Ի վերջո ինչո՞ւ էին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկել փողոց։ Որովհետեւ ընտրությունները կեղծվել էին, կեղծվել էին բացահայտորեն ու ամենացինիկ ձեւով, իսկ իրավական դաշտում կեղծված արդյունքները չեղարկել հնարավոր չէր։ Հիմա ի՞նչ, որեւէ մեկն ուզում է ժողովրդին համոզել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդ մասին տեղյակ չէի՞ն, չգիտեի՞ն, թե իրականում ինչպես են «հաղթել» ընտրություններում։ Իհարկե տեղյակ էին։ Գուցե ոչ ամենայն մանրամասնությամբ (ասենք՝ չգիտեին, թե որ մարզում քանի հոգու եւ քանի հազարական դրամ ընտրակաշառք է բաժանվել, ամեն տեղամասում քանի զրո է ավելացվել իրենց ստացած թվերին եւ այլն), բայց որ այդ ամենը լավ կազմակերպված էր, ու իրենք էլ գործընթացը վերահսկում էին՝ դա հաստատ։ Այսինքն համաժողովրդական ընդվզման պատճառն իրենց կազմակերպած հանցագործությունն էր։ Սխեման շատ պարզ էր. «Մենք կեղծում ենք ընտրությունները (տոկոս ենք խփում), իսկ եթե բողոքեք՝ կկրակենք»։ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը հենց սա է։
Ու նույն սխեման, ի դեպ, կգործեր նաեւ 2013-ի ընտրությունների ժամանակ։ Այն ժամանակ էլ էին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկել փողոց, պարզապես իշխանությունները ոչ թե զորք հանեցին ժողովրդի դեմ, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին հանեցին ժողովրդի միջից ու «տարան աղոթելու», եւ այդպիսով երկրորդ մարտի 1 կազմակերպելու անհրաժեշտությունը վերացավ։ Վստահաբար նույնը կանեին նաեւ 2018-ի ապրիլին, եթե շարժումն ապակենտրոնացված չլիներ, ու եթե համոզված լինեին, որ «տակից դուրս են գալու»։
Այսինքն՝ մեծ հաշվով, մարտի 1-ի ամբողջական բացահայտման ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմնական նպատակը հետագայում ընտրություններ կեղծելու պրակտիկան բացառելն է։ Ցանկացած իշխանություն պիտի վստահ լինի, որ այլեւս երբեք չի կարողանալու ընտրություններ կեղծել ու հետո համաժողովրդական բողոքի ալիքը խեղդել «չերյոմուխաներով» ու խայտառակ դատավարություններով, որովհետեւ հատուցումն անխուսափելի է լինելու։ Ու լավ է, որ այսօրվա իշխանությունները, մարտի 1-ի բացահայտման հարցում հետեւողականություն ցուցաբերելով, դրանով իսկ իրենք իրենց համար բացառում են նույն ճանապարհով գնալու անգամ տեսական հնարավորությունը։
Իսկ այս ամենը որպես քաղաքական հետապնդում ներկայացնելը պարզապես անհեթեթ է։ Եթե անգամ հետեւանքները քաղաքական են լինելու:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում