Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարինե Օթարյան. «Սպենդիարյանի տուն-թանգարանը ԳԱԹ-ին միացնելը նվաստացուցիչ է»

Փետրվար 27,2019 13:26

Aravot.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը մտահոգություն հայտնեց իրենց թանգարանը Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) մասնաճյուղը դարձնելու վերաբերյալ, շեշտեց, որ դրանք տարբեր բնույթ ունեն:

Տիկին Օթարյանի ձեւակերպմամբ, այդ քայլը առնվազն նվաստացուցիչ և անհարիր է Սպենդիարյանի բազմակողմանի ստեղծագործական ժառանգության հանդեպ: «Նման առաջարկի ակայությունը տեղիք է տալիս մտածելու, որ հարկ կա դրա հեղինակներին տեղեկացնելու Սպենդիարյանի ով լինելու մասին: Կոմպոզիտոր, որին ենք պարտական հայկական սիմֆոնիկ երաժշտության, սիմֆոնիկ նվագախմբի գոյության, օպերային արվեստի զարգացման և այլնի համար: Արվեստագետ, որի ավանդը հասկացել ու բարձր գնահատել են գնահատել ցարական Ռուսաստանը, Սովետական միությունը, Խորհրդային Հայաստանը…»,-ասաց թանգարանի տնօրենը:

Մարինե Օթարյանն ընդգծեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի 52-ամյա տուն-թանգարանը Հայաստանի առաջին հուշային երաժշտական թանգարանն է, որի առաքելությունը իր ստեղծման պահից Սպենդիարյանի ժառանգության և թողած մասունքների համալրումն ու պահպանումն է, դրանց ուսումնասիրումն, հանրայնացումն ու հանրահռչակումը, ու այդ բոլոր գործառույթները իրականացվում են բացառապես հենց թանգարանում:

«Նշվում է « գործառույթի կրկնություն», դա ո՞րն է, պահպանությու՞նը: Մի նկատառում. ԳԱԹ-ը ի սկզբանե արխիվ է, որտեղ իրականացվում է արդյունավետ պահպանություն, իսկ ինչ ասել տուն-թանգարանի մյուս ոչ պակաս կարևոր գործառույթների իրականացման մասին: Պետք էր կատարել ուսումնասիրություն, որպեսզի հասկանալ, թե այդ գործառույթները որտեղ են արդյունավետ իրականացվում:

Այդ պարագայում կարձանագրվեր, որ Սպենդիարյանի կյանքի ու ստեղծագործական ժառանգության պահպանության ու հանրահռչակման առաքելությունը հենց նրա տուն թանգարանինն է և նրա արխիվը պետք է մեկտեղել այնտեղ: Եթե առաջնորդվենք նախարարության հիմնավորման տրամաբանությամբ, ապա կարելի է ենթադրել, որ ժամանակի ընթացքում կարող են նույն ճակատագրին դատապարտվել նաև բոլոր այն մեծանուն անձանց թանգարանները, որոնց արխիվների մեծ մասը գտնվում է ԳԱԹ-ում; Իսկ այդ մեծանուն հայերի թվում են շատերը՝ Չարենց, Թումանյան, Սարյան, Քոչար, Իսահակյան և այլն:

Եթե արվեր մասնագիտական ուսումնասիրություն, ապա քայլ չէր արվի ևս մեկ արդյունավետ գործող մշակութային միավոր, ի թիվս այլ մասնաճյուղ հանդիսացող հաստատությունների, դատապարտել չզարգացող, ստատիկ գոյության: Մասնաճյուղի կարգավիճակը սահմանափակելու է թանգարանի ակտիվ գործունեությունը, խոչընդոտելու նրա համաչափ զարգացումը»,- հայտնեց թանգարանի տնօրենը:

Մարինե Օթարյանը նաեւ փաստեց, որ վերջին տարիներին թանգարանը գրանցել է աննախադեպ զարգացում: «2012 թ. պետական աջակցությամբ իրականացված հիմնանորոգումից հետո, կազմակերպվեց միջազգային չափանիշների համապատասխան նոր մշտական ցուցադրություն՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն տվեցին ընդլայնել թանգարանի կողմից մատուցվող ծառայությունները:

Ամբողջովին վերակառուցվեց շենքի նկուղային հարկաբաժինը, որտեղ այսօր իրականացվում են կրթական ծրագրերն ու բազմաբնույթ միջոցառումները: Ստեղծվեց հուշանվերների հավաքածու, որը հնարավորություն տվեց ավելացնել արտաբյուջետային մուտքերը: Վերջին 5 տարիներին այցելուների թիվը աճել է 3 անգամ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մարինե Օթարյանի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728