Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է Մայր թատրոնի բողոքը

Փետրվար 27,2019 14:30

Դատարանի գնահատմամբ, թիվ 66-Ա հրամանն արձակելուց առաջ բողոքաբեր թատրոնի տնօրենը չի պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջը եւ խախտել է աշխատակցի լսված լինելու իրավունքը:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը դատարանում 2-րդ անգամ պարտվեց: 2018 թվականի օգոստոսի 3-ի վճռով հայցվոր Վահե Մովսիսյանը վերականգնվել է նախկին աշխատանքում եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար կբռնագանձվի Մայր թատրոնից:

Անվավեր էր ճանաչվել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի՝ ի դեմս տնօրեն Վարդան Մկրտչյանի, նկատողություն տալու մասին 23.03.2018 թվականի թիվ 66-Ա հրամանը, խիստ նկատողություն տալու մասին թիվ 70-Ա հրամանը, աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 20.04.2018 թվականի թիվ 85-Ա հրամանը, եւ Վահե Մովսիսյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ սկսած 20.04.2018 թվականից բռնագանձելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով հաշվեգրման ենթակա գումարը:
Թատրոնից հօգուտ Վահե Մովսիսյանի կբռնագանձվի 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Նշված վճռի դեմ 2018 թվականի օգոստոսի 30-ին «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի վճիռը:

Գործը վերաքննիչ դատարանում փոստով ստացվել էր սեպտեմբերի 27-ին, իսկ դատական կազմին էր հանձնվել հաջորդ օրը: Հայցվորը վերաքննիչ բողոքին ներկայացրել էր պատասխան:

Վահե Մովսիսյանի եւ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի միջեւ կնքվել է թիվ 335 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն՝ Վ. Մովսիսյանն ընդունվել է աշխատանքի՝ որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ:

2017թ.-ին թատրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Մկրտչյանը: Վերջինս 2018թ. մարտի 17-ի թիվ 62-Ա հրամանով հանձնարարել է հայցվորին, որպեսզի կազմակերպության աշխատողների անձնական գործերը, աշխատանքի նկարագրերը, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանները, հրամանները եւ հրամանագրքերը հանձնի իրեն՝ կազմակերպության տնօրենին: Հայցվորի կողմից ընդունված հրամանի վրա գրավոր ձեւով առաջարկվել է կազմակերպության տնօրենին՝ առաջնորդվել ընդունված ընթացակարգով եւ պահանջվող փաստաթղթերի հանձնումը պատշաճ իրականացնելու համար հրավիրել հանձնաժողով եւ կազմել փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտ:

Պատասխանողը մերժել է սահմանված կարգով իրականացնել պահանջվող փաստաթղթերի հանձնումը եւ իր թիվ 66-Ա հրամանով հայցվորին նկատողություն է տվել: Նկատողություն տալու հաջորդ օրը պատասխանողն իր այլ աշխատակիցների հետ առանց ընդունման-հանձնման ակտի Վ. Մովսիսյանի աշխատասենյակում գտնվող Մայր թատրոնի աշխատակիցների անձնական գործերը հավաքել եւ տեղափոխել են տնօրենի աշխատասենյակում գտնվող «անվտանգության պահարան»: Հայցվորի կողմից 21.03.2018թ.-ին դիմում է ներկայացվել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի արհեստակցական միությանը՝ աշխատանքային հարաբերություններից բխող խնդիրները բարձրաձայնելու եւ դրանց լուծում տալու համար: Կազմակերպության տնօրենի 2018թ. մարտի 30-ի թիվ 70-Ա հրամանով հայցվորը ենթարկվել է խիստ նկատողության, այն պատճառաբանմամբ, որ «Արհեստակցական միությանը ուղղված դիմումի բովանդակության մեջ առկա են տվյալներ տնօրենի օգնականի եւ կազմակերպության տնտեսագետի աշխատավարձերի վերաբերյալ»:

Ըստ բողոքաբերի, Վահե Մովսիսյանը նկատողություն էր ստացել, քանի որ «չէր կատարել 17.03.2018 թվականին ընդունված թիվ 62-Ա հրամանով սահմանված հանձնարարությունը, այն է՝ պատասխանող կազմակերպության աշխատողների գործերը, աշխատանքի նկարագրերը, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանները, հրամանները եւ հրամանագրերը ենթադրաբար չէր հանձնել կազմակերպության տնօրենին»: Բողոքաբերը պնդել էր, որ «փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո արձանագրվել է, թե թվարկված փաստաթղթերը կորել են»:
Հայցվոր Վ. Մովսիսյանը հակասություն էր տեսել ասվածի մեջ, առարկելով. «Ստացվում է, որ բողոքաբերը հակասում է ինքն իրեն՝ մի դեպքում փաստելով, որ փաստաթղթերն ընդհանրապես չեն հանձնվել, մյուս դեպքում` հանձնվել են, բայց ոչ ամբողջական»:

Ի դեպ, առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Հ. Զարգարյան, արձանագրել էր, որ պատասխանողի ներկայացուցիչը գործի քննության ընթացքում ընդունել է այն հանգամանքը, որ Վ. Մովսիսյանի կողմից վերոնշյալ հանձնարարությունը կատարվել է. «Փաստաթղթերը մաս առ մաս հանձնվել են պատասխանող կազմակերպության տնօրենին»: Հետեւաբար, տարօրինակ էր, որ վերաքննիչ բողոքում թատրոնի ներկայացուցիչը դիրքորոշում էր արտահայտել այն մասին, որ հայցվորի կողմից փաստաթղթերը տնօրենին հանձնելու հրամանը չի կատարվել:

Մեկ այլ «դրվագով», Վ. Մովսիսյանը, «առանց ընդունման-հանձնման ակտ կազմելու, փաստաթղթերը թողել է տնօրենի աշխատասենյակում»:

Մինչդեռ, հրամանում գրված է՝ փաստաթղթերը տնօրենին հանձնել հանձնման-ընդունման ակտով եւ հանձնաժողովի մասնակցությամբ, ինչն էլ հիմք է տվել հայցվորին փաստաթղթերը հանձնել տնօրենին առանց հանձնման-ընդունման ակտ կազմելու:

Ինչ վերաբերում էր տեղեկություններ փոխանցելուն, Վահե Մովսիսյանը կոնկրետ հաստիքների աշխատավարձի վերաբերյալ է տեղեկություն փոխանցել թատրոնի ներսում՝ արհեստակցական միությանն ուղղված դիմումով, որն ուղղված է հաստիքների սոցիալական հավասարությանը. «Դիմումում առկա չէ որեւէ տեղեկատվություն, որը թույլ կտար նույնականացնել տվյալ անձանց»:

«Եթե նույնիսկ դատարանը գտներ, որ արհեստակցական միությանը հաստիքի աշխատավարձի վերաբերյալ տեղեկություն հայտնելը աշխատողի անձնական տվյալների խախտում է, ապա Վահե Մովսիսյանը կրկին չի կարող ենթարկվել պատասխանատվության՝ խիստ նկատողության հետեւյալ հիմնավորմամբ. սույն իրավահարաբերությունում բացակայում է Վահե Մովսիսյանի մեղավորությունը, քանի որ գործատուի կողմից մշակված չէ որեւէ ներքին իրավական ակտ աշխատողների անձնական տվյալների մշակման, փոխանցման կարգի վերաբերյալ, ավելին, գործատուն երբեւէ Վահե Մովսիսյանին ստորագրությամբ չի նախազգուշացրել անձնական տվյալների փոխանցման անթույլատրելության մասին, հետեւաբար, արհեստակցական միությանը հաստիքի վերաբերյալ տեղեկություն տրամադրելը խիստ նախազգուցացում տալու հիմք չի կարող հանդիսանալ»,-նշվել էր նաեւ դատարանի իրավական դիրքորոշման մեջ: Նկատենք, որ Վահե Մովսիսյանին աշխատանքից ազատել էին ոչ թե աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու, այլ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու հիմքով:

Սույն իրավահարաբերությունում բացակայում է Վահե Մովսիսյանի կողմից որեւէ կարգապահական կանոնի խախտում այն պարզ պատճառով, որ բողոքաբերը երբեւէ Վահե Մովսիսյանին ոչ աշխատանքի ընդունելուց առաջ, եւ ոչ էլ աշխատանքի ընթացքում չի ծանուցել գործատուի ներքին կարգապահական կանոնների մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. «Առավոտի» տեղեկություններով՝ Վահե Մովսիսյանի «հաստիքը» այլեւա չկա, եւ այն հանվել է այն ժամանակ, երբ գործը դատարանում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728