Հայոց պատմության դասագրքերում հավանական է փոփոխություններ իրականացնեն եւ 2008թ. մարտիմեկյան իրադարձությունները ներկայացվեն այլ կերպ, քան այժմ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում խորհրդարանում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը տեղեկացրեց, որ իր հրամանով հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է պատմության դասագրքերը, ուսումնասիրություններից եւ քննարկումներից հետո հանձնաժողովը կներկայացնի եզրակացություն, որի հիման վրա էլ կորոշվի՝ փոփոխություններ անել, թե ոչ, եւ ինչ փոփոխություններ անել:
Լրագրողներից մեկի հարցին՝ եթե պարզվի, որ 2008-ի իրադարձությունները կեղծվել են, պատասխանատվության կենթարկվե՞ն այն պատմաբանները, ովքեր հեղինակել են դասագրքերը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքը պատասխանատվության դաշտ չի մտնում, դա այլ ոլորտ է: Հարց հնչեց՝ նախարարի կարծիքով՝ 2008-ի իրադարձությունները դասագրքում կեղծվա՞ծ են ներկայացված, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ինքը դասագրքերը չի ուսումնասիրել, խնդրին ծանոթ է հրապարակումներից. «Կարծում եմ, որ թյուր ինֆորմացիա է փոխանցվել»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ մշակութային ՊՈԱԿ-ների օպտիմալացումների հարցերով, ինչն այս օրերին թեժ քննարկումների առիթ է տվել: Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ոլորտի պատասխանատուները հարցն իրեն այսպես են ներկայացրել՝ սեւագիր աշխատանքային փաստաթուղթ է դա: ՊՈԱԿ-ների ղեկավարներին եւ կոլեկտիվներին Արայիկ Հարությունյանը հանդարտության կոչ է անում. «Բոլոր հարցերը միասին կքննարկենք: Չեմ կարծում, որ խնդիրներ կլինեն: Ավելին այս պահին չասեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ