Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը առաջին անգամ հիշատակել է Խոջալուի զոհերին

Փետրվար 27,2019 01:21

ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը, ով Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարություն է տարածել՝ նվիրված Խոջալուի զոհերի հիշատակին: Սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը նման հայտարարություն է տարածում: «Ամերիկայի Ձայն»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«Տիկին Խոսնակ, այսօր ես ձայնս եմ բարձրացնում Խոջալուի կոտորածի 27-րդ տարելիցի կապակցությամբ, որը տեղի ունեցավ 1992 թվականի փետրվարի 26-ին: Ցանկանում եմ հիշել 613 տղամարդու, կանանց եւ երեխաների, ովքեր դաժանաբար սպանվել էին այս անընդունելի բռնության արդյունքում: Խոջալուն Ադրբեջանի հանրապետության քաղաք է, որտեղ տեղի էին ունեցել դաժանության աննախադեպ դրսեւորումներ, որոնք մեծապես խախտել են միջազգային իրավունքի, մարդու իրավունքների եւ ազատությունների նորմերը: Հայկական ուժերը, ռուսական բանակի 366-րդ մոտոհրաձգային ջոկատի աջակցությամբ, գրոհեցին Խոջալու քաղաք՝ իրագործելով դաժան գործողություններ, որոնց հետեւանքները մինչ օրս զգացվում են ամբողջ երկրում:

Տիկին Խոսնակ, թեեւ հրադադարը կնքվել էր 1994 թվականին, Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսը, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղը, օկուպացված է մնում եւ ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի մնում են փախստական կամ ներքին տեղահանված: Անցած 20 տարիների ընթացքում Ադրբեջանը ծախսել է ավելի քան 6 միլիարդ դոլար՝ ներքին տեղահանվածների սոցիալական բարեկեցության ապահովման համար: Հատկանշական է, որ այս անհրաժեշտ ծախսերի հետ մեկտեղ, Ադրբեջանին հաջողվել է զգալի եւ տպավորիչ քայլեր անել տարածաշրջանում տնտեսական զարգացում ապահովելու ուղղությամբ:

Իսկապես, Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն ներդրում է կատարել տարածաշրջանային կայունության զարգացմանը, այլև մնում է Միացյալ Նահանգների հուսալի դաշնակիցը՝ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարում: 2001թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից օրեր անց Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց ամերիկյան ժողովրդին եւ կարեւորագույն աջակցություն տրամադրեց ահաբեկչության դեմ մեր պայքարում՝ թույլ տալով մեր զինված ուժերին առանց նախապայմանի օգտագործել Ադրբեջանի օդային տարածքը Աֆղանստանում գործողություններ ապահովելու նպատակով: Դրանից բացի, ծովային եւ ցամաքային ճանապարհներ տրամադրվեցին Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի մատակարարման համար:

Տիկին Խոսնակ, ողբերգության տարելիցը միշտ լուրջ իրադարձություն է, սակայն, որպես Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ, հավատացած եմ, որ կարեւոր է ճանաչել եւ հիշել զոհերին: Կոչ եմ անում գործընկերներիս միանալ ինձ՝ ցավակցություն հայտնելով Ադրբեջանի ժողովրդին»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի բազմաթիվ այլ անդամներ անցած տարիների ընթացքում իրենց հայտարարություններում շեշտել են Սումգայիթի եւ քառօրյա ապրիլյան պատերազմի հայկական կողմի զոհերի հիշատակը: Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Էդ Ռոյսն ընդգծում էր. «Մեզանից շատերը հիշում են 1988 թիվը, հիշում են Բաքվի պոգրոմները: Մենք հիշում ենք, թե Սումգայիթում ինչ տեղի ունեցավ, հիշում ենք կանանց եւ երեխաների դեմ գրոհները»:

Կոնգրեսական Ռալֆ Աբրահամը կոչ էր արել Ադրբեջանին ճանաչել եւ քննադատել սեփական զինվորների արարքները հայազգի քաղաքացիների նկատմամբ. «Կարեւոր է անցյալի անարդարությունների վրա լույս սփռել: Եկեք բարձրացնենք այդ գորգը եւ նայենք, թե ինչ է թաքնվում դրա տակ»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին պահպանել հրադադարը՝պաշտպանելով խնդրի խաղաղ կարգավորումն ու բացառելով ռազմական գործողությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728