«Հայկական ժամանակ» օրաթերթում ս․թ․ փետրվարի 25-ին հրապարակվել է «Հանրակրթության կոռուպցիոն բուրգը գլխատվել է, իսկ բուրգի ապամոնտաժո՞ւմը» վերնագրով մի հոդված, որի հեղինակ Ն․ Կոլոլյանը Երևանի Հերացու անվան ավագ դպրոցի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ դատարանի որոշմամբ արդեն 7 տարի չլինելով դպրոցի մանկավարժական անձնակազմի անդամ։ Ն․ Կոլոլյանի հոդվածն ավարտվում է հետևյալ հետգրությամբ «Զարմանում եմ, որ ինձ համար շատ հարգելի, արդարության ջատագով տիկին Ա. Բախշյանը, ով նմանատիպ խախտումների հայտնի բացահայտող է եղել միշտ (oր. Երեւանի հ. 37 դպրոցում եւ այլն), մինչեւ հիմա չի բացահայտել եւ չի բարձրաձայնել այս դպրոցի օրինախախտումները: Չ՞է որ սրա մասին աղաղակվում է դեռ 2013 թվականից, եւ, ավելին ասեմ, ես այս հարցը քննարկել եմ իր հետ, նաեւ հոդված է տպագրվել «Հայկական ժամանակ» օրաթերթում:
Գուցե պատճառն այն է, որ նա հիմա այդ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագա՞հն է: Իսկ ու՞ր մնաց արդարությունը…»
Միանգամից ասեմ, որ դպրոցի կազմակերպաիրավական կարգավիճակը Երևանի բժշկական համալսարան հիմնադրամի ստորաբաժանում լինելն է, ենթակա է համալսարանի հոգաբարձուների խորհրդին ու ես դրա նախագահը չե՛մ ։ Այնպես որ Դուք տարածել եք ապատեղեկատվություն, իրականությունն այն է, որ ԵՊԲՀ ռեկտոր Ա․ Մուրադյանի առաջարկով, ով չափազանց շահագրգիռ է դպրոցի հաջողություններում և ակնդետ հետևում է դպրոցի անցուդարձին, ս․թ․ փետրվարի 8-ին իր հետ կնքած աշխատանքային պայմանագրով աշխատում եմ որպես «Հերացի» ավագ դպրոցի հանրակրթական հարցերով հրավիրված Մասնագետ։ Մինչ աշխատանքային պայմանագիր կնքելը եղել եմ դպրոցում և ուսումնասիրել այն, Ձեր նշած «օրինախախտումներ» նկատելու դեպքում, երբեք չէի համաձայնվի ստանձնել այդ աշխատանքը, որովհետև, ինչպես Ձեր հոդվածից շնորհակալությամբ արձանագրեցի, գիտեք, որ «արդարության ջատագով» եմ։
Դպրոցի գործունեության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գործող տնօրեն Ն Սարգսյանի օրոք, ում հեղինակությունը Դուք անընդհատ, մեղմ ասած, անհարկի փորձում եք սասանել, այդ կիսավեր շենքում դպրոցը հնարավորինս կայացել է իր 691 աշակերտով։ Սա ավագ դպրոցի համար շատ լուրջ ցուցանիշ է, իսկ ԳԹԿ-ի կողմից թե՛ 2017 թ., թե՛ 2018թ․ արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները Երևանի միջինից բարձր են եղել։
Մասնավորապես, 2018թ-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԳԹԿ-ի կողմից (տե՛ս կայքը, էջ՝ 10) Երևանի 20 ավագ դպրոցների 12-րդ դասարաններում «հայոց լեզու» և «հանրահաշիվ» առարկաների գծով իրականացված արտաքին գնահատման արդյունքները եղել են համապատասխանաբար 6․88 և 5․93 այն դեպքում, երբ Երևանի միջին միավորները եղել են 6․20 և 5․65։ «Հայոց լեզու» առարկայի 6․88 միավոր ցուցանիշը 19 պետական ավագ դպրոցների մեջ ամենաբարձրն է եղել։ Սա դպրոցում կրթության որակի հուսադրող ցուցանիշ է ու տարբեր հոդվածներում Ձեր կողմից տարփողվող «կոռուպցիոն» գնահատականների հետ անհամատեղելի փաստ։
Ինչպես նաև, 2017-18 ուստարում դպրոցի 111 շրջանավարտների 94%-ն ընդունվել են բուհ, որոնցից 37%-ը՝ Բժշկական համալսարան ու մի քանի օր առաջ անձամբ եմ մասնակցել մի հանդիպման, երբ բժշկականի ուսանողները բնագիտական հոսքի աշակերտներին պատմում էին իրենց ուսանողական փորձի ու այն մասին, թե որքան ճիշտ են իրենք ընտրել այս ավագ դպրոցն ու ինչքան բան է իրենց տվել ուսումնառությունն այդ դպրոցում։
Այս ամենն արդյունք է աշխատանքի, որը Դուք չեք տեսնում, որովհետև արդեն 7 տարի է դատարանի որոշմամբ այնտեղ չեք աշխատում, բայց 2013 թվականից պարբերաբար անհարկի ու անհիմն հոդվածներ, բողոքներ եք գրում այս դպրոցի տնօրենի մասին։ 2018թ․ նոյեմբերին էլ 5 էջանոց «օրինախախտման փաստեր» էիք ներկայացրել Կրթության տեսչական մարմնին, որը ս․թ․ հունվարին ստուգում է իրականացրել դպրոցում և ոչ մի լուրջ օրինախախտում, որի պատճառով դպրոցում, Ձեր հայտարարությամբ, խաթարվել է կրթության կազմակերպումը, չի արձանագրել։ Այդքանով չբավարարվելով նույնաբովանդակ դիմումն ուղարկել եք Վարչապետի վերահսկողության կոմիտե, որի վերաբերյալ արդեն առկա է ԿԳՆ կրթության տեսչական մարմնի տեղեկանքը։
Անհասկանալի է Ձեր հետևողական գրոհն այս դպրոցի տնօրենի նկատմամբ, ում այս դժվարին ժամանակներում, որքան հնարավոր է, հաջողվել է ստեղծել մանկավարժական մի կուռ կոլեկտիվ, որտեղ աշակերտները Երևանի տարբեր շրջաններից գալիս են սիրով, մոտ 700 ծնող իր երեխայի նախամասնագիտական կրթությունը վստահում է դպրոցի մանկավարժական անձնակազմին ու կանգնած է նրա կողքին, որի ականատեսն եմ եղել ծնողական ժողովների ժամանակ։
Այնպես որ, տիկին Կոլոլյան, խնդրում եմ սահմանափակվել այս հոդվածով, քանի որ «Հերացի» ավագ դպրոցի տնօրենը պաշտպանված է իր արդյունավետ աշխատանքով ու գործում է ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ռեկտոր Արմեն Մուրադյանի անաչառ, բայց գորովալի, սևեռուն ուշադրության ներքո։
Անահիտ Բախշյան
ԿԳՆ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ
Հանրային խորհրդի անդամ
27․02․2018թ․