Վերջին երկու օրերին բազմաթիվ նյութեր եմ կարդացել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին նվիրատվություններ արած ընկերությունների ցանկի մասին: Թեեւ ոչ միշտ էր դրա մասին ուղիղ տեքստով ասվում, բայց հրապարակումների ենթատեքստը հետեւյալն է. ինչպես առաջ մեծահարուստները ցանկանում էին հաճոյանալ նախորդ իշխանությանը, այդպես էլ հիմա ձգտում են ներկա իշխանության «աչքը մտնել», եւ էլի «մուծվում» են: Բայց հաշվի չի առնվում մի կարեւոր պահ՝ առաջ այդ նվիրատվությունների մի մասն արվում էր գաղտնի, «սեւ» գումարներով, եւ դրանց չափը, հետեւաբար, նաեւ՝ օգտագործման եղանակն անվերահսկելի էր: Հիմա այդ ամենը թափանցիկ է, խոսքը՝ «սպիտակ» գումարների մասին է, որոնց մասին տեղեկությունը հրապարակային է, դրվում է կայքում՝ ուրեմն, այդ գումարների հետագա ընթացքին նույնպես կարելի է հետեւել: Համաձայնեք, տարբերությունը հսկայական է:
Մոտավորապես նույնն է պարգեւավճարների հարցը: Փողոցում մարդիկ ինձ ասում են՝ «առաջ դրանք կաշառք էին վերցնում, ուտում էին, հիմա սրանք պարգեւավճար են դուրս գրում, ուտում են, ի՞նչ տարբերություն»: Տարբերությունը դարձյալ շատ մեծ է: Կաշառքը, «ատկատը», բիզնեսների մեջ խցկվելը մութ, անթափանցիկ, էլ չեմ ասում՝ հանցավոր ընթացք է, որի մասին մենք հստակ տեղեկություններ չունենք: Պարգեւավճարների մասին մենք գիտենք, եւ հենց այդ պատճառով է, որ հնարավորություն ունենք խոսելու դրանց էթիկական կողմի մասին:
Դառնալով բարեգործական հիմնադրամներին, ես չեմ կասկածում, որ Աննան հավաքագրված գումարները կօգտագործի արդյունավետ ու դրանց մասին պատշաճ հաշվետվություն կտա հասարակությանը: Բայց ընդհանուր առմամբ բարեգործության վերաբերյալ ինձ, ճիշտն ասած, այլ հարց է հուզում: Մեզանում բարեգործությունը դիտարկվում է որպես մեծահարուստների բարի կամքի դրսեւորում: Իսկ հարուստները ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, որպես կանոն, մարդիկ են, որոնք կորցնելու բան ունեն, եւ նման մարդիկ չեն կարող մինչեւ վերջ անկեղծ, անկաշկանդ ու անշահախնդիր լինել. նրանց ուղեղի ինչ-որ մի հեռավոր անկյունում կա բիզնես շահի գիտակցությունը: Ի տարբերություն Հայաստանի, զարգացած երկրներում բարեգործական հիմնադրամների գումարների մեծ մասը հավաքվում է հասարակ, ոչ հարուստ, միջին խավի մարդկանց նվիրատվություններով: Պարզապես նրանց պետք է համոզել, որ իրենց բարեգործությունն իսկապես օգուտ կբերի հասարակությանը: Նրանցից յուրաքանչյուրի նվիրաբերած գումարը մեծ չէ, փոխարենը մեծ է նրանց շահագրգռությունը, որ հիմնադրամը հասնի իր նպատակներին: Այդ մշակույթը մեզանում առայժմ բացակայում է:
…Հայաստանում կա՞ն, օրինակ, կամավորների խմբեր, որոնք որոշակի պարբերականությամբ մի քանի օր աշխատում են հոսփիսներում, հիվանդանոցներում, ծերանոցներում, մանկատներում: Թե՞ այնտեղ միայն հարուստներն ու պաշտոնյաներն են գնում՝ նկարվելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Ի տարբերություն Հայաստանի, զարգացած երկրներում բարեգործական հիմնադրամների գումարների մեծ մասը հավաքվում է հասարակ, ոչ հարուստ, միջին խավի մարդկանց նվիրատվություններով:” Կարո՞ղ եք գոնե մեկ ֆոնդի օրինակ բերել, որտեղ ձեր նկարագրած պատկերն է: Որ ամենուրեք հարուստներն են “մուծվում”՝գիտեինք, որ այդ ֆոնդերից օգտվող աղքատները նախաքրիստոնեական ժամանակներից անշնորհակալ են՝ դա էլ էինք լսել:
մի օրինա՞կ ՝
Հայաստան Համահայկական Հիմնադրամ
Կարդալով այս
https://www.aravot.am/2019/02/21/1021720/?fbclid=IwAR1AUlWuUkewomjg5f6m6-CSoUTJ5EIeyUvBW0a3oXYQXnRD-S51m7_aS-M
հոդվածը, հասկացա, թե Սփյուռքին «կթելու» գաղափարը ում է պատկանում: Կթել են և տնօրինել իրենց հասկացած և ուզած եղանակով: Մի փոքր մասը, աչկակապության տարբերակով, հրամցրել ժողովրդին, մնացածը գրպանել: Սփյուռքը, տոգորված հայրենասիրական մղումներով, արդյոք կարո՞ղ էր ենթադրել, որ նման երկրի, որը լինելու-չլինելու խնդիր ունի, կառավարությունը, կարող է թալանել սեփական երկիրը և նույնիսկ բանակը: Եվ վերջապես, այս ժողովուրդը այդքան դժվարությունների միջով անցնելով, հավատում էր, որ այդ ամենի վերջը կլինի արդարության և երջանկության երկիր: Ինչու՞ աշխատես, միևնույնն է, աղքատ ես լինելու, դա էր նախորդ համակարգի «մոտիվացիան»: Այդ համակարգը ոչ միայն անհետացման եզրին կանգնեցրեց մեր երկիրը (չկա ոլորտ, որը ճգնաժամի մեջ չէ), այլև ոչընչացրեց ժողովրդի արժանապատվությունը: Իմ ծնողների ընտանիքը հաստատվեց Հայաստանում անցյալ դարի կեսերին: Մայրս պատմում էր, որ համատարած աղքատություն էր: Նույնիսկ այդ պարագայում, տատս փականի տակ միշտ պահում էր, երբեմն արդեն չորացած, անուշեղեն հյուրերի համար: Սա էր մեր ժողովրդի բարոյական կերպարը: Քարից հաց հանող ժողովուրդը, այսօր հայտնվել է անշնորհակալի կարգավիճակում: Նախորդ համակարգը պատասխան պետք է տա ոչ միայն թալանված երկրի, այլև ժողովրդի ոտնահարված արժանապատվության համար: Կառավարությունը ամեն ուղղություններով և միջոցներով այսօր աշխատում է վերադարձնել գողոնը և դա ճիշտ է: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է վերացնել Սփյուռքից միջոցներ հայթհայթելու այդ արատավոր պրակտիկան: Մենք ի վիճակի ենք լինել ինքնաբավ: Համաձայն պաշտոնական վիճակագրության, 100-ից ավել միլիոնատեր ունեինք միայն նախկին ազգային ժողովում, միլիարդատերներ: Համոզված եմ, որ նրանց թիվը շատ ավելի մեծ է: Պատկերացնու՞մ եք, ինչքան հարուստ կարող էր լինել Հայաստանը:
Ավարտված Ծրագիրներ՝
http://www.himnadram.org/hy/projects/status/1/page/1
եղած, վերջացած, աւարտուած
տեսանելի, շօշափելի, իրական
75 էջեր… տասը հատը գոնէ նայեցէք…
մենք լաւապէս գիտենք թէ «մեղրը մատակարարողը, իր մատներն ալ պարբերաբար կը լզէ»…
ի դէպ, մեր նուիրատւութիւնները դեռ աւելի արդիւնաւէտ ալ կը լինէին, եթէ չլիներ ձեր ընդհանուր աշխատանքային իւրայատուկ կենցաղը, անկախաբար ղեկավարներու պարագայէն. որովհետեւ «գողերը» միայն իրենք չէին, եւ վստահաբար ոչ ծոյլերը. այդ վերջին կէտին վրայ, լրիւ համաձայն եմ այժմու Վարչապետին հետ.
դուք է որ բան չէք հասկանում, տարրական իրականութիւններից կտրուած էք, եւ միմիայն քանդումի տրամաբանութեան մը մէջ էք, ծայրահեղօրէն երազային պատկերացումներով
երբեւիցէ, այս օրերուն չափ, Հայաստանի համար մտահոգ չէ եղած դասական Սփիւռքը
Աննա Հակոբյանի բարեսիրական հիմնարկի վերաբերեալ քննադատութիւնները շատ թոյլ ու տկար են:
Քաղաքական թշնամիներէն զատ, դժգոհները եւ բողոքողները անոնք են որոնք կ’երեւակայէին թէ Հայաստանի բոլոր մեծահարուստները այսօր բանտը պիտի ըլլային, եթէ ոչ՝ կախաղան բարձրացուած, Հանրապետութեան Հրապարակին վրայ, ամբոխի ծափահարութեան եւ ուրախութեան ճիչերուն մէջ:
Աննա Հակոբյանի խնդիրը չէ, որ այդպիսի մարդիկ էապէս սխալ հասկացան իր ամուսնոյն ըսածները: Եւ կամ պարզապէս ոչ մի բան չեն հասկնար, միաժամանակ համոզուած ըլլալով որ ամէն ամէն բան գիտեն: