Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատախազ. «Անակնկալ կերպով ԱՄԷ-ից պատասխան եկավ, որ Արամ Հարությունյանի համար գումարի մուտք է եղել 3 անձի անվամբ»

Փետրվար 27,2019 12:56

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որը հետախուզման մեջ է, առաջին ատյանի դատարանին բողոք է ներկայացրել իր հանդեպ քրեական գործի վերաբացման դեմ: Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը, որը 2007թ.-ից եղել է բնապահպանության նախարար, մեղադրվում է հանքերի շահագործման լիցենզիայի տրամադրման դիմաց գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափի` 14 միլիոն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Նա հետախուզվում է: Այս գործի վարույթը տարիներ առաջ կասեցվել էր եւ վերաբացվել 2018թ.-ին՝ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով:

Դատավոր Դավիթ Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր Հարությունյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Հակոբյանը ներկայացրեց բողոքը: «Չի կարելի քրեական հետապնդում սկսել միայն այն պատճառով, որ երկրում «իրավիճակ է փոխվել»: Դատախազությունը կայծակնային արագությամբ է քննարկել Սիլվա Համբարձումյանի բողոքը»,-հայտարարեց Կարեն Հակոբյանը:

Արամ Հարությունյանի գործով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը եւս գործի վերաբացման դեմ բողոք է ներկայացրել: Վիկտոր Մարտիրոսյանը, որը մեղադրվում է խոշոր չափի կաշառքը ստանալուն օժանդակելու համար, ժամանակին աշխատել է Արամ Հարությունյանի ենթակայության ներքո՝ որպես Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ղեկավար: Գործարար Սիլվա Համբարձումյանը 2018թ.-ին հայտարարելով Արամ Հարությունյանին 14 միլիոն դոլարի կաշառք փոխանցելու մասին՝ նշել էր, որ գումարի մի մասը նրան է տրվել, այդ թվում Վիկտոր Համբարձումյանի հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

«Նա հերքում է Սիլվա Համբարձումյանի այդ հայտարարությունը»,-լրագրողների հետ զրույցում այսօր դատարանում բողոքի ներկայացումից հետո ասաց Արամ Հարությունյանի գործով մեղադրյալ Վիկտոր Մարտիրոսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը: Նա մանրամասնեց՝ բողոք են ներկայացրել Արամ Հարությունյանի եւ մյուսների գործի վերաբացման դեմ, քանի որ այն, ըստ պաշտպանի, իրականացվել է Քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով. «Գործի վարույթը 2017թ.-ին կարճվել է, եւ Վիկտոր Մարտիրոսյանը, ինչպես եւ մյուս մեղադրյալները, ունեն փաստացի արդարացվածի կարգավիճակ: Նա չպետք է ողջ կյանքում քրեական հետապնդման ենթարկվի միայն նրա համար, որ որեւէ մեկն, օրինակ, ասում է, թե գործի վարույթի ժամանակ նախկինում ինչ-որ տվյալ սուտ է ասել»:

Պաշտպանական կողմի (լուսանկարում) բողոքի դեմ առարկեց գործով մեղադրող-դատախազ Հայկ Պետրոսյանը՝ ասելով. «Պաշտպանները նշում են, թե դատախազի՝ գործը վերաբացելու մասին որոշմամբ այս գործը հայտնվում է անորոշ ժամկետների մեջ, բայց նոր երեւան եկած հանգամանքների էությունը չի պատճառաբանվում ժամկետներով: Տասնյակ տարիներ անց էլ կարող են նոր հանգամանքներ ի հայտ գալ: Նախկինում ապացույցների անբավարարության պատճառով է գործի վարույթը կասեցվել: Դատախազությունն առաջնորդվել է անձի իրավունքների պաշտպանության ճանապարհով՝ կարճելով գործը, որովհետեւ չկային բավարար ապացույցներ: Բայց ութ ամիս անց բոլորի համար անակնկալ կերպով Արաբական Միացյալ Էմիրություններից պատասխան է ստացվում, որ Արամ Հարությունյանի համար գումարի մուտք է եղել երեք անձի անուններով՝ Արմեն Խաչատրյանի, Գագիկ Կարապետյանի եւ Վիկտոր Մարտիրոսյանի: Նշյալը նոր երեւան եկած հանգամանք է, քանի որ ԱՄԷ-ից ստացված նման տվյալներ նախկինում չունեինք, անգամ Սիլվա Համբարձումյանն այս մասին տեղյակ չէր»:

Այս գործով քննիչ Դավիթ Կոստանդյանը դատարանին միջնորդեց նիստը հետաձգել՝ պաշտպանական կողմի բողոքներին առավել մանրամասն ծանոթանալու համար: Նա մատնանշեց, որ գործարար Սիլվա Համբարձումյանի կարծիքը լսելը եւս կարեւոր է. «Պետք է կրկին ծանուցել Սիլվա Համբարձումյանին, գուցե նա ծանուցում չի ստացել: Նա հայտնել է, որ ցանկանում է մասնակցել բողոքի քննությանը: Ներկայումս ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում, որոնց նաեւ նա է մասնակցում»:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ՝ նիստը հետաձգվեց: Եթե Սիլվա Համբարձումյանը չներկայանա, կողմերը կքննարկեն նրա բացակայության պայմաններում բողոքի քննությունը շարունակելու հարցը:

https://www.facebook.com/aravot.am/videos/640404236402742/

https://www.facebook.com/aravot.am/videos/2232408093745590/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728