Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրություններ ստացել են ծանուցումներ այն մասին, որ պետք է 5 օրում ազատեն Երեւանի քաղաքապետարանին պատկանող տարածքը:
Այսօր «Հայելի» ակումբում այդ թեմայով հրավիրած ասուլիսում «Անդին» ամսագրի խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց, որ այս շենքը՝ դրսից գեղեցիկ, ներսից քստմնելի, զարմանալի է, թե ինչի համար է կառուցված: Նա ասաց, որ ժամանակին, երբ տարածք տվեցին այս շենքում «Անդին» ամսագրին, ստվարաթղթե պատեր էին, ձեռքով խփեիր՝ կմտներ ներս. «Սահմռկեցուցիչ բան էր, հսկայական փող ծախսեցինք, որ աշխատասենյակ դառնա: Դրան գումարած՝ ֆանտաստիկ զուգարաններ ունեին, սովետական շրջանի զուգարանի հոտը լավ պահել էին, ներս էիր մտնում՝ աչքերդ մռմռում էին: Սանհանգույց սարքեցինք, դուռ, լուսամուտ, սկսեցինք աշխատել: Նախկին քաղաքապետարանը, տեսնելով, թե ինչքան փող ենք ծախսել, որոշեց անհատույց տրամադրել մեզ: Քաղաքապետարանը, ինձ թվում է, մեզ պարտք է: Այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով, այս շենք գալիս են մտավորականներ, գիտնականներ, նկարիչներ՝ այս խմբագրությունների համար: Այն որոշումը, որ մեզ ուղարկել են, չափազանց անհարգալից վերաբերմունք է մամուլի հանդեպ: Սա կարծես վերջնագիր է»:
Տեր-Գուլանյանը դիմեց քաղաքապետարանին՝ հորդորելով, որ մամուլի հետ այդ լեզվով չխոսեն. «Մեզ վերջնագիր են ներկայացնում, թե այս տարածքը պիտի լքեք, ի՞նչ եք ասում, դեռ իրենք են պարտք մեզ: Եթե ուզում եք՝ պետք է անհատույց տան մեզ: Չի՛ կարելի մամուլի հետ այդ տոնով խոսել, ով ուզում է լինի այդ խոսողը: Մամուլի հանդեպ հարգանք է պետք, գալ, տեսնել ինչի մասին է խոսքը, նոր եզրակացություն արեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ