Լրահոս
Օրվա լրահոսը

87-ամյա կինն օգնություն ստանալիս կողոսկրի կոտրվածք էր ստացել

Փետրվար 27,2019 14:00

Լուսանկարում պատկերված Օֆելյա Հարությունյանը վեց անգամ ներկայացել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատական նիստ այդպես էլ չի սկսվում: Թոշակառուն մեկ պաշտպան չուներ, մեկ ունեցավ, հետո եկավ մեկ ուրիշը, խնդրեց հետաձգել, քանի որ գործի նյութերին ծանոթ չէր, նիստի օրն էլ հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը գրություն ուղարկեց դատավոր Մելքոնյանին, հայտնելով՝ արձակուրդի մեջ է:

Տեղեկացնելով արձակուրդի մասին Շենգավիթի նստավայրի կին դատավորին՝ ներկայացուցիչ-փաստաբանը խնդրել էր հետաձգել նիստը, եւ նշանակել մարտի 11-ից հետո: Դատարանն այդպես էլ վարվեց. նշանակեց մարտի 19-ին:

Այս ողջ դատավարական գործընթացի ժամանակ տուժող ճանաչված թոշակառուն սպասում էր, թե երբ իրեն ձայն կտան, վատ լսելու, նաեւ հայերենի վատ իմացության պատճառով չընկալեց, թե նիստն ինչպես հետաձգվեց, իսկ նիստից հետո նա այնքան վատացավ, որ հարկ եղավ օգնել նրան:

Ինչ խնդիր ունի տուժողը: Անցյալ տարվա հունվարի 8-ին Օֆելյա Հարությունյանը դիմել է հաղորդումով ոստիկանություն, հայտնելով, թե նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Առաքելություն Հայաստան» Շենգավիթի կենտրոնում՝ Մանթաշյան փողոցի 1/2 հասցեում, սոցիալապես անապահով ապրող մարդկանց նվերներ բաժանելու ժամանակ Անահիտ Աբրահամյանը հրել է իրեն, որի ժամանակ ընկել է գետնին, եւ ստացել մարմնական վնասվածք: Այն է, ըստ փորձագիտական եզրակացության, աջ բազկի շրջանում արյունազեղման եւ աջից երկրորդ կողոսկրի կոտրվածքի ձեւով առողջությանը տեւական ժամանակով քայքայող միջին ծանրության վնաս:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Կենսաթոշակառուն տեղեկացել էր, որ քրեական գործը կարճել են, այդ պատճառով նա բողոք էր բերել քննիչի եւ դատախազի գործողությունների դեմ: Օ.Հարությունյանն «Առավոտին» ասաց, թե բոլորն իրեն անտեսում են, որովհետեւ կենսաթոշակառու է, գումար չունի, ազդեցիկ կապեր չունի, իր նամակներին պատասխանում են ձեւական, նույնաբովանդակ սառը պատասխաններ են տալիս: Իսկ դեպքին ականատեսները, նրա խոսքերով, վրդովվել են այն բանի համար, որ դիմել է ոստիկանություն:

Թոշակառուին որեւէ մեկը չի ուզում հասկանալ, որ նա մինչ օրս դեռ կրում է այդ կոտրվածքի ցավը, դեղեր է գնում իր թոշակի հաշվին, մինչդեռ գործով որեւէ մեկը պատասխան չի տվել կատարվածի համար:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ,

26.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728