենք օպտիմիզացիա բառն օգտագործել, որ ստերեոտիպային է դարձել՝ միայն կրճատում, վերացում ենք ընկալում»,- «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
Նա փաստեց՝ կրճատումները կարող են լինել մարդկային և ինստիտուցիոնալ: Այս առիթով մանրամասնեց. «Երբ դնում ենք ինստիտուցիոնալ կրճատման հարց, հարց է լինում, լավ, էդ ֆունկցիան մեզ պե՞տք չէ, թե՞ պետք է: Եվ եթե պետք է բարելավել, ապա պետք է խնդիր դնել: Այնքան ենք օպտիմիզացիա բառն օգտագործել, որ ստերեոտիպային է՝ միայն կրճատում, վերացում ենք ընկալում: Պետք է սկսել հանրային խոսքը տեղ հասնելուց: Իսկ կրճատման հիմնավորումն այն է՝ արդյոք ֆունկցիան պահպանո՞ւմ ենք, թե ոչ»:
Օրինակ բերելով սփյուռքի նախարարության հարցը՝ Թևան Պողոսյանն ասաց. «Նույն սփյուռքի նախարարությունը մի կողմից կարող էր տեխնիկապես մնալ իր տեղում, դառնալ երեսուն հոգանոց մի նախարարություն, ինչպես ասում են министр без портфеля: Հիմա սփյուռքի հանձնակատար կա ուղիղ կառավարության ներքո, վարչապետի ուղիղ ենթակայության տակ: Լինելու է հանձնակատար և թիմ: Պետք է հասկանանք, որ այսօրվանից վարչապետը սփյուռքի նախարարն է, քանի որ հանձնակատարը չի դառնալու կառավարության անդամ, վարչապետն է հաշվետու լինելու»:
ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի կարծիքով՝ անկախ նրանից՝ կառավարման մոդելն ինչպիսին է, կառավարիչն է որոշում արդյունավետությունը. «Ամբողջ ցավը նրանում է, որ ՀՀ-ում դեռ լիարժեք չի գնահատվում և գիտակցվում, որ կառավարիչը մասնագիտություն է. պետք է սովորել: Մենք՝ հայերս, ճկուն ազգ ենք, խելքով ենք, կարծում ենք՝ կարող ենք մենք հեշտ ու լավ կառավարել: Մինչդեռ որպես կառավարիչ պետք է ունենաս հմտություններ, կոմպետենտ լինես, որ կարողանաս կառավարել: Կառավարիչ պատրաստելը բարդ գործ է, եթե դա չանենք, կկանգնենք լուրջ խնդիրների առաջ: Մի քանի փուլեր կան կառավարիչի ձևավորման հարցում: Առաջինը կապված է նրա հետ, որ կառավարումն ավելի ընդհանուր ֆունկցիա է, քանի որ կա պետական, մունիցիպալ կառավարում, ընտանիքի կառավարում: Կառավարումը պետք է մտածողություն լինի մեր գիտակցության մեջ, որ պետք է սովորել կառավարել, այլ ոչ թե հարևանի, պապայի մամայի փորձի վրա հույս դնել: Անպայման կրթական համակարգ է պետք պատրաստել դրա համար: Եթե խոսքը մարդկանց կառավարման մասին է, ինչպե՞ս կարելի է կառավարել, եթե չգիտես մարդուն: Դրա համար էլ օրենքներն առաջնային են լինում, քան մարդը: Մինչև չփոխենք մեր մոտեցումը, որ առաջնայինը մարդն է, շատ բարդություններ կունենանք»:
Ռուբեն Աղուզումցյանի փաստմամբ՝ կառավարումը կապված է իրական կյանքի հետ. մեր ուղղվածությունը դեպի մարդը պիտի լինի:
Թևան Պողոսյանի կարծիքով՝ պետք է տարանջատվի կառավարումն ու քաղաքական առաջնորդությունը: Նա պարզաբանեց. «Քաղաքական լիդերը պարտադիր չէ, որ լավ կառավարիչ լինի: Նա քաղաքական վեկտորի որոշողն է: Իր վարքագծով պետք է առաջնորդություն ցուցաբերի, պարտադիր չէ, որ լավ կառավարիչ լինի: Կարող է լիդերը լավ կառավարիչ լինել, որ բացատրի իր մտքերը, թե ինչ ձևով իրագործել, որ կյանքի կոչվեն: Պետք է ունենաս քայլերի հաջորդականություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ