Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «ԿԳՆ-ում բազմաթիվ հանրապետականներ են աշխատում»

Փետրվար 27,2019 15:10

«Այն օրը, որ օրը կպարզվի, որ որեւէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում եղել է որեւէ հոգաբարձուների խորհրդի անդամի վրա, այդ օրը ես հրաժարական կտամ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ համալսարանում հոգաբարձուների խորհրդի անդամների վրա ճնշումներ են գործադրվում իշխանության տարբեր կառույցների կողմից, որպեսզի նրանք դեմ քվեարկեն համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի թեկնածությանը:

Հիշեցնենք՝ վաղը կայանալու է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվելու է Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը: Իշխանական շրջանակներում չեն թաքցնում, որ չէին ցանկանա տեսնել Արամ Սիմոնյանին համալսարանի ռեկտորի պաշտոնում: Արամ Սիմոնյանն էլ հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշում է գործադրվում, քանի որ ինքը նախկին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի անդամ է:

Արայիկ Հարությունյանը հերքում է քաղաքական ճնշման մասին Արամ Սիմոնյանի հայտարարությունները եւ դրա բացակայության մասին հակափաստարկ է բերում. «Իմ ղեկավարած նախարարությունում քիչ չեն մարդիկ, ովքեր բավական բարձր պաշտոններ են զբաղեցնում եւ Հանրապետական կուսակցության անդամներ են»:

Իսկ Արամ Սիմոնյանի հետ իրենց հարաբերությունները, ասում է՝ մինչ այժմ կրել են բացառապես գործընկերային բնույթ: Նախարարի գնահատմամբ՝ Արամ Սիմոնյանը այդպիսով սադրանք է իրականացնում եւ իրենց այլ գործընկերների ուղղակի ներքաշում է այդ սադրանքի մեջ: Նա բոլորին կոչ է անում սադրանքների չտրվել: Ասում է, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի նկատմամբ ինքը որեւէ խտրական վերաբերմունք չի ունեցել մինչ այսօր, չի ունենալու նաեւ հաջորդ ռեկտորի ընտրությունից հետո:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանն ինքը օրերս Արամ Սիմոնյանին հորդորել էր հրաժարական տալ, նախարարն այսպես պատասխանեց. «Ես ոլորտի պատասխանատուն եմ եւ կարող եմ իմ կարծիքը արտահայտել»: Նրա հավաստիացմամբ՝ համալսարանի ռեկտոր կդառնա նա, ում խորհուրդը կընտրի:

Ինչ վերաբերվում է այսօր համալսարանում տեղի ունեցող բողոքի ցույցին, նախարարն ասաց, որ նորմալ է վերաբերվում, մարդիկ իրացնում են իրենց իրավունքը:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Համալսարանում ֆինանսական չարաշահումների եւ Բժշկական համալսարանում ՊՎԾ-ի ստուգումների եւ բացահայտումների մասին Արայիկ Հարությունյանը չցանկացավ խոսել: Առաջին դեպքում ասաց՝ չի ցանկանում մեկնաբանել Արամ Սիմոնյանի հայտարարությունները, երկրորդ դեպքում՝ իր աշխատասեղանին կնքված փաստաթուղթ չի դրվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728