«Դա լսելով՝ հույս ունեի, որ պարոն Վանեցյանը գոնե կասի, թե ուր եւ ինչպես է մեկնել Արամ Հարությունյանը…Բայց նման բան չկա: Պաշտպանյալս ՀՀ տարածքում է: Ակնհայտ է, որ տպավորություն են ստեղծում, թե նա մեկնել է երկրից: Եթե պնդում են, որ նման հանգամանք կա, պետք է ներկայացնեին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը, թե Արամ Հարությունյան ապօրինի կերպով հատել է ՀՀ սահմանը:
«Նման տվյալ չկա, ցանկացած բան կարելի է հայտարարել»,-վստահեցրեց Կարեն Հակոբյանը: Թե ինչու է ԱԱԾ-ն նման հայտարարություն անում, փաստաբանն ընդգծեց. «Կարծում եմ՝ ցանկանում են հանրությանը ներկայացնել, թե բարդ իրավիճակ է ստեղծվել, այդ պատճառով իրավապահները չեն կարողանում իրենց պարտականությունները կատարել: Ուզում են ասել՝ եթե Արամ Հարությունյանը ՀՀ-ում լիներ, կգտնեին-կբերեին»:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը հետախուզման մեջ է: Առաջին ատյանի դատարանն այսօր սկսել է քննել նրա հանդեպ քրեական գործի վերաբացման դեմ ուղղված պաշտպանական կողմի բողոքը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ