Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմը մեծ բեմն է, որտեղ զգացողություններս բոլորովին այլ են»

Փետրվար 27,2019 13:00

Հարցազրույց երիտասարդ դերասան Սիփան Զադոյանի հետ

– «Առավոտը» շուրջ 3 տարի առաջ անդրադարձավ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատոնում ձեր առաջին բեմելին՝ Օտյան-Վարդազարյանի «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն» ներկայացմանը (ռեժիսոր՝ Ե. Ղազանչյան) Տիգրանի կերպարում, որին մինչ օրս հաջորդած համարյա բոլոր բեմադրություններում, հիմնականում գլխավոր կերպարներում դուք զբաղված եք, օրինակ՝ Լեւոն՝ Ղազանչյանական ռեժիսուրայով Խանջյանի «Քարերը հավաքելու ժամանակն է», Դավիթ՝ Արամաշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ», Գառնիկ՝ Խալաթյանի «Միայն քեզ եմ սիրում» (ռեժիսոր՝ Անուշ Սարգսյան), Արմեն՝ Խոդիկյանի «Հրավիրված ենք ծնունդի» (ռեժիսոր՝ Հ. Գասպարյան), Ծառա, Խեղկատակ, Քահանա՝ Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» (ռեժիսոր՝ Կ. Բալյան), Ծաղրածու՝ Սեմիրջյանի «Դու էիր պակաս» (ռեժիսոր՝ Ա. Մարգարյան)… Մասնագետներն անշուշտ մեզ հետ զրույցներում առանձնացրել են ձեր արվեստը, բայց նրանց խոսքն ունի ենթատեքստ, այն է՝ ինչ է, միակ դերասա՞նն է թատրոնում…

– Միանշանակ միակ դերասանը չեմ (ժպտում է): Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Երվանդ Ղազանչյանը, մեծ ուշադրություն է դարձնում ոչ միայն երիտասարդ դերասաններին, նրանց վստահելով գլխավոր դերեր կամ «ներմուծում» է խաղացանկային այլ ներկայացումներում, այլեւ նրա ուշադրության կենտրոնում են նաեւ երիտասարդ բեմանկարիչները, ռեժիսորները: Այս պահին թատրոնում ընթանում են Շիրվանզադեի «Շառլատանը» պիեսի աշխատանքները, որը երիտասարդ ռեժիսոր Աննա Պողոսյանի առաջին գործն է:

– Խաղացել եք արտասահմանյան եւ հայկական դրամատուրգների պիեսներում, աշխատել տարբեր ռեժիսորների հետ, ունե՞ք նախընտրած պիես կամ ռեժիսոր:

– Խաղացածս կերպարները լիովին զգացել ու տրվել եմ դրանց: Ինչ վերաբերում է ռեժիսորներին, իհարկե՝ ունեմ, բայց հասկանալի պատճառով չեմ առանձնացնի…

– Դուք հանդես եք եկել նաեւ կոմեդիայի թատրոնի փոքր բեմում… Չգիտես ինչու՝ դերասանի «որակը» նշելու համար հաճախ կարեւորում են նրա ելույթը փոքր ու մեծ բեմում…

– Թեեւ կողմնակից եմ կամերային բեմին նույնպես, բայց իմը մեծ բեմն է, որտեղ զգացողություններս բոլորովին այլ են:

– Ակտիվ ստեղծագործական գործունեությունը զուգահեռում եք թատերականում մագիստրատուրայի ուսման հետ…

– Այս տարի պաշտպանում եմ «Երաժշտականի եւ դրամատիկականի համադրումը Պարոնյանի թատրոնում» թեզը (ղեկավար՝ Վասիլի Գեւորգյան): Նշեմ, որ ուսումնասիրել եմ նյութեր անտիկ շրջանից մինչեւ մեր օրերը, ընդ որում՝ դրանք հիմնականում ռուսական եւ արտասահմանյան գրականությունից են, միայն մեկ հայ հեղինակ կարող եմ նշել, որից օգտվում եմ՝ մշակութաբան Սերգեյ Առաքելյանի աշխատությունն է՝ հրատարակված մեր թատրոնի 75-ամյակի առիթով:

– Թեզի պաշտպանությունից հետո հնարավո՞ր է ձեզ տեսնել նաեւ այլ «դերում»…

– Հավանաբար նկատի ունեք՝ դասախոսի՞… Ոչ, դեռ վաղ է, ինքս կարիք ունեմ դասախոսների ու վարպետների:

– Նույնիսկ թատրոնի մարդիկ են զարմանում, որ ձեզ հանդիպում են միայն Պարոնյանի բեմում, մինչդեռ ձեր հասակակից գործընկերները «վազում» են թատրոնից թատրոն, տարբեր միջոցառումների, ձգտում են նկարահանվել սերիալներում:

– Ունեմ հիանալի ընկերներ, որոնք աշխատում են ձեր նշած գրաֆիկով: Ինչ վերաբերում է ինձ, գոնե այս պահին ինձ համար ոչ միայն առաջնայինը, այլեւ միակը եղել եւ մնում է թատրոնը: Մյուս կողմից՝ ժամանակի խնդիր էլ ունեմ…

– Ձեր տարեկիցներից ոմանք արդեն հասցրել են ներկայանալ արտասահմանյան բեմերում, միջազգային փառատոներում՝ թեկուզ մոնոներկայացումներով, մինչդեռ դուք մասնակցել եք միջազգային, բայց ընդամենը Շեքսպիրյան եւ «Թատերական Լոռի» հայաստանյան փառատոներին:

– Պատասխանեմ միայն մոնոներկայացումների «մասով». այդ ուղղությամբ մտածել եմ, բայց դեռ հստակ ոչինչ բարձրաձայնել չեմ կարող:

– Որպես երիտասարդ արվեստագետ ինչպե՞ս եք վերաբերվում երեւանյան պետական թատրոնների մասին օպտիմալացման լուրերին:

– Դա իմ որոշելիքը չէ, բայց ես կողմ չեմ նման նախաձեռնությանը:

– Խոսակցություն է շրջանառվում, թե օպտիմալացմանը հետեւելու է կենսաթոշակային տարիքի շեմը անցած դերասաններին վաստակած հանգստի ուղարկելը:

– Դա նույնպես իմ որոշելիքը չէ, բայց վաստակաշատ կոլեգաներս ոչ միայն ինձ, այլեւ սերնդակից գործընկերներիս իսկապես օգնում են, եւ ոչ միայն բեմում… Ավելին, նրանց ներկայությունն արդեն ուսուցանող է:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ,

26.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728