Ուսուցիչների աշխատավարձերը սեպտեմբեր ամսին բարձրացվելու են: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Արայիկ Հարությունյանն առայժմ չի նշում, թե ինչքանով են աշխատավարձերը բարձրանալու կամ ինչ գումարների հաշվին, քանի որ 2019-ի բյուջեով մանկավարժների աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: Նախարարը վստահ է՝ նախատեսվող բարձրացումը բեռ չի դառնա բյուջեի համար:
Այսօր Արայիկ Հարությունյանը խորհրդարանում հանդիպում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորները հետաքրքրվել են կրթական բարեփոխումներից եւ նախարարությունների միավորման արդյունքում առաջացող հնարավոր խնդիրներից: Հարցերը շատ են եղել, դրանց մի մասը թողնվել է հաջորդ հանդիպման քննարկմանը: Այսօր Արայիկ Հարությունյանը պատգամավորների 15-16 հարցի է պատասխանել, որոնց հիմնական մասը վերաբերվել է կրթական բարեփոխումներին:
Լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց՝ բարեփոխումները ցավոտ են, բայց պիտի իրականացվեն: Լրագրողների դիտարկմանը՝ ուսուցիչների շրջանում բունտ է հասունանում եւ ուսուցիչների այն հայտարարություններին, որ վարչապետին սխալ տեղեկություններ են փոխանցվում դրույքաչափերի մասին, Արայիկ Հարությունյանն արձագանքեց, ասաց, որ դրույքաչափերի շուրջ քննարկումներ են իրականացվում, երեկ նաեւ մարզպետների հետ է հարցը քննարկել, ամբողջական պատկերացում ունենալուց հետո հարցին ամբողջական կանդրադառնան: Իսկ նախնական պատկերացումների արդյունքում սեպտեմբերին աշխատավարձերի վերանայումներ կլինեն:
Նախարարը նաեւ ասաց, որ իրենց կողմից իրականացվող «Ուսուցիչ» նախագծի շրջանակներում ուսուցիչների վերապատրաստման համակարգի ներդրումից հետո վերապատրաստված ուսուցիչների աշխատավարձերը 50%-ով կբարձրացվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ