Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեղամ Վարդանյան. «Մեդիա կոնվերգենցիան օգնում է ավելի արդյունավետ կառավարել բովանդակությունը»

Փետրվար 27,2019 15:33

Համացանցի ի հայտ գալը վերաձևեց նաև ԶԼՄ-ների ընդհանուր պատկերն ու աշխատելաոճը: Մեդիա կոնվերգենցիա անվանումով հայտնի երևույթը ստիպեց գրեթե բոլոր տեսակի ԶԼՄ-ներին տեղափոխվել համացանց: Հայաստանում կոնվերգենտ մեդիայի ազդեցությունը երևաց շուրջ 5-6 տարի առաջ: Այսօր գրեթե բոլոր լրատվամիջոցները սոցցանցերում վարում են իրենց էջերը: Այն և՛ նպաստում է լսարանի ընդլայնմանը, և՛ շահույթ ապահովելուն:

Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը հստակ չի սահմանազատում, թե Հայաստանում մեդիա կոնվերգենցիայի առաջընթացի ինչ գործիքներ կան. «Ես վստահ չեմ, որ մեդիա կոնվերգենցիան Հայաստանում առաջընթաց է ապրում։ Նման հետազոտություն, ուսումնասիրություն դեռ չեմ տեսել: Եթե որպես հիպոթեզ վերցնենք, որ կա առաջընթաց, ապա իմ կարծիքով դա առաջին հերթին խմբագրությունների օպտիմալացումն է, ինտերնետի տարածվածության ու արագությունների աճը, օգտատերերի, այսինքն` լսարանի տեխնոլոգիական առաջընթացը (նկատի ունեմ, օրինակ, սմարթֆոնների, բջջային ինտերնետի ավելի լայն կիրառությունը)»,- նշում է փորձագետը: Վերջինիս խոսքով՝ մեդիա կոնվերգենցիան օգնում է ավելի արդյունավետ կառավարել բովանդակությունը։ Սա, առաջին հերթին վերաբերում է ինֆորմացիայի հասանելիության արդյունքում դրա՝ հնարավորինս հակիրճ բնույթ ստանալուն: Այսպես, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Ռոբին Մանսելն իր «Մեդիա կոնվերգենցիայի քաղաքականության հիմնախնդիրները» հետազոտության մեջ մասնավորապես նշում է, որ «թվային մեդիայի դրական կողմերից են արդյունավետությունը, սոցիալական մեդիայի միջոցով բազմապիսի ինքնություններ կերտելու հնարավորությունը, ժողովրդավարության և քաղաքականության մոբիլիզացիան»:

Ըստ փորձագետ Գեղամ Վարդանյանի՝ լրագրողները ոչ միշտ են կարողանում հարմարվել իրենց բազմաֆունկցիոնալ դերին: Պետք է հաշվի առնել այն, որ կոնվերգենցիայի է ենթարկվել ոչ միայն մամուլը, այլ նաև լրագրողի մասնագիտությունը: Այն դադարել է սկիզբ առնել թղթից ու գրիչից, կամ ավարտվել գրասեղանին՝ համակարգչի առջև: Եթե լրագրող ես, ուրեմն նաև սրբագրիչ ես, լուսանկարիչ, սոցիալական մեդիայի կառավարման պատասխանատու:

Համացանցի՝ լրատվամիջոցներին գրավելը հանգեցրեց այն կարծրատիպի առաջ գալուն, թե ավանդական մեդիան մոտ ապագայում կդադարի գոյություն ունենալ: Տպագիր մամուլի վերաբերյալ նման կանխատեսման համար բավարար հիմք հանդիսացավ նաև 2016թ. բրիտանական The independent օրաթերթի փակվելը և անցումը առցանց տարբերակին:

Գեղամ Վարդանյանի կարծիքով՝ տպագիր մամուլը դեռ երկար կշարունակի գոյատևել. «Տուժելը չգիտեմ, բայց տպագիր մամուլի տպաքանակները նվազել են։ Ու ոչ թե կոնվերգենցիայի, այլ ինտերնետի զարգացման ու որպես հարթակ աճի, տեխնոլոգիական փոփոխությունների հետևանքով»:

Գեղամ Բաղդասարյան

Իսկ «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը վստահ է, որ տպագիր մամուլի գոյատևման հիմնական գրավականը ակունքներին վերադառնալն է: Նա մասնավորապես նշում է. «Նոր տեխնոլոգիաների սկզբունքային առավելությունն այն է, որ դրանք ոչ միայն նոր ու հարմարավետ ձեւեր են հրամցնում, այլեւ ապահովում են հնարավորինս շատ մարդկանց մասնակցությունը տեղեկատվական բովանդակության ստեղծմանը։ Սակայն բովանդակության նկատմամբ տեղեկատվական պահանջները դրանից չպիտի փոխվեն։ Մինչդեռ փոխվում են ու հնարավոր էլ չէ, որ չփոխվեն։ Ու նոր տեխնոլոգիաների նոր բովանդակությունը ճարահատ դառնում է ֆասթֆուդյան որակի ու համուհոտի»:

Հայաստանյան լրատվադաշտում մեդիա կոնվերգենցիան ուղեկցվել է միջազգային փորձից որոշ օրինակներ որդեգրելով: Գեղամ Վարդանյանի կարծիքով՝ այս հարցում առաջատարներից մեկը «Ազատություն» ռադիոկայանն է. «Ազատություն»-ը ոչ միայն վերցրել է իր գործընկերների փորձը, այլ որոշ դեպքերում նրանց համար է առաջամարտիկ: Օրինակ, փոխել է նյուզրումի կառուցվածքը, լրագրողներն անհրաժեշտության դեպքում և՛ տեսանկարահանում են, և՛ ուղիղ եթեր ապահովում հեռախոսով»: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանն էլ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «մեդիայի ապագան կոնվերգենտ նյուզրումն է. չի կարելի սահմանափակել լսարանի ընտրությունը միայն ձայնով, միայն տեքստով կամ միայն տեսաշարով, պետք է նրան հնարավորություն տալ ընտրելու լուրը սպառելու իր նախընտրած ձևը»:

Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Գեղամ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728