Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյան. Արամ Դանիելյանի ձերբակալությունը տարբերվում է նրանով, որ նախաքննական մարմինը մի քանի անգամ կարճել է տվյալ քրեական գործը. «Ժողովուրդ»

Փետրվար 27,2019 12:36

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, որը կասկածվում Է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի աշխատակիցների հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

– Պարոն Պետրոսյան, Դանիելյանի ձերբակալումը կարո՞ղ ենք համարել թավշյա հեղափոխությունից հետո սկսված համատարած ստուգումների եւ քաղաքականության հետեւանք։

– Այո, իհարկե։ Նոր իշխանությունների եւ հետհեղափոխական նշանակումների, գործունեության արդյունք։ Որովհետեւ մենք հետամուտ ենք, որպեսզի հեղափոխությունը հասցնենք բոլոր համայնքներ, բոլոր մարզեր ու, առհասարակ, պետական եւ համայնքային միջոցների վրա լուրջ վերահսկողություն իրականացնենք։ Իսկ նախկինում բոլոր հանցավոր բացթողումները, յուրացումները պետք է ստանան իրենց արժանի իրավական գնահատականը։ Սա կարող ենք այդ համատեքստում դիտարկել։

– Հայտնի է, որ այլ վայրերում եւս ստուգումներ եղել են եւ առկա են։ Կարո՞ղ է այդ շղթան շարունակական լինել։

– Չեմ բացառում; Մենք անցյալ տարի՝ իմ պաշտոնավարման սկզբից ի վեր, 7 համայնքներում պլանային եւ ոչ պլանային վարչական հսկողություններ ենք իրականացրել։ Մի մասում պարզապես փաստաթղթային ոչ էական խախտումներ են արձանագրվել, որոնք որ ընթացակարգերով շտկվել են, իսկ բոլոր այն տեղերում, որտեղ որ առերեւույթ յուրացումների կամ չարաշահումների փաստեր են ի հայտ եկել, մենք դրանք փոխանցել ենք իրավապահ մարմիններին, եւ քրգործեր են հարուցվել, ինչպես եւ Հրազդանի նախկին քաղաքապետի դեպքում էր։ Այս պահին էլ Աբովյան քաղաքում վարչական վերահսկողության գործառույթներ ենք իրականացնում։

– Ահազանգի հետքերո՞վ։

– Սա պլանային հսկողություն է եւ այս պահին ընթացքի մեջ է։ Տարածքային կառավարման մարմինը երեք տարին մեկ պետք է վարչական հսկողություն իրականացնի բոլոր այն ոլորտներում, որոնք համայնքի ենթակայության ներքո են։ Եվ Աբովյանինը պլանային են, այսինքն՝ որեւէ արտառոց բան չկա, եւ դիմում-բողոքների հետքերով չեն։ Իսկ Հրազդանինը կոնկրետ դիմում-բողոքների եւ ահազանգերի հետքերով են, եւ մենք միջնորդել էինք Տարածքային կառավարման նախարարությանը, որ ոչ պլանային ստուգումներ իրականացվեն, որից հետո էլ եղան այդ բացահայտումները։

– Սա, փաստորեն, Կոտայքի մարզում առաջին աղմկոտ ձերբակալությունն էր։

– Այո, կարող ենք ասել։ Նաեւ այս ձերբակալությունը տարբերվում է նրանով, որ նախաքննական մարմինը մի քանի անգամ կարճել է տվյալ քրեական գործը։ Սկզբից՝ հանցակազմի բացակայության պատճառով դա այլ դրվագներով էր։ Իսկ այս ձերբակալությունը մի քրեական գործի շրջանակներում է, արտաքին աուդիտի արդյունքներով են վեր հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728