Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած City of smile հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակումը փոթորիկ է բարձրացրել սոցցանցերում, լրատվամիջոցներում։ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ գլխավորած հիմնադրամին գումարներ են փոխանցել այնպիսի անհատներ ու կազմակերպություններ, որոնք նախկինում Սերժ Սարգսյանի ռեժիմի ակտիվ մասնակիցներն էին, եւ Փաշինյանի պայքարը ժամանակին նաեւ նրանց ու նրանց չվճարած հարկերի, մոնոպոլիաների դեմ էր։
Նվիրատու գործարարների շարքում իր համեստ ներդրումն է ունեցել նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ով վարչապետի տիկնոջ հիմնադրամին ընդամենը կես միլիոն դրամ է փոխանցել։
– Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ է Ձեր ընկերությունը գումար փոխանցել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներից մեկին։
– Փոխանցել ենք, էլի, հազարավոր մարդիկ փոխանցել են, մենք էլ ենք փոխանցել։
– Իսկ գիտե՞ք ինչ նպատակով եք գումարը փոխանցել։
– Ինձ էլ հարցեր մի տվեք։
– Ռիտա Սարգսյանի «Նվիրիր կյանք» հիմնադրամին էլ էիք փոխանցում։
– Ես ի՞նչ հիշեմ, մեծ մարդ եմ, ես կարա՞մ հիշեմ՝ 25 տարում ինչ հիմնադրամի եմ փոխանցել։
– Դուք հիշեք՝ օրինակ, անցած երկու տարիներին փոխանցե՞լ եք, թե՞ ոչ։
– Ես չգիտեմ, ըտենց բաներով իմ տղեն ա զբաղվում, գործարանի տնօրենն ինքն ա։
– Ձեր ցանկությա՞մբ եք որոշել նվիրատվություն անել, թե՞ ինչ-որ մեկի խորհրդով։
– Ամոթ էլ է. մարդ հիմնադրամին պարտադրաբար կամ խորհրդով փող չի փոխանցում, մանավանդ, որ դա անում է լավ բանի համար։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում