Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրի ոստիկանապետն առարկեց «Սասնա ծռերի» համաներման դեմ

Փետրվար 27,2019 14:38

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր որպես տուժող հարցաքննվեց Հրաչյա Խոստեղյանը, որը ներկայումս Շենգավիթի ոստիկանության բաժնի պետն է, իսկ դեպքերի ժամանակ զբաղեցրել է Արաբկիրի ոստիկանության բաժնի պետի պաշտոնը: Նա դատարանին պատմեց՝ ծառայություն իրականացնելու ժամանակ, երբ ոստիկանական զրահամեքենան շարժվել է դեպի ՊՊԾ գնդի տարածք, այդտեղից կրակոցներ են հնչել. «Ես բեկորային վնասվածք եմ ստացել, նաեւ՝ գործընկերս: Ինձ տեղափոխել են հիվանդանոց: Այդքանն է եղել դեպքին իմ առնչությունը»:

Թե ինչ գործողություն էր պատրաստվում իրականացնել զրահամեքենան, Հրաչյա Խոստեղյանն ասաց. «Պարզապես փորձում էր տեղափոխվել դեպի հակառակ կողմ: Մինչեւ զրահամեքենայի շարժն էլ օդում կրակոցներ են հնչել: Զենքերը վայր դնելու եւ իրենց միանալու կոչեր էին հնչում»:

Շենգավիթ համայնքի ոստիկանապետը նաեւ տեղեկացրեց, որ գնդի ուղղությամբ շարժվելու ընթացքում զրահամեքենան չի կրակել:

Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հարցրեք՝ «դուք ձեզ տուժող համարո՞ւմ եք»: «Այո»,-պատասխանեց Հրաչյա Խոստեղյանը: Նա չկարողացավ ասել, թե ում կրակոցից է բեկորային վնասվածք ստացել քունքի հատվածքում:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» հանդեպ համաներմանը, տուժող Հրաչյա Խոստեղյանը դատարանին հայտնեց, որ առարկում է: Հիշեցնենք, որ եթե գործով տուժողներից անգամ մեկն առարկի, «Սասնա ծռերի» հանդեպ համաներում չի կիրառվի:

Այնուհետեւ որպես տուժող հարցաքննվեց նաեւ Արամ Հովհաննիսյանը, որը ներկայում կադրերի ռեզերվում է, իսկ գնդի զավթման միջադեպի ժամանակ Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետն էր: Նա դատարանին տեղեկացրեց, որ գտնվել է Խոստեղյանի հետ նույն տարածքում, եւ գնդից հերթական կրակահերթի ժամանակ վնասվածք է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց: «Մարտիրոս Հակոբյանին եմ հիշում՝ հայհոյում էր, կրակոցներ հնչեցնում օդում, պահանջում զենքը վայր դնել ու միանալ մեզ: Մեր ձեռքում զենք չի եղել այդ պահին»,-հայտնեց Արամ Հովհաննիսյանը:

Նրա հարցաքննությունն այսքանով ընդհատվեց, քանի որ միջադեպ տեղի ունեցավ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(լուսանկարում՝ դատավոր Մեսրոպ Մակյանը)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728