Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրականում ո՞վ է երկրի «շեֆը» եւ ինչպես չդառնալ պարանոյիկ

Փետրվար 27,2019 13:30

Բաց փակագծեր Տրյուդոյի «Ընդհանուր հայտարարում»

Կախված նրանից, թե ինչ ընտանիքում է մարդ ծնվել ու դաստիարակվել, ինչպիսի կրթություն է ստացել ու շփումներ ունեցել, ձեւավորվում է նրա աշխարհայացքը, հավակնություններն ու ցանկությունների «ցուցակը»: Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գիրքը, որի հայերեն թարգմանությունը հրատարակել է newmag-ը, այդ առումով բավականին հետաքրքիր է:

Տրյուդոն գիրքը գրել է 2014թ.՝ Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ եւ Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո: Ջասթին Տրյուդոյի կյանքը միշտ եղել է հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ ինքը Կանադայի հայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի որդին էր: Գրքում դրվագներ կան, որոնց միջոցով պատկերացում ես կազմում, թե ինչպիսին է եղել վարչապետական ընտանիքը, ինչ ժուժկալ են ապրել ու ինչպիսի հարգանքով լցված եղել ոչ «կառավարական» մարդկանց հանդեպ:

Տրյուդոն գրքում պատմում է, որ շատ է շրջել իր հայրենիքով մեկ եւ իր խոսքերով, ամեն ուղեւորություն իրեն հիշեցրել է, թե ինչպիսին է այն երկիրը, որտեղ ապրում է, հիշեցրել է այն պարգեւները, որ շնորհել է երկիրն իրենց: Նրա համոզմամբ, քարտեզներն իրական Կանադայի մասին պատկերացում տալ չեն կարող: Մարդու հայրենասիրության հիմքում, փաստորեն, հայրենաճանաչությունն է:

Նրա մանկությունն անցել է Օտտավա քաղաքի Սասեքս 24 հասցեում, որտեղ գտնվում է Կանադայի վարչապետի պաշտոնական նստավայրը: Տրյուդոն գրում է, որ ութ-ինը տարեկանում է հասկացել, թե ինչ պաշտոն է զբաղեցնում հայրը: Հետաքրքիր է հոր եւ որդու զրույցը՝ տան մասին, երբ հայրն ասել է, որ դա իրենց տունը չէ: «Նա բացատրեց, որ տունը կառավարությանն է պատկանում, բայց այս բացատրությունն ինձ ավելի շփոթեցրեց: Չէ՞ որ հայրս էր կառավարության ղեկավարը: Մի՞թե դա չէր նշանակում, որ տունը նրանն է: Ավելի ուշ՝ 1979-ին, երբ Լիբերալները համապետական ընտրություններում պարտություն կրեցին, ընդամենը մեկ գիշերվա ընթացքում Սասեքս 24-ը դադարեց մեր տունը լինել… Մենք հավաքեցինք մեր իրերն ու տեղափոխվեցինք մի քանի թաղամաս այն կողմ… Այդ ժամանակ հասկացա, որ Կանադայի «շեֆն» իրականում Կանադայի ժողովուրդն է»,-գրում է Տրյուդոն:

Գրքում անդրադարձ կա արքայադուստր Դիանայի, ԱՄՆ նախագահ Ռեյգանի ու իր հոր հանդիպմանը: Գրքի հեղինակը Ռոնալդ Ռեյգանին բնորոշում է որպես խարիզմատիկ անձնավորություն, որն իննամյա տղայի համար ոչ թե դասական չափածո է արտասանում, այլ Ռոբերտ Սերվիսի «Դեն ՄքԳրյուի սպանությունը» («Տղաներն աղմուկով զվարճանում են Մալամուտ գարեջրատանը»): Տրյուդոն այդ ժամանակ ինը տարեկան էր, եւ իրեն հիացրել էր ոչ պատշաճ թեմայի ընտրությամբ բանաստեղծությունը՝ իր խոսքերով, դերասան-կովբոյ-նախագահից:

Տրյուդոն ծնողներից ստացած կարեւոր դասերի մասին էլ է խոսում: Գրքում պատմում է, որ իր հայրը իրենց միշտ խրատել է, թե Տրյուդո ազգանունը ոչ թե արժույթ է, այլ պատասխանատվություն: Այսինքն՝ երբեք թույլ չի տվել, որ զավակները երես առնեն ու մեծամտանան: Տարբեր երկրների նախագահների իրենց տանը հյուրընկալած հայր Տրյուդոն միշտ ընդգծել է, որ մարդկանց պետք է գնահատել ըստ արժանիքների եւ ոչ թե ըստ պաշտոնի ու զբաղեցրած դիրքի, նաեւ զավակներին ասել է, որ ականջներին օղ անեն՝ քաղաքական հակառակորդներին պետք է հարգանքով վերաբերվել եւ երբեք անձնական վիրավորանք չհասցնել:

Օրինակ, իրենց տան տնտեսուհի Հիլդայի մասին մայրը մի առիթով զգուշացրել էր. «Ջասթին, դու քո կյանքի ընթացքում հանդիպելու ես թագավորների, թագուհիների, նախագահների, ամեն տեսակ հեղինակավոր ու ազդեցիկ մարդկանց, բայց ինչ տիտղոս էլ նրանք կրեն, շատերը չեն ունենալու այն արժեքը, որը մարդկային առումով ունի Հիլդան»:

Տրյուդոն շատ նրբանկատորեն, բայց բավականին թափանցիկ է խոսում ծնողների անհամատեղելիության մասին՝ հայրը մոլեռանդ կաթոլիկ էր, իսկ մորը վրդովեցնում էր եկեղեցու ներխուժումը իրենց կյանք, հայրը աշխատամոլ էր, երկրին ու ընտանիքին նվիրված, իսկ մայրը դաստիարակվել էր այնպիսի միջավայրում, որտեղ կյանքի նպատակը համարում էին կյանքից ամենից շատ հաճույք ստանալը: Տրյուդոն գրում է, որ մորը դուր չէր գալիս իրենց կանոնակարգված եւ միշտ հանրային ուշադրության առանցքում գտնվող կյանքը, ինչն էլ ի վերջո բաժանության պատճառ դարձավ: Տրյուդոն գրում է, որ հոր միակ խնդրանքը բաժանված կնոջից այն էր, որ նա ամուսնանա պետական արարողակարգով, այլ ոչ եկեղեցում, ինչպես առաջին անգամ է եղել: Ի դեպ, նրանց ամուսնության օրը Տրյուդոյի հոր վարորդը հանդիսասրահ գնալու ճանապարհին կանգնեցրել է նորապսակներին ու ծաղիկների փունջ նվիրել Տրյուդոյի մորը: Վերջինս գնահատել է նախկին ամուսնու այդ ժեստը:

«Ընդհանուր հայտարարում» անդրադարձ կա 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կայացած ողբերգությանը: Տրյուդոն գրում է, որ դա իր՝ ուսուցչի կարիերայում ամենահիշարժան ու հզոր պահն էր, երբ հագնվեց ու գնաց դպրոց՝ գիտակցելով, որ իր իններորդ ու տասներորդ դասարանների հետ չի խոսելու, ասենք, ֆրանսերենի քերականությունից, այլ խոսելու է ահաբեկչությունից:

«Մենք խոսեցինք ահաբեկչությունից եւ դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունից, նաեւ այն մասին, որ աչալրջությունը չպետք է վերածվի բոլոր մուսուլմանների դեմ պարանոյայի: Բոլոր երեխաները ցնցված էին կատարվածի պատճառով, եւ մենք՝ ուսուցիչներս, անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանք առերեսվեն կատարվածին, բայց միաժամանակ վերադառնան ամենօրյա սովորական կյանքին… Մարտահրավերներով լի ժամանակ էր»,- հիշում է Ջասթին Տրյուդոն:

Գրքում Տրյուդոն պատմում է քաղաքական այն միջավայրի մասին, որտեղ ինքն է եղել, դժվարություններ հաղթահարել, առաջ գնացել: Գրքում անդրադարձ կա նաեւ կանադահայերին:

Տրյուդոն գրում է, որ հայրը միշտ քաղաքական գործողությունների նկատմամբ ինտելեկտուալ մոտեցում էր ցուցաբերում, օրինակ, ընտրարշավների ժամանակ երբեք երեխաների չէր համբուրում, խուսափում էր մեծածախ քաղաքականությունից, սակայն, ի տարբերություն ավագ Տրյուդոյի, ինքն այլ ճանապարհ էր ընտրել. «Ես Ջիմի Սինքլերի թոռն էի՝ Ջիմի պապս երեւի իսկական մեծածախ քաղաքական գործիչ է եղել… Նա սիրում էր խառնվել ժողովրդին, սեղմել ձեռքեր, լսելով նրանց, եւ այո, եթե հնարավորություն կար, երեխաներին համբուրել»: Տրյուդոյի «Ընդհանուր հայտարարը» հաստատ արժի կարդալ, այն օգտակար եւ ուսանելի կլինի ոչ միայն քաղաքական գործիչների, այլեւ բոլորի համար:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

26.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728