Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ թուղթ»՝ մամուլին. Խմբագիրների արձագանքը՝ Հայկ Մարությանի՝ իրենց տարածքից վռնդելու փորձերին

Փետրվար 27,2019 14:02

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրություններ ստացել են ծանուցումներ այն մասին, որ պետք է 5 օրում ազատեն Երեւանի քաղաքապետարանին պատկանող տարածքը: Նման ծանուցումներ ստացել են նաեւ Իսահակյան 28, Արշակունյաց 4 հասցեում տեղակայված լրատվականները: Գրության մեջ քաղաքապետարանը նշել է՝ «հանրային գույքն արդյունավետ օգտագործման նպատակով»:

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ միշտ չէ, որ հանրային գույքի արդյունավետությունը պետք է գնահատել միայն փողով, ինչպես պատկերացնում է մեր քաղաքապետը. «Եկեք նայենք՝ այս շենքն արդյո՞ք այդպիսի գայթակղիչ բիզնես տարածք է: Պատրա՞ստ են բարձր գներով վարձակալել այս շենքը: Երբ որ դու քո տան գույքն սկսում ես վաճառել՝ ապրելու համար, մի օր բան չես ունենա: Եթե իրենք խղճուկ ունեցվածքն ուզում են վաճառել, որ արդյունավետություն ապահովեն, չի ստացվելու: Մեր կողմից մերժված ՀՀԿ-ի վերաբերմունքից այս իշխանությունը շատ ավելի վատ վերաբերմունք ունի մամուլի հանդեպ: Ոչ մի նախորդ քաղաքապետ մտքի ծայրով չի անցկացրել, որ կարող են վերցնել մեզ տրամադրած 90 քմ տարածքը եւ ավելի արդյունավետ օգտագործել: Մենք խղճուկ տարածքի վրա մեծ ծախս ենք արել, պատուհաններ ենք փոխել եւ այլն, ո՞վ է փոխհատուցելու մեր ծախսերը: Այնպես չի, որ Հայկ Մարությանը դարձավ քաղաքապետ, ավելի շատ է մտածում մեր քաղաքի մասին, քան մենք»:

Արմինե Օհանյանն ասաց, որ ավագանու որոշում է եղել, պայմանագիր են կնքել, անհատույց այդ տարածքը տրամադրել են իրենց:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ նման «սեւ թուղթ» եկել է նաեւ Իսահակյան 28 հասցեում տեղակայված ԶԼՄ-ներին:

Նա ասաց, որ երեկ զանգահարել է քաղաքապետի ընդունարան՝ որպես ՀԺՄ նախագահ. «Ակնկալում էի խմբագիրների հետ հանդիպում, մինչեւ ասուլիս կազմակերպելը: Գործավարը երկու անգամ ասաց՝ զբաղված է: Հետո հետեւեց խոսնակի գրառումը ֆեյսբուքում՝ ոչինչ չասող, մեդիային դարձյալ հարվածներ հասցնող»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել էր, որ ավագանու որոշում են խախտել, Սաթիկ Աեյրանյանը համաձայն է Խաժակյանի հետ՝ այդ գրությունները, որ ուղարկում են ԶԼՄ խմբագրություններին, ապօրինի է: Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ իշխանություններից հարգանք են պահանջում. «Սա նույն ձեռագիրն է, ինչ որդեգրել են նոր իշխանությունները՝ քննադատական խոսքի նկատմամբ»:

Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ եթե իսկապես ուզում են խնդրին լուծում տալ, Արշակունյաց 4 հասցեում տեղակայված շենքը կոչվում է Մամուլի շենք, թող այդ շենքից հանեն բոլոր այլ կազմակերպությունների եւ ԶԼՄ-ներին տարածք տան այդ շենքից:

«Նյութ» լրատվական գործակալության խմբագիրը՝ Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ այս շենքի կողքերը մի նախարար կա, որ տարածքներն իրենով է արել: Խոսքը Արամ Հարությունյանի՝ Բուլկիի մասին է. «Գնացեք դա վերցրեք»:

Քաղաքապետարանից արձագանքել են, որ անհավասարություն կա ԶԼՄ-ների միջեւ, օրինակ, «Հետքը» վճարում է տարածքի դիմաց, ուստի պետք է վճարեն նաեւ մյուսները: Մինչդեռ ըստ Աղաբաբյանի, այս հարցին ավելի հեշտ լուծում կա՝ «Հետքի» համար անվճար դարձրեք ու բոլորը կհավասարվեն:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ ինչպես քաղաքական դաշտը իշխանությունները բաժանեցին սեւ ու սպիտակի, այնպես էլ հիմա լրատվական դաշտն են ուզում բաժանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728