Փետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը:
Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը ներկայացրել է Խոջալուի դեպքերի 27-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների լուսանկարները: Հրապարակումից պարզ է դարձել, որ ցուցահանդեսում ներառված է եղել Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի և ադրբեջանցի տատիկի հայտնի լուսանկարի գեղարվեստական վերարտադրությունը: Ադրբեջանցի ուսանողի նկարած գեղանկարը վերնագրվել է «Հույս»:
Ուշագրավ է, որ ադրբեջանական կայքի տեղեկացմամբ, Բեռլինում ներկայացվել են այն աշխատանքները, որոնք ընտրվել են Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայում անցկացված մրցույթի արդյունքում:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարն արվել է 1993-ի ապրիլին, Քարվաճառի ազատագրման օրերին, երբ ադրբեջանական գյուղի տղամարդիկ անօգնական և անպաշտպան թողնելով իրենց կանանց, երեխաներին, մայրերին, փախել էին: Ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է յուրացնել լուսանկարը՝ դրա շուրջ հորինելով կեղծ պատմություններ: