Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր իշխանությունները Ծռերին որևէ գնահատական չեն տալիս և բավարարվում են պարզապես համաներմամբ. «Փաստ»

Փետրվար 27,2019 11:01

Ժիրայր Սեֆիլյանն օրերս հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, որ համբերության բաժակն արդեն լցվում է, ու դա կարող է հանգեցնել նրան, որ մի խումբ քաղաքացիներ պարտադրեն ապստամբության իրավունքի ճանաչում: Գրառման առիթը ՊՊԾ գնդի գործով դեռևս անազատության մեջ գտնվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին ազատ չարձակելու խնդիրն է, որի պատասխանատվությունն, ըստ Սեֆիլյանի, իշխանությունների վրա է:

Սեֆիլյանի հայտարարությունը, մասնավորապես ապստամբության իրավունքի ճանաչումը պարտադրելու ձևակերպումը վերջին օրերին մեկնաբանվում է առավել սուր երանգներով: Սեֆիլյանի հայտարարությունն առավելապես ներկայացվում է որպես վերջնագիր իշխանությանը, որի չկատարման դեպքում կլինի ապստամբություն: Սա էլ իր հերթին մեկնաբանվում է որպես սպառնալիք, դիցուք, նոր զինված գործողություն ենթադրող: Չնայած բուն հայտարարության մեջ նման միտք չկա, Սեֆիլյանն էլ հետո նոր գրառում արեց, թե «մի խեղաթյուրեք իմ խոսքը», միևնույն ժամանակ հայտարարությունն էլ ինքնին բավական զգուշավոր է, սակայն նման մեկնաբանությունների պատճառ օբյեկտիվորեն կա: Եվ այդ պատճառը միայն այս դեպքին չի վերաբերում: Խոսքը՝ ՊՊԾ գնդի գրավմանն ու «Սասնա ծռերի» գործունեությանը քաղաքական գնահատական չտալու մասին է:

Ո՛չ նախկին, ո՛չ էլ նոր իշխանությունները քաղաքական գնահատական չեն հնչեցրել տեղի ունեցածի մասին՝ գործընթացը դիտարկելով բացառապես իրավական հարթությունում: Իհարկե, նախկինները իրավական հարթությունում Ծռերին դիտարկում էին որպես հանցագործ, իսկ ներկա իշխանությունները համաներման միջոցով նրանց ազատություն են շնորհել: Սակայն երկու դեպքում էլ հավասարապես բացակայում է տեղի ունեցածի հանդեպ որևէ քաղաքական գնահատական:

Նախորդ իշխանությունները ոչ պաշտոնական մակարդակով Ծռերին համարում էին ահաբեկիչ, սակայն հասկանալով, որ ահաբեկչությունն ինքնին ունի քաղաքական կոնտեքստ, խուսափում էին այդ տեսակետին իրավական ընթացք տալ: Նոր իշխանությունները Ծռերին որևէ գնահատական չեն տալիս և բավարարվում են պարզապես համաներմամբ: Թերևս միակ կցկտուր գնահատականն այն է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728