Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռք չեն բերվել ապացույցներ, որ Արաքս Դիլանյանն Արամ Հարությունյանին 8 միլիոն դոլար է փոխանցել». պաշտպան

Փետրվար 27,2019 12:12

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի գործով մեղադրյալներից Արաքս Դիլանյանն առաջին ատյանի դատարանին բողոք է ներկայացրել՝ գործի վերաբացման դեմ: Այսօր այն ներկայացվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում քննվող գործի շրջանակում:

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը, որը 2007թ.-ից եղել է բնապահպանության նախարար, մեղադրվում է հանքերի շահագործման լիցենզիայի տրամադրման դիմաց գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափի` 14 միլիոն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Այս գործի վարույթը տարիներ առաջ կասեցվել էր եւ վերաբացվել 2018թ.-ին՝ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով:

Նույն թվականին գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր՝ Արաքս Դիլանյանն Արամ Հարությունյանի մտերիմն է, որի Դուբայի հաշվին ինքը փոխանցել է 8 միլիոն դոլար: Արաքս Դիլանյանն էլ պնդել է, որ չի ճանաչում Սիլվա Համբարձումյանին:

Արաքս Դիլանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ավետիք Կարապետյանը, ներկայացնելով բողոքը, նշեց՝ չկան փաստական տվյալներ այն մասին, որ նշյալ գումարը փոխանցվել է Արաքս Դիլանյանի հաշվեհամարին: «Ձեռք չեն բերվել ապացույցներ այն մասին, որ այդ գումարն Արաքս Դիլանյանի կողմից տրամադրվել է Արամ Հարությունյանին: Սիլվա Համբարձումյանը հակասական ցուցմունքներ է տվել, եւ բավարար փաստեր չկան: Չենք կարող եզրակացնել, որ Արամ Հարությունյանը խոշոր չափի կաշառք է ստացել, Արաքս Դիլանյանն էլ օժանդակել է դրան: Դատախազի՝ գործի վերաբացման որոշումն օրինական չէ, մեր պաշտպանյալի իրավունքները խախտվել են: Դատախազը նախ պետք է քննության առարկա դարձներ հետեւյալը՝ արդյոք ութ միլիոն դրամ փոխանցելու մասին հայտարարությունը համարվո՞ւմ է նոր երեւան եկած հանգամանք: Ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Արամ Հարությունյանը Սուրեն Ավագյանի (գործով մեկ այլ մեղադրյալ) եւ Արաքս Դիլանյանի օգնությամբ խոշոր չափի կաշառք է ստացել: Արաքս Դիլանյանը փաստացի արդարացվածի կարգավիճակ ունի եւ պարտավոր չէ շարունակ քրեական հետապնդման ենթարկվել այն պատճառով, որ իրավապահների աշխատանքը թերի է կատարվում: Գտնում ենք, որ մեր պաշտպանյալի հանդեպ կրկնակի քրեական հետապնդումն անհիմն է»,-եզրափակեց Արաքս Դիլանյանի շահերի ներկայացուցիչ Ավետիք Կարապետյանը:

Հավելենք, որ այս գործով շահագրգիռ անձ համարվող Սիլվա Համբարձումյանը, ինչպես նաեւ Արամ Հարությունյանի գործով մեղադրյալ Արաքս Դիլանյանը դատական նիստին ներկա չէին: Բողոքի քննությունն ընթացքի մեջ է:

https://www.facebook.com/aravot.am/videos/401906690387509/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728