Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ «մարտեր առանց կանոնների» սկզբունքը փլուզվում է երեք ամսում

Փետրվար 27,2019 12:00

Ղարաբաղի շուրջ վտանգի՝ ՀՀ նախագահի խորհրդականի խոստովանությունը

Այն, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հռետորաբանության փոփոխություն է նկատվում ղարաբաղյան կարգավորման գործընթացի առնչությամբ՝ մի քանի առիթներով արդեն անդրադարձել ենք այդ թեմային: Առհասարակ, ԼՂ կարգավորման գործընթացում գնալով ավելի ու ավելի է աճում անորոշությունը։

Ամիսներ առաջ՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում, երբ Դավիթ Շահնազարյանը հրավիրած իր ասուլիսում խոսեց Ադրբեջանի եւ Արցախի շփման գծում փոփոխությունների մասին՝ նա համացանցային սոսկալի հարձակումների սկսեց ենթարկվել, իշխանական թիմի իրական սպասարկումներն էլ հետ չէին մնում ֆեյսբուքյան՝ «хпарт хаиренасер»-ների կեղծ օգտատերերի բանակից:

Հիշեցնենք, թե ինչ էր ասում Դավիթ Շահնազարյանը դեկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում: «Դեռեւս մայիս ամսից փորձ էր արվել ինչ-որ բլուրներ կառուցել այնտեղ, բայց անընդհատ արգելափակող կրակով այդ շինարարական աշխատանքները դադարեցվում էին: Շփման գծից 1300-1700 մետր հեռավորության վրա, իրարից մինչեւ 5 կմ հեռու եւ փաստացի ամբողջ շփման գծի երկայնքով բլուրներ են դրանք: Սեպտեմբերի 27-ից հետո մեծ թափով իրականացվում են այդ շինարարական աշխատանքները, բլուրների մի մասն արդեն պատրաստ է, մյուս մասում շինաշխատանքներ են»,- նշել էր Դավիթ Շահնազարյանը եւ ասուլիսին ներկա լրագրողներին ցուցադրել այդ բլուրների նկարները: Նա հորդորել էր մեկնել Արցախ ու սեփական աչքերով տեսնել այդ ամենն ու ներկայացրել էր ռազմական փորձագետների կարծիքն այս բլուրների մասին. «Նման տիպի շինությունները ընդհանրապես ունեն կրկնակի նշանակություն ե՛ւ պաշտպանվելու, եւ հարձակվելու համար: Հաշվի առնելով, թե՛ հայկական կողմերի քաղաքականությունն այն իմաստով, որ հարձակում չի նախատեսվում եւ թե՛ Ադրբեջանի քաղաքականությունը, որը գիշեր-ցերեկ խոսում է նոր պատերազմի մասին, այսքան ծախսատար բլուրներն ունեն բացարձակապես հարձակողական նշանակություն: Կիրթ մարդը, ինչպես Ալիեւին անվանել է գործող վարչապետը, շարունակում է իր նույն հռետորաբանությունը, շարունակում է իր «կառուցողական», ավելի ճիշտ կլինի ասել՝ «շինարարական» քաղաքականությունը, եւ շփման գծի երկայնքով կառուցվող բլուրները բացառապես նոր հարձակողական գործողությունների համար են կառուցվում: Եվ եթե Նախիջեւանում իքս պահին այս բլուրները հարվածներ են հասցնելու մեզ, ապա Արցախում սրանք բացարձակապես հարձակման նախապատրաստվելու համար են»:

Անցել է գրեթե երեք ամիս այս ասուլիսից, եւ հիրավի «իրավիճակ է փոխվել»…

ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը փետրվարի 22-ին ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում է կատարել, նշելով հետեւյալը. «Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլեւ շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։ 2018թ.-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի դեռ չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ: Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետեւանքով»։

Անսպասելի՞ էր Թեւան Պողոսյանի արձանագրումը: Ամենեւին: Մեր հասարակության գոնե մի ստվար հատվածի համար, վստահաբար, անսպասելի չէր:

Պարզապես ցավալին այն է, որ Հայաստանի ու Արցախի համար կենսագրության մեծ մասը նվիրած պետական գործիչները ինչ-որ պահից քննադատվում էին անխնա: Մինչդեռ Արցախին առնչվող ցանկացած բան այս կյանքում ավելի կարեւոր ու արժեքավոր էր ու շարունակում է այդպիսին մնալ այդ գործիչների համար, քան նախընտրական փուլին բնորոշ՝ «մարտեր առանց կանոնների» սկզբունքը, որի ամրությունը գրեթե երեք ամիս անց բոլորի աչքի առաջ փլուզվեց:

Իսկ ի՞նչ ունենք այսօր Արցախի շուրջ… Մի տեսակ հարաբերական անդորր՝ փոթորիկից ու հնարավոր բախումից առաջ, ու առհասարակ, մեծ, շատ մեծ ու վտանգավոր անորոշություն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  26.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Կրակում եմ, ասում ենք`լավ չի: Չեն կրակում ` ասում ենք լավ չի🤔 Հա… պետք է զգոն լինել, բայց չափ կա , չէ…Ինչքան կարելի շահարկել եղած, կամ չեղած բաները 💨 ձվի մեջ մազ ման գալն էլ մի բան չի 🥚

  2. Հ.Շ. says:

    Դուք ալ կարող – եւ պարտաւոր – էիք այսպիսի բաներ գրել, ամիսներ առաջ: Քանի որ ինչպէս որ կ’ըսէք, այո, խելացի անձերի համար անսպասելի չեն յայտարարութիւններու այժմու 180 աստիճան փոփոխութիւնը:

    Հիմա որ արդէն Փաշինյանությունը տկարանալու վրայ է, լուրջ եւ որակաւոր քննադատութիւնները սկսան: Մինչ, ընդհակառակն, հիմա՛ է որ պէտք է Վարչապետը «խնայել», պարզապէս քանի որ նա հիմա… Վարչապետն է: Եղածը, եղաւ: Իր ձեռքն է ղեկը: Եթէ ինք իյնայ, ամէնքս ալ հետը կ’իյնանք: Ատենին խօսէիք, կամ քիչ մը աւելի խօսէիք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728